400-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԲԸՄ FOCUS 2017 ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Բիենալեի ընթացքում հանգանակվել է շուրջ $100,000՝ ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի համար

Հեռավոր Ավստրալիայից, Բրազիլիայից, Թաիլանդից և այլ վայրերից ժամանած երիտասարդ մասնագետները եկել էին մասնակցելու օգոստոսի 2-ից 6-ը Բեյրութում անցկացվելիք ՀԲԸՄ FOCUS 2017 միջոցառմանը: Տասնվեց տարի առաջ ձևավորված ավանդույթին հավատարիմ՝ 400 հյուրերը միավորվել էին՝ փորձի և գիտելիքների նշանակալի փոխանակման միջոցով ընդլայնելու իրենց համագործակցային ցանցը, միաժամանակ բացահայտելով Լիբանանի բազմամշակույթ մայրաքաղաքը և մասնակցելով մի շարք մշակութային և սոցիալական միջոցառումների:

Այս տարի, ի լրումն ՀԲԸՄ FOCUS-ի ժամանակ կազմակերպվող սիրված միջոցառումների շարքի, հյուրերը հրավիրվեցին միանալու հատուկ զբոսանքին և Բեյրութի յուրօրինակ տեսարժան վայրեր այցելություններին. Ջայիտտա անձավ (Jeitta Grottoes), Բիբլոս քաղաք (Byblos city), Ճիպեյլի շուկաներե (Jbeil souks) և Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիկեան» թանգարան՝ տեղակայված «Թռչնոց Բույն» որբանոցում: Թանգարան այցելությունն առանձնապես հիշարժան էր, քանի որ այցելուներից շատերը հայտնվեցին այնտեղ, ուր իրենց նախնիները ապաստան էին գտել, և ձեռք բերեցին FOCUS-ի հյուրերից ոմանց ներկայացրած համայնքներին մերվելու հմտություններ: «Մենք անհամբերությամբ սպասում էինք ողջունելու հյուրերին մեր քաղաքում, որը շատ հույզեր ու պատմություն, ինչպես նաև հայկականություն է կրում իր մեջ: Լիբանանյան ավանդույթները, մշակույթն ու հյուրընկալությունը յուրահատուկ մասնիկ ավելացրեցին մեր ազատ ժամանակին: Սկզբից ևեթ մենք ներկայացրեցինք իրապես բազմաբովանդակ լիբանանա-հայկական փորձը՝ սկսած տեղական ուտեստներից մինչև երաժշտություն և միջավայր», - ասաց ՀԲԸՄ FOCUS 2017-ի համակարգող Նատաշա Կյոշկերյանը:

ՀԲԸՄ FOCUS-ը պաշտոնապես մեկնարկեց Բաքուրայում՝ Բեյրութի «Թվային աշխարհ» թաղամասում անցկացված «Հեռանկարներ» խորագրով անվանական միջոցառմամբ և լիագումար քննարկումներով: Երեկոյի ընթացքում իրենց մտորումները ներկայացրեցին մասնագետ գործընկերները, ովքեր բեկում են մտցրել իրենց ասպարեզում՝ գործունեության իրենց ոլորտներում ռիսկի դիմելու և հարմարավետության գոտուց հաճախակի դուրս գալու գնով: Լիբանանի ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների նախկին ղեկավար Սարինե Կարաջերջյանը վարեց քննարկումը, որին մասնակցում էին ճարտարագետ Սևակ Բաբիկյանը, նորաձևության դիզայներ Սառա Հերմեսը, մասնագիտությամբ փաստաբան, սակայն ձեռնարկատիրությամբ զբաղվող Ստեփան Պետրոսյանը և տեխնոլոգիական գիտաշխատող և ստարտափի հիմնադիր Աննա Վարդապետյանցը: Թեև քննարկման մասնակիցների ասպարեզներն ու անցած ուղին տարբեր էին, նրանցից յուրաքանչյուրի խոսքում առկա էր սոցիալական պատասխանատվության հիմնարար թեման: «Մեկն ինչ-որ առիթով ինձ ասել է, որ գեղեցիկն ու արդարը կարելի է գտնել յուրաքանչյուրի մեջ, և այդ պնդումն արձագանքվել է ամբողջ էությանս մեջ, և դրդել ինձ ձեռնարկելու «Բեյրութի ստեղծարար հարթակը», որի նպատակըդիզայներական կրթությունը հասանելի դարձնեն է արարելու մղում և ջիղ ունեցող բոլոր ուսանողներին՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակից», - ասաց դիզայնի դպրոցի համահիմնադիր Սառա Հերմեսը:

Երկխոսությունը շարունակվեց հաջորդ օրը՝ FOCUS-ի շնորհանդես-համաժողովի ժամանակ, որտեղ նորաթուխ առաջնորդներն ու գործունեություն ծավալող երիտասարդ մասնագետները տեղեկացան, թե տեղում ծնված գաղափարներն ինչպես են վերածվում անվանական ծրագրերի՝ ՀԲԸՄ գործունեության տիրույթի շրջանակներում: Ձևավորվելով որպես գաղափարների ամբողջություն, ՀԲԸՄ-ը տասնամյակներ շարունակ հանդես է եկել որպես նոր նախաձեռնությունների ինկուբատոր: Մասնակիցներին նաև առաջարկվեց դիտարկել արդեն իսկ մեկնարկած և ծավալվող երկու ծրագրեր, որոնց նպատակն է ապահովել համայնքների ներգրավումը միջազգային մակարդակում: Մտագրոհներն ու աշխատաժողովները մասնակիցների համար ապահովեցին բարենպաստ միջավայր, որպեսզի վերջիններս ներկայացնեն իրենց նկատառումներն ու համագործակցաբար քննարկեն նոր ծրագրային գաղափարներ: «Առանձնահատուկ պատիվ էր հյուրընկալել առաջին FOCUS համաժողովը և համագործակցել ՀԲԸՄ ղեկավարության ներքո: Օրվա ընթացքում ակներև էր միատեսակ մտածողությամբ երիտասարդների մղումը, ովքեր միմյանց հետ կիսեցին իրենց մտորումներն ու քաջալերեցին միմյանց՝ ձեռնարկելու քայլեր, որպեսզի իրենց համայնքները մնան ասպարեզում և ունենան իրենց ներդրումը», - նշեց ՀԲԸՄ FOCUS 2017-ի համանախագահ Նաթալի Փիրանյանը: Օրն ամփոփվեց արտադրողների համագործակցային ցանցեր ձևավորելու հնարավորությամբ՝ նախքան FOCUS-ի այնքան սիրված ակումբային գիշերը, որն անցկացվեց B018 կոչվող ակումբում: Համաշխարհային անուն ունեցող ճարտարապետ Բերնարդ Խուրիի դիզայներական աշխատանքի շնորհիվ նախկինում որպես ապաստարան ծառայած տարածքը վերածվել է բացօթյա գիշերային ակումբի:

Շաբաթ օրը՝ Խուրիի ճարտարապետությանն անմիջականորեն ծանոթանալուց հետո, տպավորիչ Սուրսոքի թանգարանում կայացած FOCUS on Art (FOCUS-ը՝ արվեստին) միջոցառման հյուրերը ներկա գտնվեցին նրա հատուկ պրեզենտացիային: Անդրադառնալով քաղաքի ճկունությանն ու իր դիզայնի ընթացքին ու գաղափարախոսությանը, Խուրին նշեց, որ մորական կողմից հայկական իր արմատները մշտապես տեղ են ունեցել իր մտքում: Խուրին, ով անջնջելի հետք է թողել Բեյրութի համայնապատկերի վրա և նրա ձեռքի գործն է Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիզայնը, հայրենիքում մի քանի ընթացիկ նախագծեր ունի: «Մեծագույն հաճույք է Բեյրութի կառույցների ու տարածքի ոգին, դրանց արժանիքներն ու թերությունները բացահայտելը Բերնարդ Խուրիի ճարտարապետական պատմությունների միջոցով», - նշեց Ստեփան Խզրթյանը, ով ժամանել էր Կալիֆոռնիայի Արկադիա քաղաքից:

Շաբաթավերջի կիզակետը ՀԲԸՄ FOCUS-ի գալա միջոցառումն էր, որը տեղի ունեցավ The Legend վայրում՝ տեղակայված հնագույն Փռյուգիա գետի ափին: Տպավորիչ ժամանցը ներառում էր ՀԲԸՄ Արին պարախմբի կատարումից մինչև հրավառություն և անվերջ պարեր: Գիշերն սկսվեց ուղերձից՝ նվիրված ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրին, որը FOCUS-ի հանգանակության նախորոշված շահառուն է: 1923 թվականից ի վեր ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագիրը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել տասնյակ հազարավոր ուսանողների, ովքեր ձգտում էին բարձրագույն կրթություն ստանալ աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններում: ՀԲԸՄ FOCUS 2017-ի կազմակերպիչներ Նատաշա Կյոշկերյանը և Նաթալի Փիրանյանը դիմեցին հյուրերին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի տևական ազդեցության վրա: Հանգանակության քարոզարշավի արդյունքում, որը շարունակվեց մինչև FOCUS-ի շաբաթավերջ, հանգանակվեց շուրջ $100,000՝ հավաստելով, որ նվիրաբերելու ոգին դեռևս առկա է և լավ հիմքեր ունի երիտասարդ մասնագետների ներկայիս սերնդի մոտ:

Որպես ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի շահառու, նորաձևության դիզայներ Էդդի Անեմյանը՝ Ֆրանսիայի Սեն Շամոնդ բնակավայրից, կիսեց իր փորձը և երախտագիտությունը հայտնեց ՀԲԸՄ-ին և վերջինիս նվիրատուներին: Անեմյանը, ով 24 տարեկանում արժանացել է H&M Design Award 2014 ցանկալի մրցանակին և ում հավաքածուն՝ պատրաստված ընկերության պատվերով, ամբողջովին վաճառվել էր վաճառքի հանելու առաջին իսկ ժամերի ընթացքում, ներկայացրեց իր անհավատալի պատմությունը՝ սկսած փոքր քաղաքում անցկացրած մանկությունից ու պատանեկությունից մինչև Շանզելիզեի ցուցափեղկերը: «ՀԲԸՄ կրթաթոշակը չափազանց օգտակար էր, քանզի այն ինձ թույլ տվեց լիովին խորամուխ լինել ստեղծարար գործունեության մեջ առանց ֆինանսական բեռը թեթևացնելու մասին մտածելու: Ստեղծարար գործունեությունը հաճախ բավականին հոգնեցուցիչ է, երբեմն՝ անհաղթահարելի, սակայն ՀԲԸՄ աջակցությունը ինձ տվեց առաջ շարժվելու և երազանքիս հասնելու համար այնքան անհրաժեշտ քաջալերանքը: », - ասաց Անեմյանը:

Երեք լեզվով դիմելով հավաքվածներին՝ ՀԲԸՄ Լիբանանի Շրջանային հանձնաժողովի անդամ Գարի Նազարյանը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ Լիբանանի գրասենյակին, Նյու Յորքի կենտրոնական գրասենյակին և կազմկոմիտեին՝ իրենց աննկատ, սակայն անխոնջ ջանքերի համար: Իր հուզիչ խոսքում նա հայտարարեց ՀԲԸՄ երիտասարդ մասնագետ նորարարների Նուբար Նազարյան հիմնադրամի ստեղծման մասին, որը տարեկան $10,000 կհատկացնի ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների ցանցի միջոցով նախաձեռնված ստարտափ ծրագրերի ֆինանսավորման համար: «Նուբար Նազարյանը ջանք է գործադրել իր կենդանության օրոք ՀԲԸՄ երիտասարդական միջոցառումների բարգավաճումն ապահովելու համար, և այս հիմնադրամը ստեղծվում է նրա և առաջնորդների իր սերնդի կողմից տասնամյակներ առաջ դրված հիմքերի վրա», - նշեց նա:

Շաբաթ-կիրակին ավարտվեց Բեյրութ Ուոթերֆրոնթ (Beirut Waterfront) համերգային համալիրում տրված հրաժեշտի ճաշկերույթով: FOCUS-ին հաջորդող շաբաթների ընթացքում մասնագիտական և անձնական կապերը կշարունակվեն հաստատվել և նոր գաղափարներ կորոնվեն՝ ի վկայություն այն ներգործության, որն ունի FOCUS-ըողջ աշխարհի հայությանը միավորելու գործում:

Նյու Յորքում 2001 թվականի նորամուտից հետո ՀԲԸՄ FOCUS-ը աչքի է ընկել որպես աշխարհի հայ երիտասարդ մասնագետներին միավորող յուրօրինակ ցանց: Այն մեկնարկել է որպես տարեդարձի տոնակատարություն, սակայն այժմ հանդիսանում է երկու տարին մեկ անգամ կազմակերպվող հիանալի ավանդույթ, որը երիտասարդ մասնագետներին հնարավորություն է ընձեռում կապ հաստատելու հարյուրավոր տարեկիցների հետ՝ միաժամանակ ընդգծելով սերունդների վրա ՀԲԸՄ ծրագրերի դրական ազդեցությունը: Վերջին 14 տարիներին ՀԲԸՄ FOCUS-ը միավորել է շուրջ 3,000 երիտասարդների՝ յոթ տարբեր քաղաքներում. Նյու Յորք Սիթի (2001թ., 2007թ.), Մոնրեալ (2003թ.), Մայամի (2005թ.), Չիկագո (2009թ.), Փարիզ (2011թ.), Սան Ֆրանցիսկո (2013թ.), Տորոնտո (2015թ.) և այժմ արդեն՝ Բեյրութ (2017թ.):

ՀԲԸՄ Focus-ի մասին հավելյալ տեղեկությունների համար տես www.agbufocus.org կայքէջը.
ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար տես www.agbu-scholarship.org կայքէջը.

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ 400-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԲԸՄ FOCUS 2017 ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: