ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳԾՈՒՄ Է ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ՝ ՆՐԱՆՑ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՎ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ

Երրորդ տարին անընդմեջ, կարևորագույն խորհրդակցություններ անցկացնելու նպատակով ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչությունը հավաքվում է Լոնդոնում: Այս անգամ խորհրդակցությունը համախմբել էր միության ղեկավարությանն ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ երիտասարդ առաջնորդների դերը հասարակության մեջ ընդգծելու ու ընդհանուր տեսլական մշակելու նպատակով:

Շաբաթավերջին տեղի ունեցան մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին աշխարհում գլոբալ հայերի ներկայության ընդլայնման ապահովմանն առնչվող հարցեր: Հանդիպումներին մասնակցում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության, Եվրոպայի Շրջանակային հանձնաժողովի անդամներ և տարբեր երկրների 16 Երիտասարդ արհեստավարժների խմբեր: Ընթացիկ երկխոսության այս նախաձեռնությունը ՀԲԸՄ-ն մեկնարկել էր Նյու Յորքում անցած տարվա հոկտեմբերին՝ 89-րդ Ընդհանուր ժողովի և 110 ամյակի միջոցառումների ժամանակ:

Լոնդոնում ծավալված բուռն քննարկումների ընթացքում հիմնական շեշտը դրվեց կազմակերպության առաքելության չորս հիմնասյուների վրա՝ մարդասիրական օգնություն, մշակույթ և ինքնություն, կրթություն և սոցիալ-տնտեսական զարգացում: Քննարկվեցին այն ուղիներն ու միջոցները, որոնք թույլ կտան առաջ ընթանալ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես կազմակերպություն:

Քննարկման թեմաներն անդրադառնում էին ՀԲԸՄ-ի տեսլականին և աշխարհում հայերի դերի զարգացմանն ուղղված քայլերին: Հանդիպումների քննարկման գլխավոր թեմաներից էր նաև ՀԲԸՄ-ի դերը Հայաստանում՝ որպես փոփոխությունների դերակատար, ինչպես նաև հայկական տեղական ռազմավարական կապերի միջոցով հայերի դերի զարգացումը համայնքի սահմաններից անդին: Գործընկերային հարաբերությունների ձևավորումը դարձել է կարևորագույն միջոցներից մեկը:

Անցյալ տարի ՀԲԸՄ-ն ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող համագործակցություն սկսեց միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Սմիթսոնյան ինստիտուտի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Եվրոպական միության, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի, վերջերս էլ ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ու «Շոա» հիմնադրամի հետ: Այս համագործակցությունները նոր հնարավորություններ են ընձեռում համաշխարհային հանրության շրջանակներում ՀԲԸՄ-ի դերի մեծացման համար:

ՀԲԸՄ-ի նախաձեռնությունների հաջողության հարցում մատնանշվեց նաև Երիտասարդ արհեստավարժների մասնակցությունը որպես գաղափարների իրագործող: «Այս հանդիպումները նպատակ ունեին միավորել ամբողջ աշխարհում Երիտասարդ արհեստավարժների ղեկավարությանը, ինչպես նաև համապատասխան փորձառությամբ կիսվելու հնարավորություն ընձեռել: Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ շատ թեմաներ ենք լուսաբանել, և վստահաբար կարող եմ ասել, որ ղեկավարները կշարունակեն աշխատել նույն ոգով՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչ քննարկվեց»,- հայտնեց ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը:

Հանդիպումն ավարտվեց շաբաթ օրը Դորչեսթեր հյուրանոցում կազմակերպված ընթրիքով՝ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունեի մասնակցությամբ: Երեկոն, որը վարում էր Կամիլիո Ազզուզը, հատկանշվեց Էրիկ Իսրայելյանի առանցքային զեկույցով, ով իր կնոջ`Մելինայի հետ ևս բարձր գնահատանքի արժանացավ «Խոստումը» ֆիլմի իրականացման գործում ներդրած ավանդի և վերջինիս համաշխարհային տարածմանն աջակցելու համար:

«Երբեք չի եղել Հայոց ցեղասպանությունը ներկայացնող այնպիսի ֆիլմ, որը հասանելի կլիներ միլիոնավոր մարդկանց: «Խոստումը» ֆիլմի գլխավոր առավելությունն այն է, որ հասանելի է ոչ միայն հայության համար: Լռությունն ու ժխտումը կործանարար են սերունդների համար, քանի որ մենք բոլորս էլ կրում ենք այն սպիները, որոնց միջով անցել են մեր նախնիները, և ոչ միայն հայերը, այդ թվում՝ աֆրոամերիկացիները, բնիկ ամերիկացիները, ամբողջ աշխարհում այն բոլոր մարդիկ, ովքեր տեսել են դաժանություններ և կրում են այդ սպիներն իրենց սրտերում սերունդներ շարունակ», -նշեց Իսրայելյանը:

Լոնդոն կատարած այցի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ներկա գտնվել Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով իրականացված «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:

«Խոստումը» ֆիլմի ցուցադրությունն ազդակ հանդիսացավ օտարազգի հասարակության համար հայաստանյան իրականությունը այլ կերպ ըմբռնելու: Անգլիայի Քուինս վարժարանի բրիտանացի ուսանող Բենջամին Դեվոյը նախքան հյուրերի ժամանելը, խոսեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող Երևանի ամառային պրակտիկայի ծրագրի շրջանակներում Հայաստանում ձեռք բերած իր փորձառության մասին: Դեվոյն առաջինն էր, ով մասնակցել էր «Տիգրան Գնաջյան» բժշկական փորձառության ծրագրին, որը հնարավորություն էր ընձեռում ազգությամբ ոչ հայ ուսանողի Հայաստանում լիովին ֆինանսավորվող մասնագիտական փորձառություն անցել:

«Հայաստանում ամենազարմանալին ինձ համար միմյանց օգնելու համար մարդկանց հավաքական ջանքերն էին: Հայաստանը շատ փորձություններով է անցել և դեռ շարունակում է կանգնել մեծ խնդիրների առջև, որի արդյունքում բազմաթիվ հայեր իրենց կյանքի պայմանները բարելավելու նպատակով արտագաղթել են հայրենիքից և բնակություն հաստատել արտերկրում: Ես երախտապարտ եմ ՀԲԸՄ-ին, Հայաստան կատարած իմ այցելության և ձեռք բերած փորձառության համար», -ասաց Դեվոյը:

Չնայած միջոցառումների շաբաթը նվիրված էր ՀԲԸՄ-ի երիտասարդ առաջնորդներին, այն նաև լավ առիթ էր հարգանքի տուրք մատուցելու Միության երկու անդամներին՝ ՀԲԸՄ Լոնդոն Թրասթի նախկին ատենապետեր Պերճ Ազատյանին և Ասատուր Գյուզելյանին, ովքեր ծառայել են որպես հայտնի առաջնորդներ՝ տասնյակ տարիներ առաջարկելով իրենց նվիրյալ ղեկավարությունն ու ծառայությունները: Նրանք կազմակերպությանը ծառայել են իրենց ողջ կյանքի ընթացքում և իրենցից հետո եկող ղեկավար սերունդների համար եղել են ամրության և ուժի վառ օրինակ: