ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԲԸՄ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑԵՑ ՄԻ ՆՈՐ «ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիրիահայերը կստանան անվճար բժշկական խորհրդատվություն

2016թ. -ի դեկտեմբերի 5-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում բացեց «Քլոտիա Նազարեան» բժշկական սպասարկման կենտրոնը: Այս նոր բուժսպասարկման կենտրոնը ՀԲԸՄ «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի մասն է, որի շրջանակներում սիրիահայերը կստանան անվճար բժշկական խորհրդատվություն: Կենտրոնում կմատուցվեն գինեկոլոգիական, սրտաբանական, ակնաբուժական և մանկաբուժական ծառայութուններ՝ համալրելով ՀԲԸՄ-ի մարդասիրական առաքելությունը:

Բժշկական կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր: Արարողության ընթացքում թվով յոթ սիրիահայ բժիշկներ արժանացան ՀՀ սփյուռքի նախարարության ու ՀԲԸՄ-ի կողմից շնորհակալագրերի և հուշանվերների՝ ՀԲԸՄ Սիրիահայերի բժշկական ծառայությունների կենտրոնում կատարած կամավոր ու արդյունավետ աշխատանքի համար: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանը և Արուշ Եսայանը եւս (delete) արժանացան ՀԲԸՄ-ի կողմից տրված հուշանվերների՝ առ ի գնահատանք միության կառույցներում իրենց երկարամյա ու նվիրյալ գործունեության:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի առաջին իսկ օրերից մեծ է եղել ՀԲԸՄ-ի ներդրումը սիրիահայերի աջակցության գործում: Միությունն իր դռներն է բացել բոլոր սիրիահայ ընտանիքների առջև՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուրին: Պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանիքների կեցության խնդիրները հոգալու համար ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀԲԸՄ-ի հետ համատեղ հիմնեցին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն:

ՀԲԸՄ-ի և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ ուժերով ստեղծված «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն, գործելով միևնույն կենտրոնում, նորաբաց «Քլոտիա Նազարեան» բժշկական սպասարկման կենտրոնի հետ, իր ստեղծման առաջին իսկ օրվանից Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքներին տրամադրել է մարդասիրական օգնություն՝ բժշկական, բնակարանային, ֆինանսական և կրթական ծրագրերի շրջանակներում:

ՀՀ կառավարության և «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հետ համատեղ ՀԲԸՄ-ն իրականացնում է հայաստանյան բուհերում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիր, որը մեկնարկել էր 2013 թ.: 2016-2017 ուսումնական տարվա համար ՀԲԸՄ-ն ավելացրեց իր ներդրումն այս ծրագրին՝ գումարը հասցնելով 180.000 ԱՄՆ դոլլարի: Այս տարի Հայաստանում սովորող 437 սիրիահայ ուսանողներ օգտվելու են ծրագրից: Այս ներդրումը հնարավորություն է ընձեռում պատերազմի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված և Հայաստան տեղափոխված սիրիահայ ուսանողներին շարունակել իրենց կրթությունը հայաստանյան բուհերում:

Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում «Չերչյան ընտանիք» հիմնադրամի հետ համատեղ ՀԲԸՄ-ն տրակտորներ, գյուղատնտեսական պարագաներ, վառելիք և սերմեր է նվիրաբերել հողագործությամբ զբաղվող սիրիահայ ընտանիքներին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԲԸՄ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲԱՑԵՑ ՄԻ ՆՈՐ «ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: