ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՑԱՐԴ ՀԱՎԱՔԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ $325,000-Ի ԳՈՒՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ Հայաստանը ֆինանսապես աջակցում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին

Ապրիլյան քառօրյա պատերազմից ի վեր, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր շրջանակների կողմից առաջ տարվող հանգանակությունների, անհատ նվիրատուների ներդրումների, ինչպես նաև Կենտրոնական վարչական ժողովի հատուկ հատկացման շնորհիվ ցարդ հավաքել է ավելի քան 325,000 ԱՄՆ դոլլար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ու հայոց բանակին աջակցելու նպատակով: Ադրբեջանի իրականացրած լայնամասշտաբ ռազմական գործողությունններից հետո, ինչպես նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անվտանգության սպառնալիքների շարունակական դրսևորումների արդյունքում, խիստ անհրաժեշտություն առաջացավ խնդրի շուրջ համախմբել աշխարասփյուռ հայությանը: ՀԲԸՄ-ն վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի և Արցախի բնակչությանը և զինված ուժերին, ինչպես նաև հրատապ կերպով աջակցություն է տրամադրում պաշտպանական մարտերի ընթացքում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը:

Մայիսի 13-ին, ՀԲԸՄ Հայաստանի աշխատակիցներն այցելեցին ծանր վիրավորված զինծառայողներին և կամավորներին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հիվանդանոցում ու Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: ՀԲԸՄ Հայաստանի անձնակազմը շարունակեց այցելությունները զոհված զինծառայողների, ինչպես նաև արդեն իսկ տուն վերադարձած վիրավոր զինվորների ընտանիքներին Շիրակի և Արարատի մարզերում՝ յուրաքանչյուր ընտանիքին հատկացնելով 1000-ական ԱՄՆ դոլար:

Մայիսի 21-ին և 22-ին ՀԲԸՄ Հայաստանի աշխատակիցներն այցելեցին նաև Ստեփանակերտի զինվորական հիվանդանոց, ինչպես նաև Մարտակերտի, Մարտունիի ու Հադրութի շրջանների զոհված զինծառայողների ընտանիքներին՝ նրանց ևս տրամադրելով 1000-ական ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն:

ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը հանդիպեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին և ներկայացրեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրի ուղղությունները, որոնք ներառում են զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին ֆինանսական աջակցություն, տեղահանված ընտանիքներին ցուցաբերվող օգնություն, ինչպես նաև առաջիկայում շտապ օգնության և բժշկական շարժական սարքավորումների ձեռք բերում:

Երևան վերադառնալուց հետո ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակն անմիջապես կձեռնակի աջակցության ծրագրի մենակարևոր փուլի իրականացումը, այն է՝ բժշկական սարքավորումների ձեռք բերում, ինչպես նաև աջակցություն զինված ուժերին: Բժշկական առաջնահերթ սարքավորումների ցուցակը համաձայնեցվել է ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև զորամասերի բժշկական բաժանմունքների հետ: Ձեռք են բերվելու շտապ օգնության և անմիջական բուժման բժշկական սարքավորումներ, ինչպես նաև արյունակարգ միջոցներ, շարժական ռենտգեն սարքեր: §Մենք հավատացած ենք, որ շնորհիվ այդ սարքավորումների բազմաթիվ զինծառայողների կյանքեր կարող են փրկվել¦, նշեց Հովիկ Եորդեկյանը:

Ապրիլի սկզբից մինչ օրս, ՀԲԸՄ Հայաստանը օգնություն է տրամադրել ավելի քան 70 տեղահանված անձանց՝ ներառյալ 30 երեխայի՝ նրանց ապաստան տալով Ստեփանակերտի Նաիրի հյուրանոցում, ուր ՀԲԸՄ Ղարաբաղյան ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը կազմակերպում է նրանց կեցությունը:

Ռեսուրսները ճիշտ ուղղորդելու նպատակով ՀԲԸՄ-ն սկսեց իր ծրագրերը համակարգել մի շարք կառավարական մարմինների, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ովքեր ևս կազմակերպել են դրամահավաք արշավ՝ ի աջակցություն Արցախի:

Այս համագործակցության արդյունքում ՀԲԸՄ Հայաստանի, Վերադարձ Հայաստան հիմնադրամի, Սահման հ/կ-ի և Արար հիմանդրամի ջանքերով ստեղծվեց Համակարգող Մարմին, որին հետագայում միացան նաև այլ կազմակերպություններ: Պարբերաբար կազմակերպվող հանդիպումների ժամանակ կազմակերպությունները կիսվում են իրենց փորձով, ինչպես նաև հանդես գալիս առաջարկություններով:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կոչ Է անում իր անդամներին հնարավորությունների ամբողջական նվիրաբերումով բազմապատկելու իրենց ջանքերը, պատվով կատարելու համար Արցախի զորակցությանն ուղղված համազգային հանձնառությունը: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել Արցախին օգնելու մեր դրամահավաք արշավին:
ՀԲԸՄ-ի «Օգնենք Արցախին» դրամահավաք արշավը շարունակվում է. http://www.agbu.am/am/help-artsakh

Յուրաքանչյուրս կարող ենք մեր ներդրումն ունենալ Արցախի օգնության համազգային գործին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ» ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՐՇԱՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՑԱՐԴ ՀԱՎԱՔԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ $325,000-Ի ԳՈՒՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: