ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳևՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ

Փետրվարի 16-18-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց և իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին՝ բարի ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը նաև ուրախություն հայտնեց ժողովին մասնակցելու հրավիրված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանի ներկայության համար՝ գոհունակությամբ ընդգծելով, որ վերջինս, իբրև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար և ՀԲԸՄ նախագահ, մշտապես իր զորակցությունն է ցուցաբերում Մայր Աթոռին: Ժողովի նիստերն ատենապետեցին Կ. Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովին քննության առնվեցին կանոնական ու կանոնադրական-իրավական, ազգային ու հասարակական, թեմական ու համայնքային, եկեղեցաշինական ու կարգապահական բազմաբնույթ հարցեր:

Առաջին նիստին քննարկվեց Ազգային-եկեղեցական ժողովի և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման հարցը: Զեկույցներով հանդես եկան Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և հիշյալ ժողովների օրակարգային հարցերի նախապատրաստումն իրականացնող, եկեղեցական կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Քննարկումների արդյունքում որոշվեց նախապատրաստական աշխատանքների ժամանակատարությունից ելնելով Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը նախատեսել 2017 թվականին, իսկ 2016 թվականի հոկտեմբերին հրավիրել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով: Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը լսեց նաև Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ամենամյա հիշատակության ծիսական կանոնի խմբագրման հանձնախմբի համակարգող Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի զեկույցը՝ Ցեղասպանության նահատակների ծիսական կանոնի և ապրիլի 24-ին կատարվելիք Բարեխոսական կարգի մասին:

ԳՀԽ անդամներին տեղեկացվեց, որ 2016 թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին և այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ: Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը տեղեկություններ փոխանցեց Ծայրագույն Արևելքի, մասնավորապես՝ Յանգունի, Սինգապուրի, Բանկոկի, Մյանմարի Հանրապետության և Բանգլադեշի Դաքքա քաղաքի եկեղեցական համայնքների մասին: Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության` Բելգիայի, Հոլանդիայի, Իսպանիայի և Իտալիայի եկեղեցական համայնքների մասին զեկույցով հանդես եկավ Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացվեցին նաև Մայր Աթոռում ընթացող բարեկարգման և կառուցապատման աշխատանքները: Հատուկ անդրադարձ կատարվեց Մայր Տաճարի ամրակայման և վերանորոգության աշխատանքների ընթացքին: Նշվեց նաև, որ ընթացիկ տարում կավարտվի Վեհարանի շենքի հիմնանորոգումը և «Էօրնեկեան» դպրոցի նոր մասնաշենքերի կառուցումը:

Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին կատարված աշխատանքների առիթով՝ կարևորելով համայն հայության հոգևոր կենտրոնի բարեզարդմանն ու պայծառությանն ուղղված ջանքերը: Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2015 թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսական հաշվետու զեկույցը:

Ըստ այդմ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Մայր Աթոռում և թեմերում կազմակերպվել են 854 ոգեկոչման և հիշատակի արարողություններ, գիտաժողովներ, սեմինարներ, միջեկեղեցական արարողություններ, խաչքարերի օծումներ, ցուցահանդեսներ և բազմաբնույթ այլ միջոցառումներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության թիվը 742 է, որոնցից 54-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 48-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 40-ը՝ աբեղա, 469-ը՝ քահանա, 131-ը՝ սարկավագ: ՀՀ Զինված ուժերում իրենց ծառայությունն են բերում թվով 51 հոգևոր սպասավորներ: ՀՀ Քրեակատարողական 12 հիմնարկներում իրենց հոգևոր սպասավորությունն են բերում 7 հոգևորականներ:

2015 թ. Մայր Աթոռի բաժիններում աշխատել են 1206 անձեր, Հայաստանի թեմերում և Արցախում` 1359 անձեր:

Մայր Աթոռի հոգևոր, կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 295 սան, որից` 98-ը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, 81-ը՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 43-ը՝ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 31-ը՝ Քահանայից պատրաստման եռամյա լսարանում, 42-ը՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում: «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում ուսանել է 324 աշակերտ: «Էօրնեկեան» մանկապարտեզ հաճախել է 45 մանուկ:

2015 թ. շարունակել են գործել 7 հայորդյաց տները (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Երևանում` Նորք, Մալաթիա և Արաբկիր) և Մանրանկարչության արվեստի կենտրոնը, որտեղ հաճախում են շուրջ 3500 երեխաներ: Տարվա ընթացքում բոլոր հայորդյաց տներում իրականացվել է 282 բազմաբնույթ միջոցառում:

Տարեցտարի ընդլայնվող սոցիալական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցություն է հատկացվել անապահով ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, ծերախնամ կառույցներին, բանտարկյալներին և զինծառայողներին: Հաշվետու տարում Մայր Աթոռի կողմից դրամական և նյութական աջակցություն է ցուցաբերվել 20000 անձի:

2015 թվականին իրենց բնականոն գործունեությունն են շարունակել Մալաթիայի, Արաբկիրի, Նորքի, Էջմիածնի, Վանաձորի բարեգործական ճաշարանները, որտեղ օրական սնունդ է ստացել ընդհանուր թվով 1000 անձ: «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում խնամվում են 14 պատանիներ: Իր գործունեությունը շարունակել է ծավալել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը` անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելով հիվանդներին:

2015 թ. Հայաստանի և Սփյուռքի թեմերում, Հայրապետական պատվիրակություններում օծվել են 21 նոր եկեղեցիներ: Շինարարության և վերանորոգման փուլում են գտնվում 34 եկեղեցիներ: Թեմերի հովանու ներքո գործել են 271 կիրակնօրյա դպրոցներ: Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց ներկայացված զեկույցը՝ ողջունելով իրականացվող լայնածավալ գործունեությունը և Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանն ուղղված նվիրյալ ջանքերը: Ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով և «Պահպանիչ» աղոթքով: