ՀԲԸՄ-Ն «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԱՊԱԳԱՆ» ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գնահատելով ներկան` կառուցել ապագան. դահլիճում ստեղծարար մարդիկ էին, օդում` նորարարության ոգին: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հարկի տակ նրանք փնտրում էին պատասխաներ. ի՞նչ է սպասվում ստեղծագործ և մշակութային ոլորտներին տասը տարի անց:

Ժամանակակից արվեստ ու կրթություն, դիզայն և ճարտարապետություն, լուսանկար և հաղորդակցություն. «Ոլորտի զարգացում ՝ ստեղծագործ ապագա» մեկօրյա համաժողովի գլխավոր թեմաներն էին: Ինչպե՞ս կրեատիվ ու ինովացիոն շունչ տալ երկրի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող այս ոլորտներին: Բրիտանական խորհրդի, Գերմանական GIZ կազմակերպության և այլ կառույցների հետ գործընկերությամբ ՀԲԸՄ-ի այս միջոցառման քննարկումները վարում էր ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի «Կոլբա լաբ» նորարարության լաբորատորիայի ղեկավար Մարինե Մխիթարյանը: Նա համոզված է, որ 10 տարի անց մրցակցային են լինելու հենց ստեղծագործ ոլորտները, որովհետև կրեատիվ միտքն ու նորարարական ինդուստրիայի տված հմտությունները չեն կարող փոխարինվել ռոբոտներով կամ չեն կարող մեխանիզացվել:

«Համաժողովի նպատակը ոլորտի առանձնահատկություններին և մասնակիցներին ծանոթանալն է, իմանալը, թե որն է զարգացման ալգորիթմը, որոնք են փոխացնվող արժեքները: Այսպես, անդրադառնալով կրթության ոլորտին, «Նեքսուս» արվեստի կենտրոնի հիմնադիր Աննա Միքայելյանը ներկայացրեց, թե երեխաներին ինչպես են սովորեցնում ստեղծարար լինել, ինչպիսի հմտություններ են նրանք ձեռք բերում: Ներկայացված էր ճարտարապետությունը. ինչպիսի՞ հանրային տարածքների և ինչ էկո-համակարգի մասին է խոսքը, երբ ուզում ենք հիմնել ստեղծարար հանրություն, քաղաք: Կամ ժամանակակից արվեստը քաղաքացուն ի՞նչ մեսիջներ է փոխանցում` ավելի ստեղծագործ լինելու և ապագայի մասին ավելի համարձակ ու ազատ մտածելու համար» - նշում է Մարինեն:

Ապագան թռիչքներով է հասնում մեզ: Ստեղծագործ ոլորտը օգնում է, որ կարողանանք այդ թռիչքները կանխատեսել: ՀԲԸՄ-ի հյուրընկալած քննարկմանը մի հանգամանք անվերապահորեն ընդունելի էր բոլորի համար. հայերը հատկապես կրեատիվ են ինժեներակա՛ն խնդիրներ լուծելիս: Բայց մեզ պետք են «ստեղծագործ խենթեր»` իրենց համարձակ մտքերով:

Այդ ներուժը բացահայտելու համար ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանն առաջարկում է Հայաստանին անհրաժեշտ մարդկանց ու մտքերը փնտրել նաև Սփյուռքում:


«ՀԲԸՄ-ի այս նախաձեռնությունը Հայաստանի ստեղծագործ ապագան կառուցելու ծավալուն գործընթացի դեռևս առաջին քայլն է: Մենք փորձում ենք գնահատել՝ ստեղծարար արդյունաբերության ոլորտի զարգացումը ինչպիսի ազդեցություն կունենա տեղական արտադրանքի մրցունակության, նոր աշխատատեղերի ստեղծման և, ընդհանրապես, երկրի տնտեսության զարգացման առումներով: Ստեղծագործ ոլորտի զարգացման համար օգտագործելու ենք նաև համահայկական ստեղծարար միտքը: Մեր ցանկությունն է, որ ՀԲԸՄ-ն դառնա Հայաստանի ու Սփյուռքի կրեատիվ ապագայի շաղկապը» - ասում է Դալար Կազանջյանը:


«Ստեղծագործ ապագա» խորագրով քննարկման մասնակիցները «ինչպես»-ի հստակ պատասախան չունեն: Բայց մի բան պարզ է` պետք է սկսել կրթությունից: Դալար Կազանջյանը այն առաջնահերթ է համարում. «Կրթություն ասելով նկատի ունեմ, օրինակ, թե ինչպես մշակել ստեղծարար պրոդուկտի գաղափարը, դարձնել այն բիզնես պլան, ինչպես այդ պլանը ներկայացնել ֆինանսավորող կառույցներին և անհատ ներդրողներին, ինչպես հասցնել սպառողական շուկա, և , վերջապես, ինչպես ներկայանցել հայկական բրենդը միջազգային ասպարեզում: Այդ ամբողջ շղթան կարևոր է: Հայաստանում այս առումով շատ բացեր կան: ՀԲԸՄ-ն ցանկանում է լուծումներ գտնել և նպաստել դրանց իրագործմանը»:

Կրթական համակարգի արմատական փոփոխությունը կօգնի կերտել որակապես նոր, ստեղծագործ հասարակություն: «Լուսադարան»-ի հիմնադիր, արվեստաբան Վիգեն Գալստյանը արվեստագետ – հասարակություն բաժանարար գծերի վերացումն է համարում լուծում.

«Արվեստի աշխատողն այսօր կտրված է հասարակությունից: Պատճառները բազում են` սոցիալ- տնտեսական, կրթական, քաղաքական: ԽՍՀՄ փլուզումից հետո արվեստագետները չեն հասկանում` ում և ինչի համար են ծառայում: Եվ հասարակությունը նույնպես մոռացել է, թե ինչ դեր ունի արվեստագետը հասարակական գործընթացներում»:

Վիգեն Գալստյանը համոզված է, որ բոլոր խնդիրները փոխկապակցված են. «Հիմա մենք պետք է կրթենք ոչ թե արվեստագետին, այլ հանդիսատեսին, սպառողին, որպեսզի նրանք ձևավորեն բարձրաճաշակ պահանջարկ և խստապահանջ լինեն ֆիլմեր նայելիս, ցուցահանդես ու ներկայացում դիտելիս: Կրթված ու բանիմաց հասարակությունն էլ այդպիսով բաց կլինի նորարարության ու ստեղծարարության համար»:

Լավ գաղափար ունենալը քիչ է, պետք է նաև կարողանալ այն նյութականացնել: «Ստեղծագործ ապագայի» առաջին հանդիպումը ՀԲԸՄ-ում ավարտվեց արդյունավետ քննարկումներով: Կազմակերպիչները հուսով են շուտով նյութականացված տեսնել հնչած մտքերն ու առաջարկված գաղափաները: 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՀԲԸՄ-Ն «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԱՊԱԳԱՆ» ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: