ՀԱՅԱՍՏԱՆԸ ՋԵՐՄՈՐԵՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՕՍԿԱՐԱԿԻՐ ՌԵԺԻՍՈՐ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԻՆ ԵՎ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ

Թերրի Ջորջը և Էրիկ Իսրայելյանը արժանացան Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ պատվո շքանշանի

Հայերը պատվեցին Խոստումը ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջին և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին, ովքեր սեպտեմբերի 21-ին ժամանել էին Երևան՝ մասնակցելու ֆիլմին և դրա հեղինակներին, այդ թվում՝ երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանին նվիրված հիշատակի միջոցառումներին:

Այցը սկսվեց ուրբաթ կեսօրին՝ մամուլի ասուլիսով: Ջորջը և Իսրայելյանը լուսաբանեցին ֆիլմի ստեղծման և տարածման հետ կապված հիմնական մարտահրավերները, ինչպես նաև դրա ուսուցողական ներգործությունը: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ժողովրդին և ՀԲԸՄ-ին, քանզի մեզ համար մեծագույն պատիվ է լինել Հայաստանում, հատկապես, ֆիլմի երկար ուղևորությունից հետո», - ասաց Իսրայելյանը: «Դա հնարավոր չէր լինի առանց երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նվիրումի, արիության, խիզախության և առատաձեռնության: Այս ամենը լիովին նրա տեսլականի և ավյունի արդյունքն է»:

Ոգեշնչված ֆիլմով և դրա երաժշտությամբ՝ ուրբաթ երեկոյան Երևանի օպերային թատրոնում անցկացվեց «Մեր խոստումը» երախտիքի երաժշտական միջոցառման պրեմիերան՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, փոփ-աստղերի և պարողների կատարմամբ: Տիգրան Պետրոսյանը շվեյցարացի երգչուհի Վերոնիկա Ստալդերի հետ միասին կատարեց «Սարի սիրուն յար» երգը, որը հատուկ ֆիլմի համար ձևավորվել և ձայնագրվել է Գրեմմի մրցանակակիր Սերժ Թանկյանի և Ստալդերի կողմից: Հայ փոփ-աստղերը, այդ թվում՝ Իվետա Մուկուչյանը, Տիգրան Պետրոսյանը և Նարինե Դովլաթյանը բեմ բարձրացան՝ իրենց հուզիչ մեկնաբանությամբ կատարելու «Խոստումը» ֆիլմի գլխավոր երգը, որը հեղինակել է երջանկահիշատակ Քրիս Քորնելը, ով խորապես հավատացած էր ֆիլմի սոցիալական ազդեցությանը: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Վարչապետ Կարեն Կարապետյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, օտարերկրյա դեսպաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցեցին միջոցառմանը:

Վերը նշվածից բացի, երկու հյուրերի համար խորհրդանշական էր շաբաթ առավոտյան Ծիծեռնակաբերդ կատարած այցը: Ջորջի խոսքով, այդ այցը ամփոփումն էր վերջին տարիներին գործադրված ջանքերի: «Այս այցը ամփոփում է այն ամենը, ինչի վրա աշխատել եմ վերջին չորս տարիների ընթացքում, և սրանով ընդգծեց, թե որն է իրական կինոն, որքան զորեղ կարող է լինել այն, ստիպեց վերհիշել կորսված կյանքերը և կատարված ահասարսուռ ոճիրը: Սա «Խոստումը» ֆիլմի ստեղծման ամենահուզական ակնթարթն է, ողջ նախագծի ամենակարևոր պահը», - ասաց Ջորջը:

Դրանից հետո ավելի քան 150 հոգի, այդ թվում՝ ռեժիսորներ և լրագրողներ, մասնակցեցին Թերրի Ջորջի և Էրիկ Իսրայելյանի կողմից անցկացվող երկժամյա վարպետաց դասին, որը հյուրընկալել էին ՀԲԸՄ Հայաստանը և «Ստեղծարար Հայաստան» մշակութային հասարակական նախաձեռնությունը: Ջորջը ներկայացրեց ֆիլմ ստեղծելու իր մոտեցումները: Ֆիլմի ստեղծման թեմայով Ջորջի առաջադրանքը հաղթահարած մասնակիցները, ովքեր 60 վայրկյան տևողությամբ տեսանյութերով մարդու իրավունքների թեմայով պատմություններ ներկայացրեցին, պարգևների արժանացան վարպետաց դասի ժամանակ:

Երևանի Գաֆեսճյան թանգարանում կազմակերպված մտերմիկ ընթրիքի ժամանակ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը Թերրի Ջորջին և Էրիկ Իսրայելյանին ներկայացրեց բազմանշանակ և հուզիչ մի ընծա՝ Երախտիքի մատյան: Հարավային Աֆրիկայից, Հորդանանից և Ավստրալիայից հայերն իրենց նամակներն ու երկտողերն էին հղել՝ կիսվելով ֆիլմի հետ կապված իրենց զգացումներով ու գնահատանքով: Խոստումը խորապես հուզեց բոլոր նրանց, ովքեր նկատեցին ցնցող նմանությունը իրենց նախնիների տառապանքների ու ֆիլմի հերոսների կյանքի միջև: Հյուրերին նաև ընծայվեց քանդակ՝ ֆիլմի հերոսներից լրագրող Քրիս Մայերսի (դերակատար՝ Քրիստիան Բեյլ) տեսախցիկի պատկերով, ով ասում էր. «Առանց լրագրողների հայերն այժմ գոյություն չէին ունենա»: Քանդակը խորհրդանշում է այն մեծ ծառայությունը, որ լրագրողներն ու այլոք մատուցել են Հայոց ցեղասպանության օրերին՝ փաստաթղթավորելով վայրագություններն ու ճշմարտությունը պատմելով աշխարհին:

«Այս մատյանը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր ոտքի ելան ու բարձրաձայնեցին մեր պատմությունը», - ասված է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի երախտագիտական նամակում: «Տաղանդաշատ պրոդյուսերական թիմը և դերասանները 77 օր շարունակ նկարահանել են պատկերների շարք, որը անմիջականորեն բխում է մեր համատեղ պատմությունից: Հայ ժողովրդի երախտագիտությունն անչափելի է, սակայն այստեղ մենք ձեզ համար ժողովել ենք աշխարհի տարբեր ծայերից գրված 77 նամակների ու երկտողերի խորհրդանշական հավաքածու՝ ցույց տալու համար, թե ձեր ջանքերը որքան են հուզել մեզ»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կիրակի տեղի ունեցած հանդիպումը նրանց ուղևորության մյուս կարևոր իրադարձություններից էր: Գնահատելով «Խոստումը» ֆիլմի նշանակալիությունը և այն ստեղծողների ահռելի ջանքերը՝ Նորին Սրբազնությունը Ջորջին և Իսրայելյանին շնորհեց Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ պատվո շքանշան՝ նշելով, որ քաջ պատկերացնում է հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը նկարագրող նման տպավորիչ շարժանկար ստեղծելու դժվարությունները:

Հյուրերը նաև ներկա գտնվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված կիրակնօրյա սուրբ պատարագին և հոգեհանգստյան կարգին՝ ի հիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս լուսահոգի Գարեգին Ա-ի, երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի և Քրիս Քորնելի:

«Խոստումը» ֆիլմը խոշոր պատմական դրամա է, որը սիրո հուզիչ պատմության միջոցով պատկերում է Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգներում և Կանադայում լայնորեն ցուցադրվելուց հետո «Խոստումը» շարունակում է ցուցադրվել աշխարհի կինոթատրոններում: Թողարկված լինելով լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից և հռչակավոր ռեժիսոր, Ակադեմիայի մրցանակակիր Թերրի Ջորջի գլխավորությամբ, «Խոստումը» ներկայանում է միջազգային աստեղային դերասանական կազմով, որոնց թվում են Օսկար Իսաակը, Քրիստիան Բեյլը, Շառլոթ Լը Բոնը, Շոհրե Աղդաշլուն և Անժելա Սարաֆյանը: Երաժշտության հեղինակը օսկարակիր կոմպոզիտոր Գեբրիել Յարեդն է՝ իր «Խոստումը» երգով, որի բառերը հեղինակել և երգը կատարել է երջանկահիշատակ Քրիս Քորնելը: Ֆիլմի ողջ հասույթն ուղղվել է տարբեր բարեգործական նպատակների՝ մարդու իրավունքների պաշտպանության շեշտադրումով:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՋԵՐՄՈՐԵՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՕՍԿԱՐԱԿԻՐ ՌԵԺԻՍՈՐ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԻՆ ԵՎ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: