ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՀԲԸՄ-Ի ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

2016-2017թթ. ուսումնական տարվա համար ՀԲԸՄ-ն տրամադրել է շուրջ 800.000 ԱՄՆ դոլար

2016-2017թթ. ուսումնական տարիներին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) 28 երկրների ուսանողների պարգևատրել է շուրջ 800.000 ԱՄՆ դոլար կրթաթոշակ: Գրեթե մեկ դար է, ինչ ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրի միջոցով աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված խոստումնալից ու ուսումնական նկրտումներով տասնյակ հազարավոր երիտասարդ հայ ուսանողներ աջակցություն են ստանում:

ՀԲԸՄ-Ի ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

2016-2017թթ. ուսումնական տարիներին Միացյալ Նահանգներում մասնագիտական, մագիստրոսական և գիտական աստիճանի ծրագրերում ընդունված 72 ուսանողներ պարգևատրվեցին շուրջ 262.000 ԱՄՆ դոլարով: Կրթաթոշակի շահառուները ներկայացնում էին մի շարք ոլորտներ, այդ թվում` իրավաբանություն, ճարտարապետություն և բժշկություն: Նրանցից շատերը հույս ունեն ներդնել իրենց ստացած գիտելիքները ի օգուտ Հայաստանի և հայերի: Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի իրավաբանական դպրոցի իրավաբանության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Լառա Մարկարյանը 2013թ.-ին ավարտել է Ջորջթաունի համալսարանի Միջազգային Ծառայությունների բաժինը, որտեղ նրան հնարավորություն է ընձեռվել մանրազնին ուսումնասիրել, թե ինչպես կարելի է կատարելագործել օրենքները բարդ հարցերի կարգավորման համար, ինչպիսին է օրինակ` Հայոց Ցեղասպանությունը:
«Ներկայումս, Բերքլիում իրավաբանի իմ կոչումը ստանալուց հետո մեծ ակնկալիք ունեմ այնպիսի միջոցներ ձեռք առնել, որոնց միջոցով հետագայում կարող եմ հասնել իմ նպատակին` օգնելու հայ համայնքին, ինչպես նաև այլ խմբերի, որոնք, ի դեմս միջազգային հակամարտության, պատերազմի, ցեղասպանության և տեղահանման, նպատակ ունեն հասնել արդարության»,- ասում է Մարկարյանը: Կոլումբիայի համալսարանի ճարտարապետական նախագծման մագիստրատուրայի ուսանող Կարեն Բերբերյանը արդեն իսկ սկսել է կիրառել իր ստացած կրթությունը` ի բարօրություն Հայաստանի: Նախքան Միացյալ Նահանգներ գալը Բերբերյանը աշխատել է Երևանում Լոնդոնյան Թիմ Ֆլինի մասնաճյուղի ճարտարապետների գրասենյակում: Այդ ընթացքում նա դարձել է Դիլիջանում և Տաթևում կայուն ճարտարապետության և նախագծի հիմնադրող թիմի անդամ: «Իմ վճռական նպատակն է դառնալ բարձրակարգ մասնագետ իմ ոլորտում, կառավարել կարևոր տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև կատարելագործել Հայաստանում ճարտարապետության մշակույթը` դարձնելով այն ավելի ժամանակակից և առաջադեմ միջավայր: Նպատակ ունեմ նշանակալից ներդրումներ կատարել Հայաստանը ավելի գրավիչ, կայուն, բարեկամական և ժամանակակից դարձնելու համար»,- ասել է Բերբերյանը:
Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի Մարդու Գենետիկայի բաժնի գիտությունների թեկնածու Հայկ Բարսեղյանը, անցում կատարելով ճարտարապետությունից բժշկություն, մինչ գիտական կոչում ստանալն ու բժշկական դպրոց գնալը որոշել է աշխատել իր գիտական կոչման ուղղությամբ, քանի որ ականատես է եղել, թե ինչպես հանրությանը հայտնի շատ խանգարումներ ունեցող մարդկանց համար բուժումը գրեթե անհասանելի է եղել, ինչն էլ ոգեշնչել է Հայկին հետագայում ապահովել գենոտիպի վրա հիմնված անհատական բուժում: Մեծ հույսեր ունի հետազոտել մասնավորապես հայերի շրջանում տարածված հիվանդությունը: «Պլանավորում եմ սերտորեն համագործակցել Հայ Մարդկային Գենոտիպի ծրագրին` ուրվագծելու հայ գենոտիպը, ինչպես նաև բացահայտելու և առանձնացնելու հայերի շրջանում առավել տարածում ունեցող հիվանդությունները, ինչպիսին է օրինակ Ընտանեկան Միջեկրածովյան Տենդը (ԸՄՏ)»,- ասել է Բարսեղյանը:

ՀԲԸՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

ՀԲԸՄ-ն իր միջազգային կրթաթոշակների շրջանակներւմ 380.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Միացյալ Նահանգներից դուրս սովորող 230 ուսանողների:
Գոհար Գրիգորյանը Շվեյցարիայում Ֆրիբուրգի համալսարանի Միջնադարյան արվեստի պատմության բաժնի դոկտորատ է: Այնտեղ նա Կիլիկիայի հայկական արվեստի հետազոտություն է իրականացնում միջնադարյան Միջերկրածովյան արվեստի միջմշակութային փոխանակման կոնտեքստում: «Բակալավրիատում սովորելու տարիներին ես ինձ համար հայտնաբերեցի միջնադարյան հայ մշակույթի խորհրդանշական և աշխարհահռչակ բնույթը, որն էլ իմ դոկտորական աշխատանքի մեջ այս ոլորտում ընդգրկելու ներշնչանքի աղբյուր հանդիսացավ», - ասել է Գրիգորյանը: Անտոնիոս Թաշեջյանը նույնպես պատմության ակունքների նկատմամբ մեծ սեր ունի: Փարիզում Սորբոնի համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Անտոնիոսը արմատներով Լիբանանից է և ուսումնասիրում է բոլոր ժամանակների, ինչպես նաև Գերմանիայի և Պարսկաստանի/Իրանի պատմությունները: «Բակալավրիատի աստիճան ստանալուց հետո մտադիր եմ ասպիրանտուրան շարունակել քաղաքագիտության և Մերձավոր Արևելքի պատմության բաժնում կամ ցեղասպանագիտության ոլորտում: Ես միշտ մեծ եռանդով եմ զբաղվել նման թեմաների ուսումնասիրությամբ: Շնորհակալություն եմ հայտնում ՀԲԸՄ-ին իմ` պատմաբան, քաղաքագետ և պոլիգլոտ դառնալու գործում ունեցած մեծ ավանդի համար»,- ասել է Թաշեջյանը: Եվրոպայում ևս Վիկտոր Թարջյանը սովորում է Նիդեռլանդների Մաստրիխտի համալսարանի Զարգացող Շուկաներում Միջազգային Գործարար Ադմինիստրացիայի բաժնի բակալավրիատում: 2014թ. ՀԲԸՄ-ի «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակցելուց հետո Հայաստանի գյուղական համայնքների մանկատներին ներքնակներ և ծածկոցներ է նվիրաբերել, որից հետո միշտ մտածել է, թե ուրիշ ինչ է հնարավոր անել իր երկրի համար: ՀԲԸՄ-ի ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ 2016-2017թթ. ուսումնական տարիներին ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի կրթաթոշակի շրջանակներում 41 շահառուներ պարգևատրվել են ընդհանուր 113.000 ԱՄՆ դոլարի չափով: Շահառուները Հայաստանի և Սփյուռքի երաժիշտներ ու տարբեր բնագավառների արվեստագետներ են:
Կլառնետահար Նարեկ Հարությունյանը Մանհեթենի երաժշտական դպրոցի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է: Հորից կլառնետ նվագելու տաղանդով ոգեշնչված` հայկական ժողովրդական կլառնետահար Հարությունյանը ապագայի հետ կապված մեծ ձգտումներ ունի: «Մեծ հույսեր ունեմ դառնալ ճանաչված պրոֆեսոր և դասավանդել հետագա սերունդներին»:
Արմատներով հայ թավջութակահար Հասմիկ Վարդանյանը, սովորելով Հյուսթոնի համալսարանի Մուրի երաժշտական դպրոցում, աշխատում է արվեստի իր դիպլոմային աշխատանքի վրա: Որպես Միացյալ Նահանգների նորաթուխ ուսանող` նա շնորհակալ է ՀԲԸՄ-ի կողմից իրեն տրամադրված կրթաթոշակից, որի միջոցով կարողացավ մասնագիտանալ իր իսկ ոլորտում: «Ես այս ծրագրում եմ, որպեսզի բացահայտեմ երաժշտությունը նորովի մատուցելու ուղիները, ձեռք բերեմ նոր գաղափարներ ու նոր զգացողություններ: Երաժիշտը պետք է լինի միաժամանակ և՛ արվեստագետ, և՛ գեղանկարիչ, և՛փիլիսոփա, և՛ հոգեբան: Որքան ավելի շատ տեսնեմ, ապրեմ, ճամփորդեմ, կարդամ, այնքան այն ավելի մեծ ազդեցություն կունենա իմ աշխարհընկալման վրա, և այն որոշակիորեն կազդի իմ` որպես երաժիշտ անհատականության վրա»:
1920-ական թթ.-ից սկսած, ֆինանսավորվելով ՀԲԸՄ-ի դոնոր կազմակերպությունների կողմից հիմնադրված հաստատուն հիմնադրամների կողմից, ՀԲԸՄ-ի կրթաթոշակային ծրագիրը իր ներդրումն է ունեցել հայ երիտասարդների կրթական ձեռքբերումների հարցում` ֆինանսական աջակցություն տրամադրելով շուրջ 40 երկրների հայկական ծագում ունեցող ուսանողներին: Ներկայումս լրացուցիչ մասնագիտական նախաձեռնությունների միջոցով ՀԲԸՄ-ի կրթաթոշակային ծրագիրը ֆինանսական աջակցություն է առաջարկում բազմաթիվ հայ ուսանողների:
ՀԲԸՄ-ն հայտեր է ընդունում 5 տարբեր ոլորտներում կրթաթոշակներ տրամադրելու համար

• Դրամաշնորհների ժառանգության կրթաթոշակ Միացյալ Նահանգներում ՀԲԸՄ-ի երեք ավագ դպրոցներում սովորող ավարտական դասարանի աշակերտների համար

• Միացյալ Նահանգների հետբուհական կրթաթոշակներ բարձր մասնագիտական, մագիստրոսական և դոկտորական ծրագրերի ուսանողների համար

• Միացյալ նահանգներից դուրս սովորող ուսանողների համար միջազգային կրթաթոշակներ. Ծրագրի շրջանակներ գոյություն ունեն հատուկ հիմնադրամներ.

• Երաժշտության, դրամայի և կինոյի բնագավառում սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար կատարողական արվեստների կրթաթոշակներ

• Աստվածաբանության շուրջ հետազոտություն իրականացնող մագիստրատուրայի ուսանողների համար կրոնական ուսմունքների կրթաթոշակներ

Այժմ ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագիրը հայտեր է ընդունում 2017-2018թթ. ուսումնական տարվա համար: Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու, ինչպես նաև դիմելու կարգին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով` www.agbu-scholarship.org: