«ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ». ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ

- Ծնունդդ շնորհավո˜ր, սիրելի Շաքե…

Առավոտը ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում սկսվում է տոնական տրամադրությամբ: «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները պատրաստվում են մեկնել Հաղարծին: Շաքեի համար ամենից հիշվող տարեդարձն է լինելու. - «Նախ հայրենիքում եմ, և հետո՝ այսքան շատ հայ ընկերների հետ եմ նշում տարեդարձս: Ավելի լավ չէի էլ կարող պատկերացնել»: Կանադահայ աղջնակը մաղթանքներ է ընդունում ու հրապարակավ ինքն իրեն կարևոր խոստում տալիս. - «Վերադառնալո՛ւ եմ, իհարկե վերադառնալու եմ հայրենիքում ապրելու: Դատավոր եմ ուզում դառնալ, լավ կսովորեմ ու կգամ այստեղ աշխատելու»:

Ավտոբուսն այս անգամ շարժվում է դեպի Տավուշ: Մինչ այդ ծրագրի մասնակից 15-ից 18 տարեկան պատանիներն ու աղջիկները բացահայտել են Երևանը, Էջմիածինն ու Տաթևը, Նորավանքում խաղողօրհնեք են նշել, Ներքին Բազմաբերդում «Ֆյուլեր» տնաշինական ընկերության հետ շինարարություն արել, Վանաձորի մանկատան երեխաներին են այցելել, իրենց հետ բերած նվերները տվել, Երևանում Հայորդաց տանը ազգային երգի ու պարի դասընթացների են մասնակցել… ամեն օրը, ամեն ժամը, ամեն րոպեն բացահայտել են, բացահայտել, բացահայտել…

«Եվ իրոք, հիմա փորձում եմ գիտակցել՝ ի վերջո, ի՞նչ տվեց մեզ այս երեք շաբաթը: Գտնված հայրենիք: Այո՛, մենք հայրենիք գտանք, և այդ հայրենիքը այս վայրերը, հողը, մարդիկ չեն միայն, հայրենիքը մեր մեջ էր, այստեղ՝ սրտի տակ և մտքում, պարզապես այն արթնացավ», - Թոմասն ասում է՝ վստահ է, որ նույն զգացողություներն ունեն ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի այս տարվա բոլոր 52 մասնակիցներն էլ: Թեպետ 10 տարբեր երկներից են, բոլորովին տարբեր ընտանիքներից ու միջավայրից, բայց հասկացան՝ Հայաստանում միասնություն են, նույն մշակույթը կրողն են, այն մշակույթին ու ազգին են պատկանում, որի մասին այդքան շատ կարդացել են, սովորել դպրոցում, լսել մեծ տատից ու պապից. - «Ինձ համար հատկապես տպավորիչ էր Ծիծեռնակաբերդը: Հուշահամալիրի մասին դպրոցում ավարտական զեկույց էի ներկայացրել, ամենալավն էր ճանաչվել: Բայց մի բան էր հեռվից ուսումնասիրելը, ուրիշներին պատմելը, մեկ այլ բան էր, երբ այդ ամենն անձամբ ես տեսնում, զգում… Նույն տխրության, բարկության, հպարտության, ուրախության միախառնված զգացողություններն ապրեցինք նաև Անիի ավերակները տեսնելիս: Գնացել էինք սահմանի այս կողմից նայելու: Այդ պահին ցեղասպանության մասին ընտանիքում շշուկով պատմված բոլոր պատմությունները այնքան բարձր հնչեցին գլխումս… »

Թոմասը լռում է, կողքին նստած Լուլու Թրոյերը փորձում է շարունակել նրա չարտաբերած բառերը: Գուցե իր մոտ ավելի լավ ստացվի. հայկական ծագումով աղջնակը գրող է ուզում դառնալ. - «Ցասում: Երևի այդ բառն է ճիշտ ասել»: Լուլուն աղմկոտ հասակակիցներից տարբերվում է խորունկ հայացքով: Գիրքը փակում է ու տիտղոսաթերթը ցույց տալիս, ֆեմինիզմի մասին non-fiction է կարդում ճանապարհին. - «Կանայք Հայաստանում շատ հարգված են: Նկատել եմ՝ ինչպես են հայ տղամարդիկ մեծարում կանանց ու աղջիկներին, հոգատար են, անհանգստանում են: Դա շատ լավ է, հասկանալի է, որ մենթալիտետի մի մաս է: Բայց այդ նույն մենթալիտետը հակառակ կողմն էլ ունի՝ տղամարդիկ երբեմն հրամայական են խոսում կանանց հետ: Ըստ իս՝ այստեղ կանայք պարտավորություններ ավելի շատ ունեն, քան իրավունքներ: Շատ կուզեի մեծանալ ու վերադառնալ հայաստանցի կանանց օգնելու իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Ահա, թե ինչպիսի կյանքի նպատակ տվեց ինձ «Բացահայտիր Հայաստանը»»:

- Իսկ ես պետք է մի քանի տարուց վերադառնամ՝ բանակում ծառայելու, - հետևի շարքից լսվում է շիկահեր ու գանգրահեր կանաչաչյա տղայի ձայնը: Դավիթն է: Հայաստանում է ծնվել, իրեն երևանցի է համարում: 8 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Կանադա մշտական բնակության. - «Պապան հոնքերը կիտում է, երբ բանակից եմ խոսում: Արցախյան պատերազմի մասնակից է: Հայաստանից մի փոքր նեղացած է հեռացել: Ուզում եմ հաշտեցնել հայրիկին հայրենիքի հետ: Դրա համար էր ինձ այս բացահայտումը պետք: Արցախով շրջելիս՝ Շուշին երբ տեսա, շունչս կտվեց: Ազատագրման օպերացիան քայլ առ քայլ գիտեմ, պապան է պատմել… Ես գալու եմ զինվորական ծառայության: Չէ, պե՛տք է անպայման հայրիկին համոզեմ, նույնիսկ գիտեմ՝ ինչ եմ ասելու… Ասելու եմ՝ պապ, օրինակ, ես էլ քեզ եմ չէ՞ հաճախ ջղայնացնում, ես էլ քեզնից եմ չէ՞ երբեմն նեղանում, երբ ինչ-որ բան արգելում ես, բայց մենք իրարից չենք հրաժարվում, չէ՞: Նույնն էլ հայրենիքն է. Հայաստանն էլ երեխա է, որին պետք է օգնել, խնամել, հոգ տանել, սիրել, ներել ի վերջո»: Դավիթն իր 11 համադասարանցիների հետ 8-րդ դասարանն ավարտել են ու ՀԲԸՄ օգնությամբ ուղևորվել՝ տարբեր երկրներից ևս 40 հայ հասակակիցների հետ «բացահայտելու Հայաստանը»:

- Հայ լինելը միայն հայերեն խոսելը չէ, հայերեն գրել-կարդալը չէ, գենետիկան չէ, ավելի խորը բան է, դեռ բառերով չեմ կարող սահմանում տալ - Նատաշա Արթոկունն է լրացնում Դավիթի խոսքը: Նույնպես Կանադայից է:

Ավտբուսը երերալով սլանում է Հայաստանի ճամփեքով, պատուհաններից արագ-արագ «փախչում են» բնապատկերները, բնակավայրերը հաջորդում են մեկը մյուսին, իսկ սփյուռքահայ այս պատանիները, որ 20 օր շարժման ու վազքի մեջ են եղել, կուտակել են տպավրություններ ու զգացողություններ, հիմա են կարծես գիտակցում՝ մյուս շաբաթվա այս նույն օրը հեռու են լինելու իրարից, այս հողից:

- Չէ, հաստա՛տ կկարոտենք, - պատասխանում են խմբով:

 - Ի՞նչը:

- Հերմինեի խստապահանջությունը, - ու պայթում է ծիծաղը ավտոբուսի ետնամասում: Միմյանց լավ հասկացան: Ճամբարային կարգապահությամբ օրերը դեռ երկար կհիշեն, շատ արկածների մասին էլ լեգենդներ կհյուսվեն: Ու այդպիսի պատմություններ մեկ տասնյակ տարուց ավելի է՝ ինչ կան, պատմվում են:

- Է՛լ սար եմ բարձրացել հետները, է՛լ վրանի տակ անտառում ենք գիշերել, մի տարի էլ Հադրութում ավանակով մեկ շաբաթ խմելու ջուր էինք կրում, մանկապարտեզ էինք այնտեղ նորոգում, - Հերմինե Դուզյանը 14 տարի է ՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի հիմնադիր տնօրենն է: Անսպառ համբերատարությամբ սփյուռքի հարյուրավոր երեխաների համար է այս տարիների ընթացքում բացահայտել հայրենիքը: «Սա ամենևին տուրիստական ծրագիր չէ», - արդեն Հաղարծին վանքում, երեխաների ճաշը կազմակերպելուց հետո շունչ քաշելով պատմում է նախանձելի եռանդով կինը, - «24-ժամյա աշխատանք է: Ամեն մի երեխայի համար ծնող ես: Երբ ժամանում են, մեծամասնությունը չգիտի՝ ինչ է տեսնելու, թեև մենք ծնողներին դեռ մայիսին ուղարկում ենք տուր-պլանը: Լավ կլիներ, որ երեխաների հետ աշխատանք տանեին, մի փոքր տեղեկացնեին այն վայրերի մասին, որ այցելելու են: Ինչ խոսք, մենք դա ամեն դեպքում անում ենք, իմ օգնական Անժելիկան, օրնակ, տեսաք՝ պատմեց Հաղարծինի մասին, խաչքարերի ստեղծման պատմությունը: Այդպես է եղել բոլոր վայրերում, ուր այցելել են»:

Այս տարի ծրագրում ներգավված էին 50-ից ավելի պատանիներ: 14 տարի առաջ Հերմինե Դուզյանը նախագիծը մեկնարկել էր ընդամենը 7 մասնակիցներով: Հաջորդ տարի «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակցելու հայտ էին ներկայացրել նախորդ տարվա մասնակիցների քույրերն ու եղբայրները, ընկերներն ու բարեկամները: Այդպես՝ տարեց տարի Հերմինեի խստապահանջությունն ու հոգատարությունը զգացել ու վայելել են սերունդներ: Ու ամեն անգամ ծրագրի հիմնադիրը նկատում է՝ «Բացահայտիր» բառն այլ է մասնակից երեխաների աչքերում ժամանելիս, և բոլորովին այլ նշանակություն ունի արդեն մեկնելիս: «Մենք միայն ցույց չենք տալիս, նախ կրթում ենք՝ ոչ թե լոկ պատմական տեղեկություններ հրամցնելով, քա՛վ լիցի, դրանք կարող են համացանցից էլ իմանալ, այլ սովորեցնում ենք օգնել, հոգատար լինել, բարի գործ անել, - ասում է Հերմինեն, - «Այս տարի նշեցինք «Ֆյուլերի» հետ գործակցության տասնամյակը: Երեխաները մասնակցեցին Ներքին Բազմաբերդում կարիքավոր մի ընտանիքի համար կառուցվող տան շինարարությանը: Այցելեցինք Վանաձորի մանկատուն… Ու երբ հարցնում եմ՝ որն էր այս օրերից ամենատպավորիչը, բոլորը նշում են, որ շինարարական օրերն ու նաև մանկատուն այցը: Թվում է՝ փոքր են, պետք է, որ շատ թեթև նայեն, շատ բան չգիտակցեն: Բայց հասկանում են: Զարմանալի է, իրականում շատ ուժեղ են»:

5 տասնյակից ավելի պատանիների ու աղջնակների խումբը շարժվում է դեպի սահմանամերձ Սարգիյուղ համայնք: Այնտեղ Հերմինեի համակարգության տակ գործող ՀԲԸՄ մեկ այլ՝ «Հայաստան. կյանքի երկիր» ծրագրի 30 երիտասարդներն են սպասում: Նրանք իրենց միջոցներով մասնակի նորոգել են գյուղի դպրոցը: Ու վերջում ավագների արած գործով էլ «Բացահայտիր Հայաստանի» մասնակիցները բացահայտում են մարդ լինելու արվեստի գաղտնիքները:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ». ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: