ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ԵՈՐԴԵԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԲԸՄ ԾՐԱԳՐԵՐԸ

Դեկտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական օգնության գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս Մանգասարյանը «Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերը» թեմայով զեկուցում ներկայացրեց: Նա նշեց, որ այս տարի Հայաստան տեղափոխված սիրիահայերի 150 ընտանիքի ավելի քան 7,5 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերվել, 800 հազար դոլար հատկացվել է Սիրիայում դպրոցների վերականգնման, սոցիալական աջակցությանը և այլ խնդիրների լուծմանը:

Զեկուցողը հավելեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական օգնության գրասենյակը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Արցախին: Իսկ 80 միլիոն դրամ հատկացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների և հաշմանդամների ընտանիքներին:

Նախարարը շնորհակալություն հայտնեց հոգևոր կառույցներին, հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ցուցաբերած օգնության և աջակցության համար:

ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը զեկույցում անդրադարձավ կազմակերպության կատարած աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին: Նա նշեց, որ ՀԲԸՄ շտապ օգնության 1 միլիոնանոց հիմնադրամն այսօր արդեն հատել է 4 միլիոն դոլարի սահմանագիծը: Խոսելով սիրիահայ ուսանողների ուսումնավարձերի հատուցման մասին՝ զեկուցողը նշեց, որ հաջորդ տարի այն կավելանա 26 տոկոսով:

Պատասխանելով Արևելք պարբերականի խմբագիր Սագօ Արեանի հարցին, որը վերաբերում էր Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի՝ սիրիահայերի աջակցությանն ուղղված 250 հազար դոլարի հատկացմանը, նա նշեց որ այդ հատկացումից ՀԲԸՄ-ի մասով նախատեսված ծրագիրն ընթացքի մեջ է, որով աջակցություն է ցուցաբերվում նրանց ովքեր մնում են Սիրիայում։

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2017 թվականի աշխատանքային ծրագրի նախագիծը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը ներկայացրեց իրավիճակը Սիրիայում: Նա շեշտեց, որ թեև սիրիական կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Հալեպի ազատագրման մասին, բայց սա միայն սկիզբն է: Ընդհանուր միջազգային արձագանքները միանշանակ չեն, վերջին 3 օրվա ընթացքում ՄԱԿ-ը 2 բանաձև է ընդունել՝ Սիրիայում մարդու իրավունքների վիճակի և վայրագությունների հետազոտման վերաբերյալ: Հայաստանում սիրիահայերի ներգաղթի և ինտեգրման 2017-2020թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Հայաստանում սիրիահայերի աջակցության և ինտեգրման աշխատանքները համակարգող քարտուղարության հրավիրյալ մասնագետ Նարինե Կարինյանը:

Ամփոփելով նիստը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ համակարգված, բարեխիղճ աշխատանքը, շնորհակալություն հայտնեց բոլոր կառույցներին և կազմակերպություններին համագործակցության համար: Նա շնորհավորեց բոլորի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը և հավելեց. «Թող Նարեկացու «Բարի միտք, բարի խոսք, բարի գործ» խոսքերը դառնան 2017 թվականի նշանաբանը: Մաղթում եմ, որ Նոր տարում մեր ժողովուրդը ունենա բարի խոսք և բոլոր ցանկությունները հաղթանակով և բարի գործերով ավարտվեն»:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ԵՈՐԴԵԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԲԸՄ ԾՐԱԳՐԵՐԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: