ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՈՎԻԿ ԵՈՐԴԵԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐՄԵՆԻԱՆԱՈՒ»-Ի ՀԵՏ

Հայկական ամենախոշոր բարեգործական կազմակերպությանը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործընթացները ոչ միայն չեն խանգարում շարունակել արդեն գործող ծրագրերն իրականացնել, այլև նորերի համար պարարտ հող են ստեղծել։

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ում սանձազերծված պատերազմական գործողությունները շատերի հայացքները թեքեցին դեպի այս փոքրիկ հողակտորը։ Բազմաթիվ բարեգործական ծրագրեր են այս օրերին իրականացվում, որոնցից անմասն չի մնացել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որն առաջիկայում կհայտարարի ԼՂՀ-ին հատկացվելիք մեծածավալ օգնության մասին։ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանն «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում նշում է, որ ծրագրի շրջանակներում օգնության ձեռք են մեկնելու զոհվածների ընտանիքներին։

«Բացի այդ, նախատեսվում է ձեռք բերել բժշկական խնամքի, շտապօգնության սարքավորումներ։ Արցախի օգնության համար հանգանակություն ենք կազմակերպել սփյուռքի մեր կառույցների անդամների, բարեկամների միջոցով։ Գումարների մի մասն արդեն փոխանցվել է ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին, իսկ մնացած մասն օգտագործվելու է այդ բժշկական սարքավորումները ձեռք բերելու համար»,- ասում է Եորդեկյանը։

Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունների օրերին ՀԲԸՄ-ն նաև աջակցություն է տրամադրել տեղահանվածներին, հոգում են մի փոքր խմբի կեցության և սննդի հարցերը։

Եորդեկյանը տեղեկացնում է, որ չնայած լարված իրավիճակին` շարունակում են իրականացնել ՀԲԸՄ արցախյան ընթացիկ ծրագրերը։

Հայկական երկու հանրապետությունների զարգացմանը մշտապես խթանող ՀԲԸՄ-ն մինչ այս էլ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։

Մասնավորապես, Ղարաբաղում կառուցվել է պատերազմի վետերանների և այրիների համար նախատեսված շենքը, վերակառուցվել է Ստեփանակերտի 7-րդ դպրոցը, Ստեփանակերտում բարեկարգվել է Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցը, որտեղ կանգնեցված է մեծ բարերարի արձանը։

ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ 2002 թ. սկսվեց Ղարաբաղի Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց ՀԲԸ միության Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել 1988-1994 թթ. պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։

ԼՂՀ-ում ՀԲԸՄ-ի կառուցած 35 տներում ընդհանուր առմամբ ապրում է շուրջ 150 մարդ, այդ թվում` երիտասարդ ընտանիքներ։

2015-ի աշնանը Ստեփանակերտում բացվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ ուսում կստանան 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխաներ։ Իսկ դեռևս 2004-ին ՀԲԸՄ-ի անմիջական նախաձեռնությամբ ստեղծված Ղարաբաղի կամերային նվագախումբն այսօր էլ հաջողությամբ ծավալում է իր գործունեությունը։

Նյութը՝ Գոհար Աբրահամյանի