«ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԸ և ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Շաբաթ օրը՝ Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի տոնակատարությունից երկու օր անց, «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը խորհրդանշական և հուզիչ այց կատարեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: «Խոստումը» ֆիլմին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով հինգշաբթի Երևան ժամանած Իսրայելյանին և Ջորջին հուշահամալիրում ուղեկցում էին ՀԲԸՄ վարչության անդամները և այլ հյուրեր:

Ծիծեռնակաբերդ այցը իսկապես նշանավոր իրադարձություն էր Թերրի Ջորջի համար: Երբևէ չերկնչելով բարձրաձայնել ցեղասպանությունների դեմ, նա դրանց սարսափները նկարագրել է «Ռուանդա հյուրանոցը» և «Խոստումը» ֆիլմերում: «Այս այցը ամփոփում է այն ամենը, ինչի վրա աշխատել եմ վերջին չորս տարիներին: Այս այցով ընդգծվեց, թե որն է իրական կինոն, որքան զորեղ կարող է լինել այն, ստիպեց վերհիշել կորսված կյանքերը և կատարված ահասարսուռ ոճիրը: Սա «Խոստումը» ֆիլմի ստեղծման ամենահուզական ակնթարթն է, ողջ նախագծի ամենակարևոր պահը», - ասաց Ջորջը:

Ջորջը և Իսրայելյանը լռության րոպեով հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ: Նրանք նաև ծառ տնկեցին Հիշատակի ծառուղում՝ պատվելով հիշատակը երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի ՝ լեգենդար մարդու, ով անխոնջ գործունեություն ծավալեց «Խոստումը» ֆիլմը մեծ էկրաններ հանելու համար: Հյուրերը նաև շրջեցին Ցեղասպանության թանգարանում:

«Այս ծառը խորհրդանշում է Հայոց պատմությունը աշխարհին հասցնելու հավերժական գործը: Քըրք Քըրքորյանը ցանեց սերմերը, իսկ Թերրին, Մայք Մեդավոյը և ես պատիվ ունեցանք համատեղ աշխատելու մեր աներևակայելի դերասանական խմբի և անձնակազմի հետ, որպեսզի այդ պատմությունը ներկայացվի լայն հանրությանը: Մենք պետք է թույլ չտանք, որպեսզի աշխարհը մոռանա մեր անցյալը, և պետք է միասին առաջ շարժվենք՝ օգնելով դրա կարիքն ունեցողներին: Քըրք Քըրքորյանի ղեկավարությամբ մենք իրականացրել ենք ֆիլմի հետ կապված նրա ցանկությունները: Այսօր մենք պատվում ենք նրա կյանքի ուղին, ինչպես նաև այն մարդկանց կյանքերը, որ կորսվեցին հարյուր տարի առաջ», - ասաց «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Իսրայելյանը:

Ուրբաթ օրը նրանք զրուցեցին տեղացի լրագրողների հետ և ներկա գտնվեցին «Մեր խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերային՝ ոգեշնչված «Խոստումը» ֆիլմից և ստեղծված՝ վերջինիս մոտիվներով, որի առաջնախաղը կայացավ Երևանի օպերային թատրոնում: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Վարչապետ Կարեն Կարապետյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, օտարերկրյա դեսպաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա գտնվեցին ներկայացմանը:

«Ողջ աշխարհի հայությունը առաջին անգամ հոլիվուդյան լայնամասշտաբ ֆիլմով դիտեց իր նշանավոր անցյալը: Դժվար է արտահայտել մեր անսահման երախտագիտությունը երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի և բոլոր նրանց ջանքերի համար, ովքեր անխոնջ աջակցել են այս պատմությունը ներկայացնելու գործին, հատկապես՝ մեր հյուրեր Թերրիին, Էրիկին և նրանց հետ աշխատած մյուս պրոդյուսերներին: Նրանք անթիվ-անհամար մարտահրավերների են բախվել տարիների ընթացքում և կարողացել են հաղթահարել դրանք՝ ի հեճուկս բոլոր խոչընդոտների: Մեզ համար պատիվ է՝ ֆիլմին նվիրել այս միջոցառումները, այդ թվում՝ Երևանի օպերային թատրոնում այսօրվա ներկայացումը՝ հայաստանցի բազմաթիվ տաղանդների մասնակցությամբ», - ասաց Պերճ Սեդրակյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ «ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԸ և ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: