ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԷՎԵՐԵՍՏԸ ՄԱԳԼՑԱԾ ՀԱՅԱԶԳԻ ԼԵՌՆԱԳՆԱՑ ԱՐԱ ԽԱՉԱԴՈՒՐՅԱՆԻՆ

Օգոստոսի 11-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հյուրընկալեց Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանին, ով մագլցել է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում կայացած միջոցառմանը ներկա էին սկաուտներ, երիտասարդներ, փորձառու լեռնագնացներ, ինչպես նաև ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները և այլ հյուրեր:

Միջոցառմանը ցուցադրվեց մագլցումը նկարագրող կարճամետրաժ ֆիլմ, որից հետո Խաչադուրյանը մասնակիցների հետ կիսվեց իր փորձառությամբ, ինչպես նաև պատմեց դրվագներ իր հետաքրքրական կյանքից, ով, գաղթելով Լիբանանից Ֆրանսիա, հաջողությամբ համադրում է ոսկերչությունն ու լեռնագնացությունը: Խաչադուրյանը ներկաներին պատմեց մանրամասներ նաև այն մասին, թե ինչն է ոգեշնչել իրեն հաղթահարել այդ ֆիզիկապես ծանր, բայց միևնույն ժամանակ այդքան զգացմունքային փորձությունը:

2016թ. -ի մայիսի 22-ին, հաղթահարելով 8,848 մետր բարձրությունը, Արա Խաչադուրյանը բարձրացրել է Հայաստանի հանրապետության, Լեռնային Ղարաբաղի, Ֆրանսիայի և Լիբանանի ազգային դրոշները՝ իր հաղթանակը նվիրելով աշխարհասփյուռ հայության միասնականությանը:

Տարբեր կազմակերպությունների և ակումբների խորհրդանշանների հետ մեկտեղ, Խաչադուրյանը ծածանել է նաև ՀԲԸՄ-ի դրոշը՝ ի նշան ՀԲԸՄ Լիբանանի սկաուտական շարժման իր մասնակցության տարիներին ձևավորված հզոր հայրենասիրական ոգու, առաջնորդության և նպատակասլացության:

Արա Խաչադուրյանը արժանացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից շնորհակալագրի,ինչպես նաև օրերս կարժանանա ՀՀ Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալին»:

Արա Խաչադուրյանը մագլցել է աշխարհի ամենաբարձր ութ գագաթները՝ Մոնբլան, Ֆրանսիա - 4,807մ (2007թ), Արարատ, Թուրքիա - 5,137մ (2011թ), Կիլիմանջարո, Աֆրիկա - 5,896մ (2012թ), Կոտոպաքս, Էկվադոր - 5,897մ (2013թ.), Սահամա, Բոլիվիա - 6,542մ (2013թ.), Հուասկարան, Պերու - 6,655մ (2013թ.), Լենին, Ղրղզստան - 7,134մ (2016թ.), Էվերեստ, Նեպալ - 8,848մ (2016թ.):