ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ 111 ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱԲԱԹԸ ՍԿՍՎԵՑ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈՆ ՀՈԴՅԱՆԻ «ՆԱՂԱՇ» ԱՆՍԱՄԲԼԻ ՀԱՄԵՐԳՈՎ

Մի շարք տոնական միջոցառումներ Հայաստանում նշանավորեցին ՀԲԸ Միության 111-ամյա հոբելյանը։ Ապրիլի 11-ին հայկական ժողովրդական տաղերի սքանչելի երաժշտության մի երեկո, որն իր մեջ զուգակցում էր ռոք և ջազային երաժշտության էներգետիկան և միջնադարյան հայ միստիկ տաղերգու և քահանա Մկրտիչ Նաղաշի սուրբ գրվածքները, ազդարարեց ՀԲԸ Միության մշակութային ներկայացումների շաբաթվա սկիզբը։ Ամերիկահայ երաժիշտ Ջոն Հոդյանի «Նաղաշ» անսամբլն իր անդրանիկ ելույթը Հայաստանում սկսեց «Պանդխտության երգերով»։ Ալբոմն իրենից ներկայացնում է Աստծո հետ մարդու հարաբերությունների շուրջ խոր մտորում բազմաթիվ տարիներ աքսորում ապրելու դատապարտված վանականի տեսանկյունից։

Ջոն Հոդյանը, ով ՀՄԸ Միության կատարողական արվեստների «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակից է (2015թ․), հավատում է, որ իսկական վարպետների միջոցով Հայաստանի հարուստ երաժշտական ավանդույթների բացահայտումը իրական ոգեշնչում է, որ թույլ է տալիս ըմբռնելու հայ հոգևոր երաժշտության խորքն ու հավիտենականությունը։

Սկսած 2012 թվականից, ծրագիրը հրավիրում է տարբեր երաժշտական ուղղությունների, մակարդակների ու ազգությունների պատկանող երաժիշտներին հավաքվել միասին ու բացահայտել հայկական երաժշտությունը՝ ժողովրդականից մինչև ժամանակակից, ժամերգություններից մինչև ջազ, դասականից՝ բլյուզ:

Ծրագրի մասնակիցները ստանում են եզակի հնարավորություն այցելելու մասնագիտացված դասախոսությունների, վարպետության անհատական դասընթացների, ինչպես նաև ծանոթություններ են հաստատում տարբեր բնագավառների ճանաչված մասնագետների հետ:

Հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքերով՝ «Նաղաշ« անսամբլը ներդաշնակեցնում է հնագույն Հայաստանի երաժշտությունը՝ այն վերահայտնագործելով 21 դարի համար: Երեք փայլուն կին վոկալիստներ ու Հայաստանի մի խումբ լավագույն երաժիշտ-կատարողներ տարբեր նվագարաններով՝ դուդուկ, ուդ, դհոլ ու դաշնամուր, հավաքվել էին միասին նվագելու խորհրդավոր, սակայն մատչելի երաժշտություն, որում, Ազգային հանրային ռադիոյի նկարագրությամբ, արևելքը հանդիպում է արևմուտքին, իսկ հնագույնը՝ ժամանակակցին։

ՀԲԸՄ-ն շարունակում է հայ մշակութային ժառանգությունը բարձր պահելու իր առաքելությունը՝ կապեր հաստատելով արվեստի ու երաժշտության տարբեր ուղղությունները ներկայացնող հայ երիտասարդ արվեստագետների միջև, կրթական ու կատարողական հնարավորություններ ստեղծելով տաղանդավոր արվեստագետների համար և միջազգային հանրությանը հաղորդակից դարձնելով լավագույն տաղանդավոր հայ կատարողների արվեստին։