ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՐԻՈՅԻ ՀԱՄԵՐԳԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 14-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի կենտրոնատեղիում միաժամանակ անցկացվեց երկու միջոցառում՝ «Արցախ՝ խաղաղության ուղերձ» խորագրով ցուցահանդես և դասական երաժշտության երեկո՝ մասնակցությամբ Արամ Խաչատրյան տրիոյի:

Միջոցառման առաջին հատվածում ներկաները ծանոթացան Արցախում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող կրթական, հոգևոր և մշակութային ծրագրերին՝ դահլիճի պատերին փակցված նկարների միջոցով, որոնցում պատկերված էր լուսավոր ու շնչող Արցախը: Այն կազմակերպվել էր «Փոտոլուր» գործակալության հետ համատեղ՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում խաղաղություն և բարեկեցություն խթանելու նպատակով: Քառօրյա պատերազմից հետո ՀԲԸՄ-ն որոշել է էլ ավելի ընդլայնել Արցախյան ծրագրերը:

«Մենք, անշուշտ, եղել ենք Արցախում և Լեռնային Ղարաբաղի կառավարության հետ քննարկել ենք Արցախի օգնության ծրագրերը: Մենք արդեն իսկ որոշակի մարդասիրական օգնություն տրամադրել ենք Արցախին, այժմ էլ քննարկում ենք ավելի լայն և ընդգրկուն ծրագրեր իրականացնելու հնարավորությունները», ասաց ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը:

Միջոցառման երկրորդ հատվածում հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգը, որը կազմակերպվել էր ՀԲԸ Միության 110 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Համերգի ժամանակ գործի դրվեց նաև վերջերս Արթինյան ընտանիքի կողմից նվեր ստացված նոր KAWAI SK L7 դաշնամուրը՝ ի հիշատակ միության պատվավոր անդամ Սուրեն Արթինյանի:

Համերգի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում քառօրյա պատերազմի ընթացքում զոհված այն զինվորների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի սահմանների պաշտպանության համար:

Ծրագրում հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, և Կոմիտասի կատարումները:

Երեկոյի պատվավոր հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Մեր երգը և մեր կրակոցը նույնն են եղել միշտ: Ոգի և ոգու հաղթանակ, սա է միավորել այս երկու ճակատները: Այո, այսօր խորհրդանշական օր է: Այս օրերին, այսպիսի լարված իրադրության մեջ, երբ բոլորիս մտահոգությունը Արցախում տեղի ունեցած լարված դեպքերն են, Երևանի սրտում այսպիսի հիանալի դահլիճ է բացվում՝ մեր առջև պարզելով իր համերգային գործունեության ապագան»:

Միջոցառմանը ներկա էին մի շարք անվանի արվեստագետներ, մշակութային գործիչներ, միության անդամներ և բազմաթիվ այլ հյուրեր, այդ թվում՝ հանրահայտ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գործադիր տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Արմինա Դարբինյանը, հայտնի երաժիշտներ և կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանը, Վարդան Գրիգորյանը, Լիլիթ Պիպոյանը, Մարինա Ալեսը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը և այլոք:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնած միջոցառման ընթացքում տեղի ունեցավ դրամահավաք, որից գոյացած ողջ գումարը կտրամադրվի Արցախին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq