ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՋՈՆ ՍՏԵՆՄԱՅԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 18-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի կենտրոնատեղին հյուրընկալել էր National Geographic-ի լուսանկարիչ, World Press Photo և Ռոբերտ Կապայի անվան հեղինակավոր մրցանակների արժանացած, ինչպես նաև էմմի հեղինակային մրցանակին առաջադրված Ջոն Ստենմայերին, ով ներկայացրեց աշխարհի առաջատար հրատարակությունների հետ աշխատելու, դրանց էջերում տպագրվելու իր ավելի քան 20-ամյա փորձը:

Բազմաթիվ մրցանակների արժանացած 52-ամյա ամերիկացի լուսանկարիչը ներկայացրեց իր ֆոտոնախագծերի ստեղծման պատմությունն ու ընթացքը: Ստենմայերը այցելել է ավելի քան հարյուր երկրներ, այդ թվում` Հնդկաստան, Թուրքիա, Մալազիա, Տանզանիա, Քենիա, Զամբիա, Ինդոնեզիա, Եթովպիա, ինչպես նաև Հայաստան, որտեղ և կերտել է իր «խոսուն» լուսանկարներից բաղկացած ֆոտոպատմությունները: Իր լուսանկարների միջոցով նա ներկայացնում է աշխարհում առկա խնդիրները` մահացու հիվանդություններ, աղետներ, գլոբալ տաքացում, տարօրինակ և միևնույն ժամանակ հետաքրքիր ավանդույթներ, տարբեր ազգեր, քաղաքակրթություններ և այլն:

Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը: Նա ներկաներին պատմեց Ստենմայերի կյանքի, անցած ուղու, հաջողությունների և ձեռքբերումների մասին:

Ողջ հանդիպման ընթացքում դահլիճում տեղադրված մեծ էկրանի միջոցով Ստենմայերը ցուցադրում էր լուսանկարներն ու պատմում յուրաքանչյուր նկարում պատկերված մարդու պատմությունը:

Ստենմայերը եղել է նաև Արևմտյան Հայաստանում՝ Սասունում, Անիում, Վանում և այլ գյուղերում ու քաղաքներում: Այստեղ նա հանդիպել է Հայոց ցեղասպանությունից փրկվածների հետ և նրանց միջոցով ներկայացրել հարյուրամյա ցավը: Այս լուսանկարներով պատրաստված հոդվածն արդեն իսկ հասանելի է առցանց: Իսկ պատմական Հայաստանի մասին ֆոտոպատմությամբ National Geographic-ի տպագիր տարպերակը հասանելի կլինի ապրիլին:

«Լուսանկարների միջոցով մենք՝ լուսանկարիչներս, պատմում ենք մեր իսկ պատմությունները: Կարծում եմ, որ հայերը աշխարհին պատմելու շատ պատմություններ ունեն, և դա այսօր հնարավոր է անել սոցիալական ցանցերի միջոցով»,- նշեց լուսանկարիչը:

Ջոն Ստենմայերը հիշեց, որ ֆոտոպատմությունը լուսանկարելու ողջ ընթացքում տարբեր քաղաքների բնակիչները նրան անդադար հարցնում էին, արդյո՞ք նա ազգությամբ հայ է ու եկել է ավերված հայկական եկեղեցիներում հարստություններ գտնելու:

Անդրադառնալով ժամանակակից հաղորդակցության ոլորտին՝ Ջոնը հանգամանորեն ներկայացրեց սոցիալական ցանցերում «ինքնահրատարակվելու» մասին իր գիտելիքները: Ստենմայերը դահլիճում գտնվող լուսանկարիչներին հորդորեց լայնորեն օգտագործել նաև իրենց բջջային հեռախոսները, ասելով, որ դրանք շփվելու և ստեղծագործելու հսկայական ներուժ ունեն:

Նշենք, որ Իսրայելում iPhone-ով արված Ստենմայերի լուսանկարը լուսանկարչության պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է որպես National Geographic ամսագրի շապիկ, որի մասին ևս նա խոսեց հանդիպման ժամանակ:

Հանդիպման ավարտին Ստենմայերը սիրով պատասխանեց նաև ներկաներին հուզող հարցերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց «4 պլյուս» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնի լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանին և Նազիկ Արմենակյանին, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ աշխատակիցներին` հանդիպումը հնարավոր դարձնելու համար:

Լուսանկարիչը հույս հայտնեց, որ շուտով կրկին հնարավորություն կունենա վերադառնալու Հայաստան:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՋՈՆ ՍՏԵՆՄԱՅԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: