ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԱՓ» ԴԻԶԱՅՆ ՏԱՂԱՎԱՐԸ

Մայիսի 9-ին, Երևանում բացվեց «ԱՓ»­ի առաջին դիզայն տաղավարը։ Երևանում տաղավարը կգործի մայիսի 9­ից հուլիսի 9­ը և տեղակայված կլինի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կենտրոնատեղիի առաջին հարկում՝ նորովի ձևավորված տարածքում (2/2 Մելիք-Ադամյան փ.)։ Հուլիսից տաղավարը կտեղափոխվի Դիլիջան, որտեղ տեղակայված կլինի «Տուն Արմենի» հյուրատանը հարող տարածքում։

Դիլիջանում տաղավարը կգործի մինչև սեպտեմբեր։ Տաղավարում ներկայացված կլինեն հայկական ծագում ունեցող շուրջ 25 դիզայներների (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ֆրանսիա, Նիդերլանդներ, Իրան և Բրազիլիա) մի շարք աշխատանքներ։
Դիզայներական աշխատանքները բաժանված են ըստ հետևյալ խմբերի՝
- կահույքի և ապրանքի դիզայն,
- նորաձևություն և աքսեսուարներ,
- մանկական ապրանքներ,
- գրաֆիկա և գեղարվեստական տպագրություն։

Աշխատանքներից մի քանիսը ստեղծվել են հենց տաղավարում ներկայացնելու նպատակով։ Դրանցից է, օրինակ, նկարիչ, լուսանկարիչ և դիզայներ Կամո Նիգարյանի (1950-­2011) նախագծած երեք աթոռի շարքի վերակազմված՝ հիմնված արխիվացված նյութերի վրա։ Այս նպատակով համագործակցություն է մեկնարկել «ՍՆԽ» ճարտարապետական արվեստանոցի հետ՝ նոր շունչ հաղորդելու Նիգարյանի պարզ, մինիմալիստական, մեկ կտորից բաղկացած ծալովի աթոռներին։

«ԱՓ» դիզայնի տաղավարի նպատակն է ընդլայնել հայ հասարակության մտահորիզոնը դիզայնի վերաբերյալ և Հայաստանում ձևավորել գրագետ սպառողների հասարակություն, որը կգիտակցի, որ դիզայնը պարզապես ապրանք չէ, այլ սոցիալական գործընթաց ու կենսակերպ։ Պատվիրելով, տաղավարում ցուցադրելով և վաճառելով հայաստանաբնակ և սփյուռքաբնակ սկսնակ և կայացած երիտասարդ հայ դիզայներների աշխատանքները՝ տաղավարը նպատակ ունի բարձրացնել հայ հասարակության իրազեկվածությունը ժամանակակից և արդի դիզայնի շուրջ, վերազարգացնել արհեստագործությունը և խթանել համագործակցային աշխատանքի մշակույթը։

Ցուցադրության համադրողներն են «ԱՓ» դիզայն տաղավարի հիմնադիրներ Ասյա Յաղմուրյանը և Նայիրի Խաչատուրեանը։

Հայերենում «ԱՓ»­ը երկիմաստ բառ է և նշանակում է թե՛ «ձեռքի ափ», թե՛ «ծովի ափ»։ Այս երկիմաստ բառի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն թե կերպարավորում է արհեստագործությունը, թե նախագծի՝ տարբեր ափեր ու քաղաքներ հասնելու նպատակը։ Անգլերենում «UP» բառը նշանակում է «վերև, դեպի վեր խոյացող շարժում» և դրանով իսկ մարմնավորում է ծրագրի տեսլականը՝ բարձրացնել տեղական և արտասահմանյան շուկաների իրազեկվածութունը ժամանակակից հայկական դիզայնի և հայ դիզայներների վերաբերյալ։

«ԱՓ» դիզայն տաղավարի հովանավորներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, ՀԲԸՄ-ն, «Թի Էֆ Էյ ճարտարապետներ» ՍՊԸ­ն և «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ­ն։ Նախագծի խթանումն իրականացվում է IDeA հիմնադրամի «Դիլիջանի արվեստների դիտարան» նախագծի շրջանակում։

«ԱՓ»­ի մասին ավելի մանրամասն այստեղ։