ՀԲԸՄ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ «ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» Թ ՀԱՏՈՐԸ

Մատենադարանը հրատարակեց «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի» IX հատորը: Հատորի մեջ նկարագրված ձեռագրերի քանակը կրկին 300 է. ընդգրկում է 2701-3000 թվահամարի տակ պահվող ձեռագրերի խումբը: Այստեղ նույնպես, ինչպես և նախորդ հատորում, նկարագրված են մեծ մասամբ հայտնի «Գէորգեան հաւաքածուի» կամ «Նոր ժողովածուի»՝ ԺԱ-ԺԹ դդ. վերաբերող ձեռագրեր, որոնցից յուրաքանչյուրն ունի գիտական և գեղարվեստական իր արժանիքները: Ավելի քան երկու տասնյակ ձեռագրերի մեջ ամփոփված են ԺԸ-ԺԹ դարերի Ամենայն հայոց կաթողիկոսների, թեմակալ առաջնորդների և երևելի հոգևորականների գրագրությունների պատճենները, որոնք նույն դարերի Հայոց պատմության առաջնակարգ սկզբնաղբյուրներ են, ըստ այդմ նկարագրված են ամենայն մանրամասնությամբ:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նյութական կարևոր օժանդակությամբ ու հովանավորությամբ լույս տեսած Մայր ցուցակի հերթական այս հատորը մեկն է Մատենադարանի կոթողային հրատարակություններից, որը հիմնարար նշանակություն ունի հայագիտության ու արևելագիտության և առհասարակ տարբեր ասպարեզի մասնագետների համար:

2017 թ. հուլիսի 28-ին Մատենադարանի վիրտուալ դահլիճում տեղի ունեցավ «Մայր ցուցակի» IX հատորի շնորհանդեսը, որին ներկա գտնվեցին ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանը, Մատենադարանի գիտաշխատողներ, բանասերներ ու բազմաթիվ հյուրեր: Այս առթիվ ելույթներ ունեցան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեվոնդյանը, Մատենադարանի գլխավոր ավանդապահ և Մայր Ցուցակի խմբագիր՝ Գևորգ Տեր Վարդանյանը, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը և ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը:

«Մենք ուրախ ենք, որ աջակցել ենք այս կոթողային հրատարակությանը, ի վայելումն գիտական շրջանակներին, բանասերներին ու մեր ձեռագրերով հետաքրքրվածներին, որոնք ուսումնասիրելու են մեր ձեռագրերի պարունակած պատմամշակութային արժեքներն ու ընդհանապես մեր գրավոր մշակույթը», նշեց Եորդեկյանը:

Կարևորելով Մատենադարանի երիտասարդ գիտնականների պատրաստման ու որակավորման, ինչպես նաև հետազոտական ծրագրերի խթանման գործը, 2014 թ.-ից Միությունը տարեկան կրթաթոշակներ է տրամադրում Մատենադարանի 13 երիտասարդ ասպիրանտների, որոնք աշխատում են Մատենադարանի թվայնացման, արվեստի պատմության ու գրչության, արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման, միջազգային կապերի, արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական մշակման բաժիններում: ՀԲԸՄ-ն մշտապես աջակցել է Մեսրոպ Մաշտոցի անվւան Մատենադարանին:

Դեռ 30-ականների վերջերից, ամենադժվար տարիներին, Միությունը կարևոր ներդրում է ունեցել Մատենադարանի գրադարանի ու տպարանի կառուցման գործում, երբ Մատենադարանը Մայր Աթոռից տեղափոխվում էր Ազգային Գրադարան: Հայաստանի անկախության առաջին տարիներին, մանավանդ էներգետիկ ճգնաժամի ընթացքում ՀԲԸՄ-ը աջակցել է Մատենադարանին՝ ձեռք բերելու օդորակիչներ, հակահրդեհային և անվտանգության համակարգեր: 2007 թ. միությունը ֆինանսավորել է Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի երրորդ հատորի, ինչպես նաև Բանբեր Մատենադարանի հրատարակությունները:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq