ՇՆՈՐՀԱՆԴԵՍ «ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» IX ՀԱՏՈՐԻ

2017 թ. հուլիսի 28-ին, Մատենադարանի վիրտուալ դահլիճում տեղի կունենա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) աջակցությամբ և հովանավորությամբ տպագրված «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի» IX հատորի շնորհանդեսը:

Սկիզբը՝ ժամը 15:00, տևողությունը, ներառյալ հյուրասիրությունը՝ 1.30 ժամ:

Շնորհանդեսի ընթացքում հանդես կգան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար՝ Վահան Տեր Ղևոնդյանը, Մատենադարանի գլխավոր ավանդապահ և Մայր Ցուցակի խմբագիր՝ Գևորգ Տեր Վարդանյանը և ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն՝ Հովիկ Եորդեկյանը:

Մաշտոցյան Մատենադարանի Հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի այս՝ IX հատորի մեջ նկարագրված ձեռագրերի քանակը կրկին 300 է՝ ընդգրկում է 2701-3000 թվահամարի տակ պահվող ձեռագրերի խումբը: Այստեղ նույնպես, ինչպես և նախորդում, նկարագրված են մեծ մասամբ հայտնի «Գէորգեան հաւաքածուի» կամ «Նոր ժողովածուի»՝ ԺԱ-ԺԹ դդ. վերաբերող ձեռագրեր, որոնցից յուրաքանչյուրն ունի գիտական և գեղարվեստական իր արժանիքները: Ավելի քան երկու տասնյակ ձեռագրերի մեջ ամփոփված են ԺԸ-ԺԹ դարերի Ամենայն հայոց կաթողիկոսների, թեմակալ առաջնորդների և երևելի հոգևորականների գրագրությունների պատճենները, որոնք նույն դարերի Հայոց պատմության առաջնակարգ սկզբնաղբյուրներ են, ըստ այդմ նկարագրված են ամենայն մանրամասնությամբ:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նյութական կարևոր օժանդակությամբ լույս տեսած Մայր ցուցակի հերթական այս հատորը մեկն է Մատենադարանի կոթողային հրատարակություններից, որը հիմնարար նշանակություն ունի տարբեր ասպարեզի մասնագետների և առհասարակ հայագիտության համար:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ «ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» IX ՀԱՏՈՐԻ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: