ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ: ՀԲԸՄ 111-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԲԸՄ 111-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում տեղ գտած և «ՀԲԸՄցուցահանդեսներ» շարքի մաս կազմող «Մշակութային երկխոսություն» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են եգիպտահայ համայնքի մի շարք նշանավոր մշակութային գործիչների դիմանկաներ, նվիրվել էր ՀԲԸՄ-ի հիմնադիրներին:

ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը նշում է. միջոցառումների շարքը խորհրդանշում է նոր հանգրվանի սկիզբը:

«Եգիպտոսը մեզ համար խորհրդանշական է, ոչ միայն Մերձավոր Արևելքի հիմնական գաղթօջախների ձևավորման տեսանկյունից, այլև այն պատճառով, որ ՀԲԸՄ-ն հիմանդրվել է հենց Եգիպտոսում: 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին այն համարվում էր սփյուռքահայ քաղաքական, հասարակական և մշակութային վերնախավի հավաքավայրը: Թեման, անշուշտ, խոհրդանշական է և իր մեջ ընդգրկում է թե՛ ՀԲԸՄ-ի 111-րդ ամյակը և թե՛ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները, ինչպես նաև նորանկախ Հայաստանի հետ հաստատած դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը:

Արդեն յոթ տարի լուսանկարիչ Տաթև Մնացականյանը աշխատում է «Մշակութային երկխոսություն» նախագծի վրա: Լուսանկարել է 160-ից ավել մշակութային գործիչների, որոնց մեծ մասը հիմնականում նկարիչներ ու քանդակագործներ են:

«7 տարի`20 երկրների արվեստագետների երկխոսություն: Նրանց սկսեցի ճանաչելի դարձնել Հայաստանից: Հետո մտածեցի. ինչու միայն տեղացի արվեստագետներին, եթե կարելի է լուսանկարել նաև մեր սփյուռքահայ մշակույթի գործիչներին: Հենց այդտեղից էլ սկսվեց մշակութային երկխոսությունը: Ցուցադրելով տարբեր երկրներում, երկխոսության միջոցով ես նրանց ճանաչելի էի դարձնում: Նախագծիս առաջին մշակութային երկխոսությունը Եգիտոսում էր, որտեղ 20 արվեստագետների դիմանկարներ անմահացրի»,-պատմում է Տաթև Մնացականյանը:

«Ամենատարեց գործիչը եգիպտահայ համայնքում լուսահոգի Հասմիկ Փամբուկչյանն էր: Մեր հանդիպման ժամանակ նա 102 տարեկան էր, մասնագիտությամբ լրագրող, ֆանտաստիկ հայ, ով ամուսնու հետ մեծ ներդրումներ էր կատարել համայնքի կյանքում`բացելով հայկական դպրոցներ ու մանկապարտեզներ: Իմ ցուցահանդեսը ՀԲԸՄ-ի 111 ամյակի միջոցառումների շարքում չէր կարող պատահական լինել, հենց 111 տարի առաջ այդ համայնքում հիմանդրվեց ՀԲԸՄ-ն»,-ասում է լուսանկարիչ Մնացականյանը:

«ՀԲԸՄ ցուցահանդեսների» համակարգող Աննա Գարգարյանը նշում է. օգտագործելով ՀԲԸՄ տարածքը, որպես պլատֆորմ, ամեն ամիս փոխում են ցուցահանդեսները, փորձելով ներկայացնել հայ ամենատարբեր արվեստագետների:

«ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղին միջազգային նշանակություն ունեցող կառույց է. այստեղ են գտնվում մի շարք կարևոր կազմակերպություններ: Այս ակտիվ ու դինամիկ կառույցում շատ մեծ է ելումուտը, ինչը լավագույն հնարավորություն է տալիս մեր արվեստագետներին առավել ճանաչելի դառնալու»,-ասում է Աննան:

ՀԲԸՄ գործադիր տնօրեն Դալար Կազանջյանն էլ նշում է. «ՀԲԸՄ-ն միշտ սատար է կանգնել արվեստին և ստեղծարարությանը: Օժանդակելով մշակութային երկխոսությանը՝ ՀԲԸՄ-ն շարունակում է մնալ տարբեր աշխարհներ իրար միացնող հայակենտրոն կամուրջը և համայն հայության առանցքը»:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ: ՀԲԸՄ 111-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: