#KEEPTHEPROMISE. «ԽՈՍՏՈՒՄԸ» ՀԲԸՄ-Ի ՇՆՈՐՀԻՎ ԿՀԱՍՆԻ ԱՇԽԱՐՀԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայկական Բերգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ` Հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի տարածման ու համաշխարհային հաջողության ապահովման արշավին միացել են Հայասատանում և սփյուռքում գործող համահայկական կառույցները, հասարակական խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր: Թերրի Ջորջի պատմական դրամայի հայաստանյան փակ ցուցադրությունը կազմակերպել էր ՀԲԸՄ-ն` ՀՀ Արտաքին գործերի նախարարության և «Շարմ Հոլդինգ»-ի հետ գործակցությամբ: Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, պետական պաշտոնյաներ, բարձրաստիճան հյուրեր, դիվանագետներ:

Մինչև տիտրերը կբարձրանային ու մեծ էկրանին կծավալվեր դրամատիկ պատմությունը, խոսափողին մոտեցավ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը և հայտարարեց, որ ՀԲԸՄ-ն խոստում է տվել` «Խոստումը» տարածել ամբողջ աշխարհով:

«Մենք հպարտությամբ ենք մասնակցում այս արշավին ու ազնիվ գործին` հանուն արդարության, ճշմարտության ու համամարդկային արժեքների տարածման: «Խոստումը» որակով, աշխարհահռչակ դերասաններով և տրամադրված բյուջեով եզակի և հզոր միջոց է Հայոց ցեղասպանության իրողությունը աշխարհին ներկայացնելու համար: «Խոստումը» հստակ ուղերձ է աշխարհին, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրած է, այլև շարունակում է արարել ու տակավին շատ բան ունի տալու մարդկությանը: Ֆիլմը վկայությունն է Քըրք Քըրքորյանի՝ հաջորդ սերունդներին տված խոստումի», - նշեց Վազգեն Յակուբյանը:

«Խոստումը» պատմություն է սիրային եռանկյունու շուրջ, բայց արտառոց է իր պատմական ժամանակում: Հայոց ցեղասապնության տարիներն են, Առաջին աշխարհամարտի սկիզբը:

ՀԲԸՄ կազմակերպած «Խոստում»-ի երևանյան սքրինինգից հետո բոլորի տպավորությունները նույնն են` չկա հայ, որի կողքով անցած չլինի այս ողբերգությունը: Բայց այս ֆիլմը կարևոր է ո՛չ այնքան հայության, որքան աշխահի համար, որը պետք է սովորի «խոստումը» պահել և թույլ չտալ նման համամարդկային ողբերգություններին կրկնվելու:

«Կարևոր չէ, որ մենք գիտեինք այդ մասին, կարևոր է, որ աշխարհը տեսնի» - նշեց, «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր, IDeA հիմնադրամի նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Ռուբեն Վարդանյանը` կարևորելով փաստը, որ վերջապես հոլիվուդյան ֆիլմ է նկարահանվել հայոց պատմության ամենադաժան էջի մասին:

«Իմ ընտանիքը գրեթե նույն սարսափի միջով է անցել» - կինոդահլիճից դուրս գալով հուզված պատմում է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: «Մեր հաղթանակը մեր վերապրումն է: Մենք` վերապրողների զավակներս, այդ հաղթանակը ամեն օր կարող ենք տանել առաջ՝ մեր իսկ ձեռքբերումներով, - ընգծում է Նուբար Աֆեյանը, - Կարծում եմ` ֆիլմն ամբողջ աշխարհին պետք է հիշեցնի, որ պարտավորություն ունենք: Եթե այս տեսակ ոճիր տեղի ունենա` միջամտելու, օգնելու ենք` առանց հարցնելու, թե ինչ ազգության են»:

Երբ աշխարհը փակում է աչքերը, այս իռլանդացին միացնում է տեսախցիկն ու տեղավորվում ռեժիսորական աթոռին: Թերրի Ջորջը 13 տարի առաջ նկարեց միլենիումի ամենաազդեցիկ ու ծանր ֆիլմերից մեկը. «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմում իռլանդացի ռեժիսորը պատմեց 90-ականներին աֆրիկյան տուտսիների ցեղասպանության մասին: Այդ ֆիլմի սցենարի համար ամերիկյան կինոակադեմիան նրան Օսկար տվեց:

Հայոց ցեղասպանության մասին Թերրի Ջորջն իր «Խոստումը» առավել քան արդիական է համարում: «Սա 20-րդ դարի առաջին ողբերգությունն է, որը թաղվել է պատմության փոշու տակ, - ֆիլմի միջազգային արշավը սկսելով` հայտարարել էր ռեժիսորը, - Մե՛ր օրերում էլ մեր բոլորի աչքի առաջ իսլամիստ ահաբեկիչները նույն վայրագություններն են անում Մերձավոր Արևելքում, ինչ թուրքերը հարյուր տարի առաջ արել են հայերի հետ»:

«Խոստումի» հերոսն ասում է. «Աստված վկա, հիմա պատրաստ եմ վրեժի»: Բայց նույն այդ հերոսը չի կարողանում կրակել, վարվում է քրիստոնեաբար: Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի փրկության պատմությունը հուզեց նաև Քրիս Քորնելին: Երգիչը, որին Ամերիկան պաշտում է, իր «Խոստումը» գրեց նոտաներով: Քանթրի ռոքում ստեղծագործող արտիստը Ցեղասպանության մոտիվը գտավ սիմֆոնիկ հնչողությամբ: «Հայաստանը կհարատևի` ինչ էլ լինի: Այդ երկիրն ու նրա մշակույթը սարսափելի բաների միջով են անցել, այդ սահմռկեցուցիչ պատմությունը պետք է ճանաչվի» - նշել է երգիչը:

Նա սովորական մի ամերիկացի ֆոտոլրագրող է, որը սիրում շատ յուրահատուկ մի հայուհու: Հոլիվուդի մեգաաստղը «Խոստումի» դերասանական քասթում ամենավառ անուններից է: Քրիստիան Բեյլի հերոսը սիրում է Աննային (Շառլոտ լը Բոնը), գրի առնում ու աշխարհին տեղեկացնում նրա ժողովրդի հետ կատարվող ողբերգության մասին:

Սիրային եռանկյունու մյուս կողմում Օսկար Այզեքն է: Ֆիլմում նա կերպարանավորում է դեղագործ Միքայելին, որը Սիրուն գյուղից Կոստանդնապոլիս է գալիս բժշկություն սովորելու այն ժամանակ, երբ սկսվում է պատերազմը:

«Հատկապես ազդեցիկ էր վերապրածների իրական պատմությունները կարդալը: Պատմություններ, որոնք մարդկային միտքն անկարող է ընկալել, դեպքեր, որոնք պատկերացնելը սարսափելի է» - ֆիլմում իր դերը կերտելու դժվարությունների մասին խոսել է Օսկար Այզեքը:

«Խոստումը» ֆիլմի դերասանական կազմում են նաև Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, և Ջեյմս Կրոմվելը: Ֆիլմի երաժշտական մոտիվը ստեղծել է օսկարակիր Գաբրիել Յարեդը:

Ֆիլմի երաժշտական խորհրդատու Սերժ Թանկյանը, «System of a Down»-ի ֆրոնթմենը, «Խոստումի» համաշխահային արշավի հայտնիների մեջ է: Ֆիլմը սատարելու արշավը սկսվեց Օսկարի ժամանակ Էլթոն Ջոնի «Օգնության ֆոնդի» գալա-երեկույթին:

«Ես հպարտությամբ ներկայացնում եմ վերապրած մարդկանց մասին մի ֆիլմ, որը կոչվում է «Խոստում», -բեմից հայտարարեց սըր Էլթոն Ջոնը, -Այն հիշեցնում է խոստումը պահելու, անցյալից դասեր քաղելու և մարդկության դեմ գործած ոճրագործությունները կանխելու հարցում միասին լինելու անհրաժեշտության մասին»:

#KeepThePromise արշավին միացել են հոլիվուդյան այլ աստղեր ևս` Լեոնարդո Դի Կապրիոյից մինչև Բարբարա Սթրեյզանդ:

Հոլիվուդը կոչ անում պահել խոստումը, միանալով ֆիլմի պրոդյուսեր և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Էրիկ Իսրայելյանին ու համաշխարհային հանրությունը, որոնք արդեն զգացել են թուրքական ժխտողականության հետևանքը: Ֆիլմը IMDb կայքում հայտնվելուն պես ցածր վարկանիշ ունեցավ: Թուրք և ադրբեջանցի օգտատերերը ցածր գնահատական էին դնում: Քաղաքագետները սա Ցեղասպանության ժխտման նոր ձևաչափ են անվանում` պոստմոդեռնիստական:

Բայց 91 000-ից ավելի բացասական քվեները կարող են աշխատել հենց ֆիլմի օգտին` նպաստելով գովազդին ու դիստրիբուցիային։ IMDb-ում քիչ ֆիլմեր են նախքան ռելիզն արժանացել այդպիսի աղմկոտ փորձության։ Մնում է ասել` շնորհակալություն, ժխտողներ, ու շտապել կինոթատրոն:

«Խոստումը» հայկական կինոավարձույթում է նաև հայերեն կրկնօրինակմամբ, որն իրականացրել է «Շարմ Հոլդինգ»-ը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq