ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՇԱՐՄ ՀՈԼԴԻՆԳԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ «ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓԱԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 23-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, որին ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր: Ցուցադրության կազմակերպիչներն են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և «Շարմ Հոլդինգ» ընկերությունը: Ֆիլմի տարածման նպատակով Հայասատանում և սփյուռքում գործող համահայկական կառույցները, հասարակական խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր ջանքեր են գործադրում ֆիլմի համաշխարհային հաջողության ապահովման ուղղությամբ:

«Խոստումը» Օսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց Ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով:

Լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք: Ֆիլմից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի հասարակական կազմակերպություններին՝ առաջին անգամ նման մասշտաբի ֆիլմի համար:

Ֆիլմում 1914 թվականի դեպքեր են: Առաջին Համաշխարհային պատերազմի նշմարման հետ կանխատեսվում էր հսկայական Օսմանյան կայսրության փլուզումը: Եվս մի կենսունակ, բազմամշակութային մայրաքաղաք Կոստանդնուպոլսին (Ստամբուլ), քաոս էր սպառնում: Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեք) բժշկություն ուսանելու նպատակով ժամանում է կոսմոպոլիտ կենտրոն՝ մտադրություն ունենալով ժամանակակից բժշկական գիտելիքներով վերադառնալ Թուրքիայի հարավում գտնվող իր պապենական գյուղ՝ Սիրուն, որտեղ թուրք մուսուլմաններն ու հայ քրիստոնյաները դարեր շարունակ ապրել են կողք կողքի: Ֆոտոլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ) եկել է աշխարհաքաղաքական հարցեր լուսաբանելու նպատակով: Նա համակված է հայ նկարչուհի Անայի (Շարլոտ լը Բոն) նկատմամբ ունեցած սիրով: Անան հոր հանկարծակի մահից հետո տեղափոխվել էր Փարիզ: Երբ Միքայելը հանդիպում է Անային, ընդհանուր հայկական ծագումը մտերմացնում է նրանց, ինչը երկու տղամարդկանց միջև մրցակցության պատճառ է դառնում, չնայած նրան, որ Միքայելին դեռևս պահում է անցյալի իր խոստումը։ Սակայն շուտով Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միանում է Գերմանիային և սկսում դաժանաբար ոչնչացնել իր սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին։ Չնայած նրանց միջև ընդհարումներին, յուրաքանչյուրը գոյատևման իր ուղին է բռնում. նույնիսկ հերոսներն են կանգնում իրենց կյանքը փրկելու խնդրի առաջ:

Ի լրումն աստղային դերասանական ողջ կազմին՝ երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական «Սարի սիրուն յար» երգի ժամանակակից ներկայացմանը: «Մեծ պատիվ է դառնալ ֆիլմի անմասն ակնդիրն ու ունկնդիրը», - ասել է Թանկյանը: «Թուրքական կառավարությանը ենթարկվող մեծ բյուջեով կազմակերպություններին ապատեղեկատվությունից զերծ պահելու և մարդկանց ճշմարտությամբ առաջնորդելու լավագուն միջոցն արվեստն է: Տարիներ շարունակ ես դա արել եմ երաժշտության միջոցով և ցանկացա այս ֆիլմի միջոցով նույնն անել», ավելացնում է Թանկյանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):

Ֆիլմի համաշխարհային առաջնախաղերի ժամանակացույցն ընդգրկում է ԱՄՆ-ն և Կանադան (ապրիլի 21-ին), Միջին Արևելքի երկրները՝ Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Լիբիա, Օման, Պաղեստին, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն (ապրիլի 20-ին), Ռուսաստանը (ապրիլի 27-ին), Միացյալ Թագավորությունը (ապրիլի 28-ին), Լեհաստանը (մայիսի 5-ին), Ավստրալիան (մայիսի 25-ին), Թաիլանդը (հունիսի 1-ին), Իսպանիան (հունիսի 2-ին), Բելգիան (հունիսի 14-ին), Նիդեռլանդները (հունիսի 15-ին), Սինգապուրը (հունիսի 22-ին), Հարավային Աֆրիկան (հունիսի 23-ին) և Իտալիան (օգոստոսի 24-ին):

«Խոստումը» ֆիլմի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք http://www.survivalpictures.org/the-promise/ կայքը: Նպաստե՛ք ֆիլմի վարկանիշի բարձրացմանը՝ թողնելով ձեր կարծիքը՝ www.imdb.com և www.rottentomatoes.com կայքերում: Սոցիալական ցանցերում #KeepThePromise, #ThePromiseFilm և #NeverStaySilent հեշթեգերով նպաստե՛ք ֆիլմի տարածմանն ու հրավիրե՛ք ձեր ընկերներին և բարեկամներին միանալու քարոզարշավին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq