«ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՀԲԸՄ-Ն ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ԿՆՎԻՐԱԲԵՐԻ ՀՀ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼԻՆ

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանը և ՀՀ Պաշտպանության նախարարությունը նվիրաբերության պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալին կտրամադրի արհեստական շնչառության երկու համակարգ և դեֆիբրիլյատոր-մոնիտոր՝ հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրելու նպատակով: Նվիրաբերությունը ՀԲԸՄ «Օգնենք Արցախին» արշավի մաս է կազմում և իրականացվում է «Չերչյան ընտանիք» հիմնադրամի և ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի առատաձեռն աջակցության շնորհիվ:

«Կարողությունների զարգացումն ու պրոֆեսիոնալիզմը Հայաստանի Զինված ուժերի համար ագրեսիային դիմակայելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ նախապայմաններն են: Հպարտ ենք Պաշտպանության նախարարության հետ կիսել Հայաստանի պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ու առաջնորդների պատրաստմանն ուղղված պատասխանատվությունը: ՀԲԸՄ-ն կոչ է անում անհատ բարերարներին և կառույցներին՝ միանալու այս կարևոր առաքելությանը», ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

2012թ. ի վեր ՀԲԸՄ-ն աջակցում է նաև ՀՀ բանակի կարողությունների բարելավմանը՝ տրամադրելով կրթաթոշակներ ՊՆ կուրսանտներին և սպաներին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում առաջնորդության և անգլերեն լեզվի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով: Ավելի վաղ, ՀԲԸՄ-ն մեր բանակի նորընծա սպաներին տրամադրել է 1000 քինդլ՝ ավելի քան 160 անուն ներբեռնված գրականությամբ՝ ներառյալ մասնագիտական գրականություն:

2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո սկիզբ դրվեց ՀԲԸՄ-ի «Օգնենք Արցախին» արշավին՝ Հայաստանի և Արցախի բնակչությանն ու հայոց բանակին աջակցելու նպատակով: Անհապաղ և արդյունավետ բժշկական սպասարկում ապահովելու համար ՀԲԸՄ-ն ՀՀ ՊՆ նախարարությանը տրամադրել է նաև մի շարք անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ 2 շարժական թվային ռենտգեն սարք Երևանի և Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցների համար, 2000 հատ արյան հոսքը դադարեցնող բժշկական ամրալար և 2 շտապ օգնության անվասայլակ՝ համալրված վերակենդանացման համար անհրաժեշտ սարքավորումներով և հարմարեցված ուղղաթիռներում տեղադրման համար՝ ավելի արագ ու արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:

ՀԲԸՄ-ն նաև դրամական աջակցություն է ցուցաբերել պաշտպանական մարտերի ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը:

«Օգնենք Արցախին» արշավը շարունակվում է, և շուտով ՀԲԸՄ-ն կհայտարարի Արցախի Հանրապետությանը սատար կանգնելու իր նոր նախաձեռնությունների մասին: ՀԲԸՄ «Օգնենք Արցախին» արշավին միանալու համար, այցելե՛ք http://www.agbu.am/am/help-artsakh:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՀԲԸՄ-Ն ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ԿՆՎԻՐԱԲԵՐԻ ՀՀ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: