ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՇՈՒՇԻԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում, սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցավ Շուշիի ուսանողական հանրակացարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը:

Շուրջ 230 հոգու համար նախատեսված հանրակացարանի շենքը համալրված է բոլոր անհրաժեշտ ու նորագույն սարքավորումներով և ծառայելու է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի և «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի ուսանողների և դասախոսական կազմի համար:

Շուշիի հանրակացարանային համալիրի նորամուտը իրականություն է դարձել նաև ՀԲԸՄ բարերարներ, լիբանանահայ Լևոն և Արթուր Նազարյանների առատաձեռն նվիրատվության շնորհիվ` ի հիշատակ իրենց ծնողների՝ ազգային բարերարներ Կարպիս և Արեգ Նազարյանների: «Երեք տարի առաջ, երբ հայրս դեռ ողջ էր, ցանկանում էր, որ ես և եղբայրս՝ Արթուր Նազարյանը, դպրոց հիմնեինք Արցախում: Ժամանելով Ստեփանակերտ՝ հանդիպում ունեցա ԼՂՀ վարչապետի հետ, ով ինձ ասաց, որ իրենք նմանատիպ մեկ այլ ծրագիր են իրականացնում, և ցանկության դեպքում կարող ենք մեր աջակցությունը բերել այդ ծրագրի իրականացմանը: Համաձայնեցինք, և ահա այսօր այն իրականություն դարձավ», նշեց Լևոն Նազարյանը, ով ժամանել էր ԼՂՀ՝ մասնակցելու այս կարևոր միջոցառմանը:

Հանրակացարանի բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամներ Վազգեն Յակուբյանը և Ռուբեն Վարդանյանը, ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, որից հետո Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կատարեց օրհնության կարգը: Նա մասնավորապես նշեց. «Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումը ունեցան այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում, քանզի սա գեր ռազմավարական ծրագիր է: Լույս, միտք, գիտելիք տալ նշանակում է տալ ամեն ինչ»:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը: Հանրակացարանի ճեմասրահում տեղադրված ազգային բարերարներ Կարպիս և Արեգ Նազարյանների բարձրաքանդակի առջև հյուրերը ծաղիկներ խոնարհեցին, որից հետո շրջեցին հանրակացարանի շենքում և ծանոթացան համալիրի պայմաններին:

Շուշիում ընթացքի մեջ է երկրորդ հանրակացարանային համալիրի հիմնանորոգումը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՇՈՒՇԻԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: