ՀԲԸՄ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՄԻԱՆՈՒՄ Է «ԴՈՒ Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» ՇԱՐԺՄԱՆԸ

ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղը, հայրենիքին օգտակար լինելու նպատակով, մոտ մեկ տարի առաջ միացավ ՀՀ Սփյուռքի նախարարության՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» կոչին: Ծրագրի շրջանակներում 10 համերգ է կազմակերպվել Հարավային Ամերիկայի տարբեր քաղաքներում՝ նպատակ ունենալով համերգների միջոցով տարածել հայկական մշակույթը, ինչպես նաև անցկացնել դրամավաք, որից գոյացած գումարներով ձեռք է բերվել 160 միավոր երաժշտական գործիքներ և արդեն իսկ հանձնվել ԼՂՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը, որոնք, ըստ անհրաժեշտության, պետք է տրամադրվեն սահմանամերձ գյուղերի երաժշտական հաստատություններին:

Այս նախաձեռնության եզրափակիչ համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Սեպտեմբերի 20-ին ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նաև ցուցահանդես «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» խորագրով:

«Այդ դրամով մենք կարողացանք երաժշտական գործիքներ գնել՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը միանալու նպատակով: Այսօր գրեթե 157 լարային, փողային նվագարաններ և հարվածային գործիքներ ենք բերել Հայաստան, որոնց մի մասը ԼՂՀ մշակույթի նախարարությունը սահմանամերձ գյուղեերի դպրոցներին պետք է նվիրի: Սա շատ լավ առիթ էր հայ մշակույթը և Արցախյան հարցը Հարավային Ամերիկայում տարածելու համար», նշեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանը:

Ձեռք բերված երեք դաշնամուրներից մեկն արդեն իսկ նվիրաբերվել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքին, մյուս երկուսը՝ Ստեփանակերտի N 4 մանկապարտեզին:

Արգենտինահայ խմբի հետ ժամանած երաժիշտ Գագիկ Գասպարյանի ընկալումներով մշակույթը ժողովրդին ծառայեցնելու և սփյուռքը հայրենիքին կապելու լավագույն միջոցն է: Գասպարյանը 21 տարի է բնակվում է Արգենտինայում, սակայն հայրենիքին օգտակար լինելու ցանկությունը մշտապես ուղեկցում է նրան: «Միակ բանն այն է, որ դրսում ապրող յուրաքանչյուր հայ պետք է մշակույթի միջոցով կապ պահպանի հայրենիքի հետ՝ միաժամանակ իր հաջողությունները կիսելով մայր հայրենիքի հետ», նշեց Գագիկ Գասպարյանը: Սեպտեմբերի 27-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Արգենտինահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ Արտուրո Կետիկյանի գլխավորությամբ:

Ողջունելով հայրենակիցներին արցախյան հողում՝ Նախագահը բարձր է գնահատել նրանց մասնակցությունը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը՝ այն համարելով հայրենասիրության օրինակելի դրսևորում:

Բակո Սահակյանն ընդգծել է նաև, որ արգենտինահայ համայնքը միշտ էլ ակտիվ դերակատարություն է ունեցել Արցախին աջակցելու գործում՝ համոզմունք հայտնելով, որ նման այցելությունները կնպաստեն Սփյուռքի այդ հատվածի և Արցախի միջև կապերի ամրապնդմանը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ