ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԲԸՄ ՆՈՒԲԱՐՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԿԱՅՔՆ ՈՒ ԹՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀԲԸՄ-ի Փարիզի «Նուբարյան» գրադարանը հպարտորեն հայտարարում է իր նոր կայքի մեկնարկի մասին, որը պարունակում է հսկայական տեղեկատվություն, լուսանկարներ, փաստաթղթեր և արխիվային նյութեր Օսմանյան կայսրությունում հայերի և հայկական սփյուռքի մասին: Գրադարանում տեղ գտած նյութերը հիմնականում վերաբերում են տասնիներորդ և քսաներորդ դարերին, որոնք պատմական ու գիտական արժեք են ներկայացնում հայկական մշակույթի ու ժառանգության պահպանման տեսակետից:

Կայքը, որ պարբերաբար թարմացվելու է թվայնացված նյութերով, արդեն իսկ համալրվել է հայտնի հայ գործիչների, ինչպես նաև հայերի կյանքը Օսմանյան կայսրությունում և վաղ սփյուռքում պատկերող լուսանկարների հավաքածուներով։ Գրադարանի պահոցներում են պահվում «Անտոնյան» արխիվից Հայոց Ցեղասպանության վկայությունների մասին պատմող նյութեր, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի արխիվներ, Հայ Ազգային պատվիրակության և ՀԲԸՄ-ի նմուշներով: Գրադարանի կայքում տեղադրված են նաև Կոստանդնապոլսում 1918-1920թթ.-ին ֆրանսերեն լեզվով հրատարակված «Վերածնունդ» ամսագրի թվային օրինակները, 2015թ.-ին Փարիզում տեղի ունեցած «Հայաստանը 1915թ.» ցուցադրության վիրտուալ շրջայցն ու գրադարանին պատկանող ժամանակակից Հայոց պատմության ու հայագիտությանը նվիրված ամսագրերի թվային հավաքածուները։

Նուբարյան գրադարանն ունի ավելի քան 43.000 տպագիր նյութ, 500.000 արխիվային փաստաթղթեր, 1500 պարբերականների հավաքածուներ, 10.000 լուսանկարներ, ինչպես նաև հարյուրից ավելի ձեռագրեր տասնիներորդ և քսաներորդ դարերից: Գրադարանը նաև ունի անտիպ նյութերի մի մեծ հավաքածու, ինչպես նաև հավաքում է կարևոր նշանակություն ունեցող պատմական փաստաթղթեր ժամանակակից հայոց պատմությանն առնչվող: « Ես ուրախ եմ, որ մեր ամիսների աշխատանքի արդյունքում ծնվեց մեր կայքն ու հույս ունեմ, որ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից կարող են գտնել իրենց անձնական հետազոտությունների ու գիտական աշխատանքների համար օգտակար նյութեր: Նուբարյան գրադարանի հավաքածուները շատ հարուստ են և մենք հնարավորության սահմաններում փորձում ենք այն հասանելի դարձնել առավել մեծ թվով մարդկանց» - ասում է Նուբարյան գրադարանի տնօրեն Բորիս Աջեմյանը:

ՀԲԸՄ Նուբարյան գրադարանը հիմնադրվել է 1928 թվականին ՀԲԸՄ հիմնադիր-նախագահ Պողոս Նուբար Փաշայի կողմից: Իր պատմության ընթացքում գրադարանը եղել է Հայկական սփյուռքի կարևորագույն հետազոտական կենտրոններից մեկը: Անցյալում գրադարանի ղեկավարն է եղել պոլսահայ հայտնի գրող և լրագրող Արամ Անտոնյանը, ում ղեկավարության ընթացքում քսաներորդ դարի առաջին կեսին խոշոր նվիրատվությունների, հայ քաղաքական գործիչների ու նրանց նամակների շնորհիվ գրադարանի հավաքածուն բավականաչափ ընդլայնվել է: Լինելով հայկական և Միջին Արևելքի ուսումնասիրությունների կենտրոն, ինչպես նաև հանդիսանալով մի կայք, որի միջոցով օգտատերերը կկարողանան մտքեր փոխանակել, գրադարանը ձգտում է դառնալ բազմազան հայկական հարցերի արխիվ և շարունակում է լինել անփոխարինելի աղբյուր գիտնականների, լրագրողների, վավերագրողների, հետազոտողների, ուսանողների և անհատների համար:

ՀԲԸՄ Նուբարյան գրադարանի թվային հավաքածուն տեսնելու համար, խնդրում ենք այցելել www.bnulibrary.org

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2017 Նորություններ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԲԸՄ ՆՈՒԲԱՐՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԿԱՅՔՆ ՈՒ ԹՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: