ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ

Մայիսի 30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:

Հանդիպման ընթացքում ՀԲԸՄ նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց օրեր առաջ Մոսկվա կատարած այցի արդյունքները և ազգային ու եկեղեցական կառույցներում հանդիպումների իր տպավորությունները` տեղեկացնելով նաև ՌԴ-ում ՀԲԸՄ մասնաճյուղ հիմնելու ծրագրի մասին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից ապրիլին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով սանձազերծված ռազմական գործողություններին և դրանց աղետալի հետևանքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը մեծապես կարևորեցին Հայաստանում և Սփյուռքում ի զորակցություն Արցախի ու արցախահայության կազմակերպված հանգանակությունները, ցուցաբերված օգնությունը և հաստատեցին այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը:

Նորին Սրբությունն այս առիթով իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ՀԲԸՄ նախագահին և ՀԲԸՄ անդամներին Արցախում իրականացվող բազմաբնույթ ծրագրերի և դժվարին այս շրջանում դրսևորած զորակցության համար:

Հանդիպմանը քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ համատեղ կրթական, սոցիալական և եկեղեցաշինական ծրագրերը, խոսվեց նաև Միջին Արևելքի հայկական համայնքներում տիրող իրավիճակի, մասնավորաբար` սիրիահայության կացության մասին: