ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անմիջապես լծվեց մեր հայրենակիցների օգնության գործին: Այդ նպատակով առանձնացված շտապօգնության 1 մլն դոլարի ֆոնդն վերջին 5 տարիներին հատեց 4,5 մլն դոլարի սահմանագիծը:

ՀԲԸՄ-ի աջակցությունն իրականացվում է Սիրիայում, Լիբանանում և Հայաստանում: Մարդասիրական աջակցության հիմնական մասն իրագործվում է տեղում: Սիրիայում գործող ՀԲԸՄ կենտրոններն ու սիրիահայ շտապ օգնության մարմինը համադրում են մարդասիրական օգնության իրենց ծրագրերը: ՀԲԸՄ արտակարգ իրավիճակի մարմինները Հալեպում, Դամասկոսում, Քամիշլիում, Լաթաքիայում ու Քեսաբում մարդասիրական օգնության ծրագրեր են իրագործել: Սիրիահայ ընտանիքներն ստանում են անհրաժեշտ սննդամթերք, բաշխվում են առաջին անհրաժեշտության պարագաներ, վառելիք ու խմելու ջուր: ՀԲԸՄ-ն հոգում է նաև վիրավորների բժշկական խնամքի, հիվանդանոցի ու դեղորայքի, բնակարանների շտապ վերանորոգության, ինչպես նաև ժամանակավոր կացարանների ապահովման ծախսերը: Հակառակ պատերազմին, ՀԲԸՄ վարժարանների աշակերտները շարունակում են հաճախել դպրոց: Նրանցից ոչ ոք, ՀԲԸՄ-ի շնորհիվ, ուսմումնավճարի պատճառով դուրս չի մնացել կրթօջախից: ՀԲԸՄ-ն այս տարիների ընթացքում առանց դադարի ֆինանսական աջակցություն է հասցրել և շարունակում է հասցնել սիրիահայությանը: Տարաբնույթ օգնության ծրագրերը այսօր էլ շարունակվում են:

ՀԲԸՄ-ն անցնող հինգ տարիներին Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայերի օգնության ուղղությամբ աշխատանքներ է տարել: Սկզբնական շրջանում տրամադրվել է բնակվարձի փոխհատուցում, սննդամթերքի կտրոններ: Առողջապահական խնդիրների լուծման, դեղորայքի, և շտապ վիրահատությունների համար հարյուրավոր կարիքավոր սիրիահայեր ստացել են դրամական աջակցություն: Իրականացվել են մշակութային ծրագրերի հովանավորություններ ու տրամադրեվել են այլ օժանդակություններ:

Հաշվի առնելով այն, որ սիրիահայերից շատերն ուղղակի հեռացել էին իրենց տներից, վերցնելով միայն առաջին անհրաժեշտության իրեր, նրանց տրամադրվել է տաք հագուս նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար: Հագուստի բաշխումներ են կազմակերպվել ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում: Ծրագրից օգտվել են հազարավոր սիրիահայեր:

Շարունակվում է խիստ կարիքավորներին դեղորայքի ու բժշկական օգնության ծրագիրը: ՀԲԸՄ-ն աջակցում է նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ին` տրամադրելով տարածք, հոգալով գրասենյակի պահպանման մասին:

Սիրիահայ ընտանիքների մի մասը զբաղվում է հողագործությամբ։ Տեղական համայնքային իշխանությունների կողմից նրանց տրամադրվել են հողակտորներ ու գյուղատնտեսական վարկ: Այդ ընտանիքներին աջակցելու նպատակով ՀԲԸ Միությունը, Չերչյան ընտանիք հիմնադրամի նվիրատվության շնորհիվ, իրականացնում է գյուղատնտեսական աջակցության ծրագիր, որով սիրիահայ մեր հայրենակիցներին անհատույց տրամադրվել է գյուղտեխնիկա: Հողագործությամբ զբաղվող սիրիահայերը մեծ խանդավառությամբ են ընդունել ՀԲԸՄ-ի նվերը:

ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կրթության նախարարության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ ՀՀ բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ հարյուրավոր ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը 4-րդ տարին անընդմեջ շարունակվում է: Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի նախաձեռնությամբ երեք տարի առաջ սկսված սիրիահայերի բժշկական խորհրդատվական ծառայությունների ծրագիրը նոր որակ ու տարողություն ստացավ 2016 թ. դեկտեմբերի 5-ին, երբ ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում պաշտոնապես բացվեց ՀԲԸՄ Քլոտիա Նազարյան բժշկական կենտրոնը, որն ամբողջովին վերանորոգվեց ու արդիական սարքավորումներով օժտվեց:

Միությունը ֆինանսավորելու է կենտրոնի գործունեությունը հետագա տարիներին: Այս նոր բուժսպասարկման կենտրոնը ՀԲԸՄ «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի մաս է կազմում, որի շրջանակներում սիրիահայերը կստանան անվճար բժշկական խորհրդատվություն: Կենտրոնում կմատուցվեն գինեկոլոգիական, սրտաբանական, ակնաբուժական և մանկաբուժական ծառայություններ՝ համալրելով ՀԲԸՄ-ի մարդասիրական առաքելությունը: Վերջերս Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Իզմիրլյան բժշկական կենտրոնի, ՀՀ Սփյուռքի նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան)-ի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ծրագրի շրջանակներում Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան)-ն ապահովելու է ՀԲԸՄ-Քլոտիա Նազարեան բժշկական կենտրոնի և Իզմիրլյան բժշկական կենտրոնի միջև համագործակցությունը՝ ծրագրի շահառուներին տրամադրելով առաջնային անհատույց բուժօգնություն, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնելու ՀԲԸՄ-ի առողջապահական ծրագրերն ի նպաստ սիրիահայերի:

2016 թ․ ՀԲԸՄ-ի հատկացումները Հայաստանում հաստատված սիրիահայերի աջակցության համար կազմել է 250 մլն դրամ, իսկ ընդհանուր առմամբ, մինչ այսօր տրամադրվել է 740 մլն դրամ:

ՀԲԸՄիության սիրիահայության աջակցության ծրագրերը շարունակվում են: Մեր հայրենակիցներին նյութական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով տեղի են ունենում դրամահավաքի արշավներ ու միջոցառումներ աշխարհի տարբեր կողմերում: Քննարկվում են աջակցության տարբեր ծրագրեր:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: