ՀԱԼԵՊԻ ՇՈՒՆՉԸ ՀԲԸՄ «ՔԼՈՏԻԱ ՆԱԶԱՐԵԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Սոցիալական դժվարությունները հանգեցնում են առողջական խնդիրների

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Քլոտիա Նազարեան» բժշկական կենտրոնում, որտեղ այս տարվա ապրիլից բժշկական խորհրդատվական անվճար ծառայություններ են ստանում բազմաթիվ սիրիահայեր, գործում են ակնաբուժական, գինեկոլոգիական, սրտաբանական ու մանկաբուժական բաժանմունքները: Հետազոտությունների արդյունքների համաձայն, կենտրոնն այցելած հիվանդների 60 տոկոսից ավելին տառապում են բարձր զարկերակային ճնշմամբ և սրտանոթային անբավարարությամբ: Բժշկական կենտրոնի սրտաբան Գրիգոր Տարագճյանի դիտարկմամբ, նման հիվանդությունների առկայությունը զարմանալի չէ, եթե հաշվի առնվեն այն հանգամանքները, ինչի միջով անցան սիրիահայերը վերջին մի քանի տարիներին:

«Պատերազմը մարդկանց ստիպեց թողնել ամեն բան՝տուն-տեղ, աշխատանք ու հայտնվել փախստականի կարգավիճակում: Մարդիկ հազիվ տան վարձ են տալիս, հոգում սննդի հարցերը: Այնուհանդերձ պոլիկլինիկայի գոյությունը մեծ ծառայություն է նրանց համար»,-ասում է սրտաբան Տարագճյանը, ով նույնպես Հայաստան է եկել Հալեպից: Նա էլ, ինչպես կենտրոնի մյուս բժիշկները, րևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներից է:

Ակնաբույժի սենյակի դիմաց իր հերթին է սպասում արդեն ութ ամիս Հայաստան տեղափոխված Սեդա Սարգիսյանը։ Նա ասում է, որ ընտանիքի մնացած անդամներն էլ են օգտվում բժշկական կենտրոնի մատուցած ծառայություններից և անչափ շնորհակալ են ցուցաբերվող հոգատարության համար: Ներկայացնելով բժշկական կենտրոնի պատմությունը՝ Գրիգոր Տարագճյանը նշում է, որ երբ 2012 թվականին սկսվեց սիրիահայերի հոսքը Հայաստան, մանկաբույժ Ժան Բեշլյանը մեկ տարի անց՝ 2013 թվականին, կյանքի կոչեց առողջապահական այս ծրագիրը՝ փորձելով օգնել հայրենակիցներին:

«Ժան Բեշլյանին միացա ես, բժիշկ գինեկոլոգ Մերուժան Քիրիշյանը, ակնաբույժ Մարկրիթ Քեշիշյանը, մաշկաբան Սուքիաս Բերբերյանը: Սկսեցինք աշխատել և օգնություն ցուցաբերել: Սկզբում դժվարություններ կային. երբ սիրիահայերի հոսքը սկսվեց, տեղի պոլիկլինիկաները նրանց չէին կարողանում ընդունել, քանի որ գրանցում չունեին: Ու մինչ այդ դժվարությունները կհարթվեին, մենք սկսեցինք աշխատել, ընդունել մարդկանց, դեղագրեր գրել: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության միջնորդությամբ շատ օգտակար եղավ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության օգնությունը: Նրանք ապահովեցին մեր հիվանդներին դեղորայքով», -պատմում է սրտաբան Տարագճյանը:

30 տարի Հալեպում մանկաբույժ աշխատած Ժան Բեշլյանը նշում է, որ չորս տարի առաջ բարեսիրական աշխատանքը սկսեցին «անպաշտոն» ձևով, բայց արդեն 2017–ի ապրիլից բարվոք ու արդիական սարքավորումներով հագեցած պոլիկլինիկան լիցենզավորում է ստացել և պաշտոնապես գործում է:

«Հրաշալի հնարավորություն էր բոլորիս համար: Այս չորս տարվա ընթացքում, ես անձնապես 1700-1800 հիվանդ եմ սպասարկել»,-ասում է Բեշլյանը: Ակնաբույժ Մարկրիթ Քեշիշյանը չորս տարի է, ինչ տեղափոխվել ու հաստատվել է հայրենիքում: Նույնքան ժամանակ էլ աշխատում է կենտրոնում, սպասարկում հիվանդներին:

«Այս նոր բացված պոլիկլինիկան շատ լավ ձեռնարկ է, շատ մարդասիրական ու անչափ կարևոր սիրիահայերի համար: Գոնե մի քիչ թեթևացնում ենք իրենց հոգսերը: Մարդիկ ընկճված են, թողել են տուն-տեղ, գործ, ու դուրս եկել երկրից: Այստեղ, երբ հավաքվում են, մի տեսակ նաև Հալեպի շունչն են զգում»,-ասում է Քեշիշյանը: Սրտաբան Տարագճյանը նշում է, որ հիվանդները, ովքեր կարիք ունեն ավելի լուրջ հետազոտությունների կամ վիրահատությունների, հատուկ ուղեգրով ուղարկում են Իզմիրլյան բժշկական կենտրոն:

ՀԲԸՄ-ի, Իզմիրլյան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցության շնորհիվ ՀԲԸՄ «Քլոտիա Նազարեան» կենտրոնում բժշկական անվճար ծառայություններ ստացող սիրիահայերը այժմ կարող են ստանալ մինչև 45 տոկոս զեղչ՝ Իզմիրլյան բժշկական կենտրոնի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունների համար: 2012 թվականին Հալեպից Հայաստան տեղափոխված Աստղիկ Աղեկյանը առողջական խնդիրներ ունի, անհրաժեշտ հետազոտություններ ստանալու համար պոլիկլինիկայում նրան ուղեգրել են Իզմիրլյան կենտրոն:

«Այս ուղեգրով գլխի անվճար հետազոտություն կանցնեմ, ինչն այսօր բավականին մեծ գումար է, մենք չենք կարող վճարել, մեր ընտանիքից ընդամենը մեկ հոգի է աշխատում: Այստեղ ամեն ինչով մեզ աջակցում են, շատ գոհ ենք ու շնորհակալ»,-ասում է Աստղիկ Աղեկյանը: Բժշկական կենտրոնի գործունեության հետազոտությունների տվյալները հուշում են, որ բժշկական կենտրոնը կարիք ունի նոր տեսակի համագորկացության, որի շրջանակներում հնարավոր կլինի նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապողների թիվը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՀԱԼԵՊԻ ՇՈՒՆՉԸ ՀԲԸՄ «ՔԼՈՏԻԱ ՆԱԶԱՐԵԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: