«ՀՈԳԻՍ. ԵՐԱԶԻՐ · ՍԻՐԻՐ · ՀԱՎԱՏԱ» - ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱՅՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գյումրիի Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնում մայիսի 21-ին տեղի ունեցավ «Հոգիս» բազմաժանր ներկայացումը` նվիրված Գյումրիի ԹՈՒՄՈxՀԲԸՄ կենտրոնի երկրորդ տարեդարձին: «Հոգիս»-ը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ), Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Նորքի Հայորդյաց տան, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի համագործակցության արդյունքն է։

«Հոգիս» ներկայացման Գյումրիի առաջնախաղը իրական հավաքական ձգտում էր՝ ներկայացնելու մի մշակույթ և մի ազգ գաղափարը: Ավանդական հայկական արվեստը, ժամանակակից ակրոբատիկան ու նորագույն տեխնոլոգիաները միաձուլող պարային երաժշտական այս բացառիկ ներկայացումը բեմականացվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան սաների և Թումոյի Թմբաթա և Pyramidz երաժշտական խմբերի մասնակցությամբ:

Ներկայացումը ՀԲԸՄ-ի 110-ամյակի առիթով առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 2016թ.-ին Նյու Յորքի Բրոդվեյի Սիթի Սենթր թատրոնում, այնուհետև՝  Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: ՀԲԸՄ Հայաստանը ձեռնարկում է «Հոգիս»-ի ներկայացումը նաև Ստեփանակերտում:

Շատերն էին խանդավառված Նյու Յորքի և Երևանի ներկայացումներով, իսկ «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, հանձինս իր պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի, օժանդակեց «Հոգիս»-ի Գյումրիի, իսկ շուտուվ նաև Ստեփանակերտի ներկայացումներին», - նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախաագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը: «Ճիշտ է, ՀԲԸՄ-ի նպատակն է պահպանել հայ մշակույթն ու արվեստը, սակայն մենք նաև հավատում ենք, որ բավարար չէ միայն հինը, դասականը պահպանելն ու վերարտադրելը, այլ նույնչափ կարևոր է շարունակել ներառել, ստեղծագործել և հայ արվեստը հասցնել 21-րդ դար: Այդ իսկ տեսլականով ստեղծվեց «Հոգիս»-ը. հայ հոգին և հայկական արժեքները փոխանցելու հանդիսատեսին»:

«Ողջունում եմ «Հոգիս» ներկայացումը ավելի լայն շրջանակներին հասցնելու ՀԲԸՄ-ի նախաձեռնությունը: Գյումրիի թատերասեր հասարակության այնչափ ջերմ վերաբերմունքն այն իրական գնահատանքն է, որ ոգևորում է նոր ստեղծագործությունների», - ասաց «Հոգիս» ներկայացման բեմականացման գծով տնօրեն Գրիգոր Խաչատրյանը:

«Մեր ստեղծած նոր խոսքն ու արտահայտչաձևը հասկացվեց և ընդունվեց նաև Գյումրիում: Արվեստի տարբեր բնագավառներում աշխարհառչակ արվեստագետներ տված մշակութային մայրաքաղաքում հաջողություն ունենալը, կարծում եմ, մեծագույն հաղթանակ է հայ արվեստագետի համար», - ներկայացումից հետո իր ոգևորությունը կիսեց «Հոգիս»-ի բալետմայստեր Արման Ջուլհակյանը:

«Հոգիս»-ը Գյումրիում ցուցադրելու ՀԲԸՄ-ի շարժառիթն էր հարստացնել գյումրեցիների մշակությային կյանքն ու նրանց մասնակից դարձնել ԹՈՒՄՈxՀԲԸՄ կենտրոնի երկրորդ տարեդարձի տոնակատարությանը: 2015-ի մայիսին, Թումո – ՀԲԸՄ համագործակցությամբ և «Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ Գյումրիում բացված թվով երրորդ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իր գործունեության երկու տարիների ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել։ Կենտրոնի 2000-ից ավելի ակտիվ ուսանողներից 1000-ը միացել են Թումոյին վերջին տարվա ընթացքում՝ տարածքի ընդլայնման և սարքավորումների համալրման շնորհիվ։ Ոսանողները տարվա ընթացքում մասնակցել են ավելի քան 500 մշտական դասընթացների և հատուկ աշխատարանների։ Թումոյի ծրագրի մեջ ավելի մեծ քանակով գյումրեցի ուսանողներ ներգրավելու և նրանց ընդլայնված հնարավորություններով լի առօրյա ապահովելու նպատակով մոտ ապագայում նախատեսվում է Թումո Գյումրիի նոր շենքի՝ քաղաքի առաջին թատրոնի վերականգնումը:

Տարիներ ի վեր ՀԲԸՄ-ն իր մարդասիրական և զարգացման ծրագրերն ուղղել է Գյումրիի ու գյումրեցիների վերականգնմանն ու զարգացմանը: Միությունն այժմ ակտիվորեն մասնակցում է Գյումրիի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի պահպանմանն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի նախագծման աշխատանքներին: