«ՎԵՐԼՈՒԾԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՐՏԵԼ ԱՊԱԳԱՆ». ՌԱՅՄՈՆԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չորեքշաբթի, մարտի 2-ին, ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում տեղի ունեցավ ֆրանիսահայ պատմաբան, ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀԲԸՄ Փարիզի Նուբարյան գրադարանի նախկին երկարամյա տնօրեն Ռայմոնտ Գևորգյանի «Վերլուծել պատմությունը և կերտել ապագան» դասախոսությունը, որին ներկա գտնվեցին շուրջ 200 հանդիսականներ: Դասախոսության բացման խոսքն ասաց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, որ ամփոփ գծերով ներկայացրեց Գևորգյանի պատմագիտական գործունեությունը: Մինչև դասախասության մեկնարկը, ներկաները դիտեցին հանրային հեռուստատեսության կողմից ցուցադրած ՀԲԸՄ Փարիզի Նուբարյան գրադարանի մասին պատմող մի կարճատև ռեպորտաժ: ՀԲԸՄ Հիմնադիր նախագահ Պողոս Նուբարի կողմից 1928-ին հիմնադրված գրադարանում խնամքով պահպանվում է 44 000 գրքից բաղկացած հավաքածու և 800 000 արխիվային նյութ ու 19-րդ դարի շուրջ 280 ձեռագիր մատյաններ:

Դասախոսության սկզբում Ռայմոնդ Գևորգյանը շեշտեց պատմությունը վերլուծելու ու դասեր քաղելու անհրաժեշտությունը, հայտնելով որ՝ «այն ազգը, որ չէ ուսումնասիրած իր պատմությունը, վերջացած ազգ է»: Նա կարծիք հայտնեց, որ քաղաքական տեսանկյունից Հայաստանը այնքան էլ մեծ խաղաքարտեր չունի դիմադրելու Թուրքիայի նման հսկա պետությանը: Ըստ նրա, հազվագյուտ քարտերից մեկը, որ հայության ձեռքում է, ցեղասպանության հարցն է: «Միջազգային ասպարեզում շարունակելով ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պայքարն ու ցույց տալով դրա կարեւորությունը՝ մենք Թուրքիայի դեմ ճնշում գործադրելու առիթ ենք տալիս», հավելելով, որ դա միակ գործիքն է, որն ունենք: Նա զուգահեռներ տարավ Առաջին եւ Երկրորդ Աշխարհամարտերի ժամանակ տեղի ունեցած զանգվածային ոճիրների որոշ նմանությունների եւ դրանց միջեւ կապի գոյության մասին, որն ըստ բանախոսի կդյուրացնի Հայոց ցեղասպանության ըմբռնումը միջազգային ասպարեզում:

Բանախոսի կարծիքով սովորական պետությունները ցեղասպանության քայլին դիմելու ընդունակ չեն: Այս տեսակետից, երիտթուրքերի և ապա քեմալիստների գաղափարախոսությունն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ դրանց հիմքում ընկած է ազգայնամոլությունը: Գևորգյանը հայտնեց, որ պատմաբաններն ասյօր կարող են նկատել այս նույն գաղափարախոսության շարունակության դրսեւորումները Թուրքիայում ներկայումս իշխող շրջանակներում: Գևորգյանը նկատել տվեց, որ այսօր Թուրքիայում ներքին թշնամու անունը փոխվել է ու այլեւս հայերը չեն, այլ քրդերը: Նա նմանություն է տեսնում քրդերի հանդեպ ներկայիս Թուրքիայի քաղաքականության ու անցյալ դարի դեպքերի միջև, մի տարբերությամբ որ այսօր միջազգային մասշտաբի պատերազմ չկա ու այդ պատճառով էլ ցեղասպանության նվազ վտանգ կա: Գևորգյանը համոզված է, որ քրդական գործոնն այլեւս իրականություն է ու Թուրքիան այժմ փորձում է բոլորին համոզել, թե քրդերը ահաբեկիչներ են: «1890-ականներին նույն բանն ասում էին հայերի մասին ու համոզված եմ, որ ապագայում քրդական գործոնն անկասկած դառնալու է Մերձավոր Արեւելքի ամենակարեւոր հարցերից մեկը», շեշտեց նա, ցավ հայտնելով, որ չի տեսնում թե Հայաստանը ինչ լուրջ դեր կարող է խաղալ այս հարցի շուրջ: Նա հիշեցրեց, որ 1915 թ.-ին քրդերի մի մասը գործիք դարձավ իշխանության ձեռքում՝ իրագործելու ցեղասպանությունը, սակայն ոչ բոլոր քրդերն էին ներգրավված դրանում: Այսօր Թուրքիայում ամենաշատը զղջման ոգի կա հենց քրդական շրջանակներում: Քրդերի շրջանում կա հստակ գիտակցություն, որ այն, ինչ կրկնվում է իրենց հետ տասնյակ տարիներ ի վեր, ունի նույն արմատը՝ թուրքական ազգայնամոլությունը:

Ռայմոնդ Գևորգյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ու Եվրոպայում հրեաների Հոլոքոստի իրագործման կապին: «17 հազար գերմանացի սպա մասնակցել է Առաջին աշխարհամարտի Արեւելյան ճակատի գործողություններին: Նրանց մի մասը հետո անդամագրվել է նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի համար զանգվածային ոճիր իրականացնելու մոդել է եղել հենց երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը: Հիտլերը հայտարարում էր, որ իրենք երիտթուրքերի աշակերտներն են: Այնուհետեւ նրանք հանրության մեջ սկսեցին քարոզել, որ թուրքերը գտել էին փոքրամասնությունների հարցը լուծելու լավագույն ձեւը: Քարոզելով, որ Հայոց ցեղասպանությունը ուներ հիմնավորում ու արդարացում թուրքերի համար՝ նացիստական ռեժիմը նախապատրաստեց Գերմանիայի հանրային կարծիքը հրեաների դեմ նույն մեթոդներով վարվելու համար: Կարծում եմ, որ այս փաստերի մասին պետք է խոսել: Պետք է բարձրաձայնել, որ Գերմանիան մեր հանդեպ մեղք ունի քավելու» ասաց նա:

Բանախոսն անդրադարձավ հայապատկան կալվածքների խնդրին, Թուրքիայում բնակվող իսլամացած հայերին, պոլսահայությանը, ինչպես նաեւ Թուրքիայի այն մտավորականներին ու ազատամիտ մարդկանց, որոնք այսօր պայքարում են այդ երկրի ժողովրդավարացման համար: Նա համոզված է որ ձերբազատվելով նախապաշարումներից պետք է հավատանք այդ մարդկանց անկեղծ մտադրություններին ու շփվենք նրանց հետ առանց վախի: Այս և այլ հարցերին պատասխանելուց հետո, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրենը եզրափակեց դասախոսությունն ու հաջողություններ մաղթեց Գևորգյանին՝ հետագա գիտական, դասախոսական ու հասարակական գործունեության ասպարեզներում:

Ռայմոնդ Գևորգյանն ավարտել է Սեն-Դենիի փարիզյան համալսարանը, որտեղ էլ ներկա պահին դասավանդում է, ինչպես նաև աշխատում է որպես Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների ղեկավար: Հեղինակել է «Հայոց ցեղասպանություն` ամբողջական պատմություն» աշխատությունը: Նա համահեղինակ է նաև ՀԲԸՄ պատմություն եռալեզու երկհատորյակի: Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունենալու համար 2010 թ. արժանացել է ՀՀ Նախագահի հատուկ մրցանակին, իսկ 2015-ին՝ Ֆրանսիայի հանրապետության նախագահի Պատվո Լեգյոնի շքանշանին։

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq