ՀԲԸՄ 110 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱԲԱԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-5-Ը

 

 

ՏԱՐԵԿԱՆ ՇՈՒՐՋ 500 ՀԱԶԱՐ ՀԱՅԵՐ ԱՌՆՉՎՈՒՄ ԵՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Միացե՛ք մեզ՝ միասնաբար տոնելու Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հիմնադրման 110 ամյակն ու մասնակցեք հոբելյանին նվիրված միջոցառումներին, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 1-5-ը Երևանում: Անցնող 110 տարիների ընթացքում միությունը հանդիսացել է փարոս հայության համար Հայաստանում և սփյուռքում: Միջոցառումների շարքը համախմբելու է ՀԲԸՄ-ի ղեկավարությանը, անդամներին, գործընկերներին, բարեկամներին՝ տոնախմբելու նշանակալի այս իրադարձությունն ու վերահաստատելու «ՄԻՈՒԹԻՒՆԸ ԶՕՐՈՒԹԻՒՆ է» ՀԲԸՄ-ի երկարամյա կարգախոսը:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սփյուռքի խոշորագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է, որը նվիրվել է հայկական ժառանգության պահպանմանը՝ կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով: Միության առաջնորդների տեսլականի, ինչպես նաև նրա նվիրյալ բարերարների ու անդամների օժանդակության միջոցով միությունը տարիներ շարունակ ծանրակշիռ դերակատարություն է ունեցել հայկական արժեքների և ավանդույթների պահպանման գործում՝ որդեգրելով բոլոր ժամանակների պահանջներին ու կարիքներին համահունչ ծրագրեր:

1906թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր կոչումին՝ համայն հայության բարգավաճմանը նպաստող հիմքերի ստեղծմանը: Այսօր Միությունն ունի 74 շրջանակային հանձնաժողովներ, մասնաճյուղեր, գործընկեր կազմակերպություններ, 28 երիտասարդ արհեստավարժների համախմբումներ, 24 դպրոցներ, մշակութային ու երիտասարդական տասնյակ կենտրոններ, գեղարվեստական, մարզական ու սկաուտական խմբեր: Իր պատմության ողջ ընթացքում Միությունը հավատարիմ է մնացել նաև իր հիմնադիրների տեսլականին՝ ներդրումներ կատարել հայ ժողովրդի բարոյական և իմացական զարգացման ասպարեզներում ու կենտրոնանալ բոլոր համայնքներում կայուն զարգացման ծրագրերի վրա: Տեսլական, որն այսօր նույնպես շարունակվում է՝ ի նպաստ առավել պայծառ ապագայի կերտմանը:

Հոբելյանական միջոցառումների ծրագիրը՝

Դեկտեմբերի 1 – 18:00 - ՀԲԸՄ գործընկերների գնահատանքի օր

Դեկտեմբերի 2 – 11:00 - Մամուլի ասուլիս
- «ՀԲԸՄ հարյուրամյա պատմություն» էլ. գրքի շնորհանդես` Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացմամբ
- #Snapshot110 լուսանկարչական ցուցահանդես
19:00 - «ՀՈԳԻՍ» երաժշտական պարային ներկայացում Օպերայի դահլիճում

Դեկտեմբեր 3 – 14:00 - «ՀԲԸՄ զրույցներ» վարչապետ Կարեն Կարապետյանի հետ

Դեկտեմբեր 4 – 19:00 - Գալա ընթրիք–դրամահավաք

Դեկտեմբեր 5 – 10:00 - «Օգնենք Արցախին» արշավ. բուժսարքավորումների նվիրաբերում ՀՀ Պաշտպանության նախարարությանը 

15:00 - Սիրիահայերի բժշկական կենտրոնի պաշտոնական բացում՝ ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ՀԲԸՄ 110 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱԲԱԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-5-Ը

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: