POUR ARMÉNIE, TERRE DE VIE, ALLEZ, ALLEZ, ALLEZ!

- Ցուցանա՜կը: Տեսա՞ք ցուցանակը:

Ավտոբուսում աշխուժություն է սկսվում: Կանաչ տառերով մեծ ցուցանակն ուղորդում է դեպի «Հայաստան. կյանքի երկիր»: Երևանից 155կմ. հեռու է գտնվում Տավուշի մարզի Սարիգյուղ սահմանամերձ համայնքը:

- Մեր երիտասարդներն են պատրաստել այդ ցուցանակը: Ճանապարհին ևս երկու տեղում կա

– ասում է Հերմինեն: Մի քանի րոպե էլ և Սարգիգյուղի դպրոցի մուտքի մոտ ենք: Եվ նորից ցուցանակը. “Arménie, Terre de Vie 2017″: Դիմավորում են նույն գրությամբ շապիկներով երկու երիտասարդներ: Հերմինեին գրկում ու ողջունում են այնպես, կարծես հարազատ մորն են հանդիպել: Վերաբերմունքը փոխադարձ է: Ավտոբուսից իջած հինգ տասնյակ պատանիները զարմացած հայացքներով շուրջն են ուսումնասիրում: «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներն են: Հերմինե Դուզյանի համակարգության տակ գտնվող ՀԲԸՄ մեկ այլ ծրագիր է: Եկել են մասնակցելու «Հայաստան. կյանքի երկրի» ավարտական շնորհանդեսին: Դպրոցի բակում արդեն այլ տեսարան է:

- Հապա թարթիչներիդ նայիր: Ամբողջովին ներկվել ես, Լեռնա:

- Վայ, Րաֆֆի իսկ դո՞ւ ինչու ես մաքուր տեսքով:

- Ալեքս, քանի՞ աղջիկ է քեզ սիրահրավել, խոստովանիր:

Նրանք բոլորն այստեղ կարծես հոլիվուդյան աստղեր լինեն: Նրանք 30-ն են: Մեծամասնությունը Ֆրանսիայից, մեծ մասը՝ հայկական ծագմամբ: Միայն 4 են օտարազգի: Բայց ո՞վ է հայ, ո՞վ եվրոպացի, այստեղ ու հիմա կարևոր չէ. բոլորն առժամանակ սարիգյուղացի են:

- Հա, իրոք, այդպես է: Գիտեք՝ հե՞շտ բան է: Սովորել ենք տեղացիների պես հոգալ բնական կարիքները, - կատակելով պատմում է բոլորից ավելի հայկական արտաքինով ֆրանսիացի Ռալֆ Հիլոուն: Լիբանանցի է, Ֆրանսիայում է ծնվել, մեծացել: - Երևի հայերի հետ շատ եմ շփվել, դրա՞ համար էլ հայի տեսք ունեմ, - ասում է Ռալֆը, սելֆի անում իրեն մոտեցած սարիգյուղացի փոքրիկի հետ ու շարունակում պատմել, - Կենցաղային պայմաններն իսկապես կատաստրոֆիկ վատ են: Մեզ՝ եվրոպացիներիս համար պատկերացրեք որքան դժվար էր: Հիմա կարող ենք նույնիսկ մաստեր-կլաս անցկացնել՝ ինչպես գյուղական պայմաններում օգտվել զուգարանից կամ լոգանք ընդունել (ծիծաղում ենք)… Բայց այդ ամենը ի՞նչ է այն բարության ու մարդկային վերաբերմունքի հանդեպ, որ տվել են մեզ տեղացիները: Չգիտեմ էլ մենք ենք իրենց օգնել, թե նրանք՝ մեզ:

Ռալֆը երկու տարի առաջ էլ ՀԲԸՄ «Հայաստան. կյանքի երկրի» երիտասարդների հետ մեկ այլ համայքնում էին դպրոց նորոգում: Երկու տարի հետո էլ կգա: Ասում է՝ հավանաբար արդեն հայուհի կնոջ հետ: Ընտրյալն արդեն կա:

- Երկու տարին ինչպե՞ս անցավ: Անկեղծ՝ չհասկացա, - ասում է Սիմոնը, կամ ինչպես հայկակական շրջապատում են նրան անվանում՝ Ազատը ու կանգնում նորոգված դասասենյակի դռան մոտ փակցված իր անվանական. «Ազատ Լանտրէ դասասենյակ» գրությամբ ցուցանակի տակ նկարվելու: Սիմոնն երկու տարի առաջ կատարեց կյանքի կարևոր քայլերից մեկը՝ կնքվեց հայկական եկեղեցում ու ընտրեց հայկական անուն՝ Ազատ. - «Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ գլխավորն է եղել այն, թե ինչ եմ ե՛ս ուզում, ինչն է ի՛նձ երջանկացնում: Այնպես, որ ծնողներիս համար զարմանալի ու տարօրինակ բան չկար, որ ցանկացա ունենալ հայկական անուն, կնքնվել առաքելական եկեղեցում: Հիմա մեր նորոգած այս դասասենյակներում սովորելու են Սարիգյուղի 1-ինից 4-րդ դասարանցիները: Ու ես շատ կուզեի, որ օրինակ իմ անվան դասարանում փոքրիկները սովորեին կյանքում գլխավորը՝ երբեք ներքին ազատությունը չկորցնելու արվեստը»:

Սարիգյուղի միջնակարգ դպրոցը 202 աշակերտ ունի: Երեք մասնաշենքով կրթօջախի մի մասնաբաժից է գալսի թարմ ներկի հոտը: Մինչև Հայաստան կհասնեին ՀԲԸՄ երիտասարդները Ֆրանսիայում դրամահավաք են կազմակեպել, գնել անհրաժեշտ շինարարական նյութերն ու որոշել ամռան 3 շաբաթը իմաստավորել թե՛ իրենց, և թե՛ Սարիգյուղի բնկիչների համար:

Ամեն ինչ սկսվել էր 2011-ին: Րաֆֆի Տեր Հակոբյանը փոքրուց մասնակցել է ՀԲԸՄ Ֆրանսիայի ամառային ճամբարին, եղել է «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի առաջին մասնակիցներից, որի ավարտից հետո Րաֆֆիի մոտ միտք է ծագում՝ վերամիավորել ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շրջանավարտներին: Այդպես ծնվում է «Հայաստան, կյանքի երկիր» նախագիծը: Նախաձեռնության մասնակից հայ երիտասարդները երկու տարին մեկ հավաքվում են հայրենի հողում որևէ սոցիալական ծրագիր իրագործելու նպատակով: «Հայաստան, կյանքի երկիր» ծրագիրն այսօր ընդլայվել է և իր շարքերում ներառում է նաև օտարազգիների, որոնցից շատերի համար Հայաստանը դարձել է երկրորդ հայրենիքը։

Այս տարի ծրագրի պատասխանատուներն էին Լեռնա Բաղջյանն ու Մելինե Իգնաթևոսյանը: Նրանց իրենց փորձառությամբ օգնում էին նախորդ տարիների պատասխանատուներ Տիգրիս Դեմիրն ու Ազատ Լանդրեն։

- Ախր կկարոտենք ձեզ է, այ երեխեք, - տիկին Անահիտը գրկում է մեկ Ալեքսին,, մեկ Կարինին, մեկ Սիմոնին է ասում՝ որտեղ է այսինչ բանը, մեկ Արաքսն է՝ ինչ-որ խնդրանքով դիմում: Տիկին Անահիտի համեստ քոթեջներում են ապրել առաջին երկու շաբաթը: Հետո խմբերով տեղավորվել Սարիգյուղի ընտանիքներում:

- Ընկեր Աստղիկ, ընկեր Արաքս, ընկեր Մելինե, ընկեր Լեռնա…, - այսպես 30-ն էլ ընկեր ու հարազատ են դարձել մեծի ու փոքրի համար հավասար: Վերջին օրը դեռ չի ավարտվել բայց օդում կարոտ է խտացած: Ճամպրուկները հավաքելու փոխարեն նրանք լայն բացում են դրանք: Նվերներ են: Դպրոցականների համար գրենական պիտույքներ, նաև հագուստ են բերել իրենց հետ Ֆրանսիայից: Եվ այդ նվիրատվությունն այքան նրբանկատորեն են կազմակերպել, որ ոչ բնակիչները վատ զգան, ոչ էլ իրենք:

- Օգնություն չէ: Շնորհակալության ժեստ է ուղղակի: Ամենաչնչին բանն է, որ կարող էինք անել այն ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքի դիմաց, որ տվել են մեզ այս մարդիկ, - Աստղիկը մյուսներից համեմատաբար ավելի լավ է հայերեն խոսում, ակամայից թարգմանչի դերն էլ է ստանձնել, - Զարմանալի է՝ այսքան հոգսի ու կարիքի հետ մեկտեղ ինչպես են այս մարդիկ ամեն օր ժպտում ու մի բան էլ՝ ժպտեցնում: Իսկապես, որ կյանքի՛ երկիր է Հայաստանը:

– Տավուշը նախ պատահակա՛ն ընտրվախծ տեղ չէ, և հետո՝ սովորակա՛ն տեղ չէ, - Սարիգյուղի դպրոցի նորոգված մասնաշենքում տնօրհնեքի արարողությունն ավարտելուց հետո տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պատմում է “Arménie, Terre de Vie 2017″-ի նախաձեռնող խմբի անդամների հետ ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպման մասին, - Ապրիլ ամիսն էր, երբ Հերմինեն, Րաֆֆին, Մելինեն, Լեռնան, Սիմոնը, Տիգրիսը և Մաթևոսը եկան Իջևան, զրուցեցինք երկար, շրջեցինք այս վայրերով: Հետո էլ աշխարհի ամենալավ սրճարանում՝ «էքստիմ կաֆեում» լճի մոտ թշնամու հենակետերը դիտելով սուրճ խմեցինք (խմբ.՝ Բերքաբեր համայնք): Ամիսներ առաջ տեսնեիք այս դասասենյակները, չէիք հավատա, որ այս տեսքը կարող են ունենալ: Իսկապես հերոսական ջանքերով երիտասարդները կարողացան վերափոխել: Եվ ես միայն շենք չեմ վերափոխված տեսնում, այստեղ ոգի՛ եմ տեսնում վերափոխված»:

- Խոստանո՞ւմ ես, լավ կսովորես, չէ՞, - Վահագնը դրական պատասխան է տալիս, նաև խոստանում, որ կհետևի` նորոգված դասարանները մաքուր կպահեն: 8-ամյա տղան ձեռքը պարզում է ու տղամարդկային լրջությամբ սեղմում է Ազատի ձեռքը: Ստամբուլահայ երիտասարդը ժպտում է, փոքրիկին ասում՝կե՛ցցես, - ա՛յ սրա համար արժեր քրտնաջան աշխատել, ինչ-ինչ կենցաղային դժվարություններ ունենալ ու վերջում երեխաների հիացական աչքերը տեսնելով, հավատալ, որը կյանքն այդքան էլ գորշ չէ, ինչպես այստեղի նախկինում ավերակ, փոշոտ դասարաններն էին, որ կյանքում գույներ կան, մարդկայի՛ն գույներ:

- Pour Sarigyugh, allez, allez, allez!, - ֆրանսիական կենաց է պայթում դպրոցի բակում, պլաստմասե բաժակները բարձրացնում են, երգում ու խմում իրենց կյանքի ամենակարևոր 3 շաբաթվա համար, նկարվում խմբով՝ տնօրեն, գյուղապետ, ուսուցիչ ու աշակերտ, հետո՝ միասին, հետո՝ առանձին-առանձին: Միմյանց խոստանում են կապի մեջ լինել, հաճախ գրել, զանգել:

- Եկեք, միայն թե նորից եկեք, - Սարիգյուղի լեգենդար ծառի տակ արդեն գյուղի տղամարդիկ խորովածի սեղան են բացել ՀԲԸՄ երկու ծրագրերի պատանիների ու երիտասարդների համար: Հայաաստանի հայտնի հազարամյա չինարի ծառի տակ, սահմանից մի քանի կիլոմետր հեռու, երեկոյան մեղմ հովվում չափազանց խորհրդավոր ու խորիմաստ է հնչում Սարիգյուղում արդեն պոպուլյար դարձած ֆրանսիական կենացը.

- Pour Arménie, terre de vie, allez, allez, allez!

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ POUR ARMÉNIE, TERRE DE VIE, ALLEZ, ALLEZ, ALLEZ!

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: