ՀԲԸՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՆՏԵՆՍԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև 2016 թվականի նոյեմբերին կնքվել է եռակողմ համաձայնագիր: Համաձայնագրի հիման վրա ՀԲԸՄ աջակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպվել են Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների անգլերենի վերապատրաստման ինտենսիվ դասընթացներ վերջին վեց ամիսների ընթացքում:

Ամերիկյան համալսարանում Հատուկ դասընթացների բաժնում ընդգրկված անգլերենի ուսուցման վեց մակարդակների դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ լեզվի միջին և բարձր իմացություն ունեցողների համար: Պաշտպանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների քսան աշխատակիցներ արդեն կատարելագործել են անգլերենի իմացությունը՝ ընդհանուր և մասնագիտական բառապաշարի հարստացման շնորհիվ: Կրթական ծրագրի շրջանակներում հատկապես կարևորվել է անգլերենով պաշտոնական գրագրություն վարելու և բանավոր խոսքի հմտությունների զարգացումը:

Անգլերենով հաղորդակցվելու հմտությունների զարգացումը հնարավորություն կընձեռի աշխատակիցներին ուսումնասիրել և կիրարկել միջազգային փորձն իրենց աշխատանքում, ինչպես նաև ապահովել միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցություն՝ վերջիններիս ներգրավելով միջազգային տարբեր աշխատանքային խմբերում: Դասընթացները կրելու են շարունակական բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում ՀԲԸՄ աջակցությունը և Հայաստանի ամերիկյան համալսարանի կարևոր դերը Պաշտպանի աշխատակազմի վերապատրաստման հարցում: