UWC DILIJAN ՔՈԼԵՋՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ (ՀԲԸՄ) ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» (IDEA) ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 20-ին UWC Dilijan քոլեջում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ` նվիրված Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի համագործակցությանը:

ՀԲԸՄ-ի՝ UWC Dilijan քոլեջին կատարված նվիրատվությամբ ձեռք է բերվել «Yamaha C7» ռոյալ, որը համարվում է լավագույն երաժշտական գործիքներից մեկը:

Համերգն ունկնդրելու էին եկել ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը եւ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, UWC Dilijan-ի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, ՀԲԸՄ-ի, UWC Dilijan քոլեջի եւ IDeA հիմնադրամի ղեկավար մարմինների անդամ Նուբար Աֆեյանը, IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը՝ դպրոցի սաների եւ ուսուցիչների, բազմաթիվ այլ հյուրերի հետ միասին:

«Այս երեկո մենք նշում ենք նոր ռոյալի ձեռքբերումը, որը գնվել է ՀԲԸՄ-ի նվիրաբերած միջոցներով: ՀԲԸՄ-ն նվիրաբերություն էր կատարել՝ աջակցելու համար մշակութային, երաժշտական կյանքի զարգացմանը ոչ միայն քոլեջում, այլեւ Դիլիջանում եւ ռեգիոնում»,- նշեց UWC Dilijan դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութը:

ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը, անդրադառնալով ձեւավորված գործակցությանը, նշեց.

«Մեր հաստատությունների նկարագիրը նման է: Երբ մեկնարկում էր UWC Դիլիջանի քոլեջի ծրագիրը, շատերը չէին հավատում, որ այն կիրականանա, անկեղծ ասած՝ ես նույնպես վերապահում ունեի: Եվ երբ այսպիսի հաջողություն եղավ, անշուշտ, մենք էլ մեր փոքր մասնակցությունն ենք բերում: Մեր փոխհարաբերությունները թե IDeA հիմնադրամի, թե քոլեջի հետ շատ սերտ են, եւ բոլորս էլ, վերջին հաշվով, փորձում ենք մեր լավագույնն անել հայրենիքի զորացման համար»:

Նուբար Աֆեյանը, ով ՀԲԸՄ-ի, UWC Dilijan քոլեջի եւ IDeA-ի ղեկավար մարմինների անդամ է, նույնպես գոհունակություն հայտնեց կրթական ոլորտում ստեղծված գործակցության առնչությամբ:

«Ինձ համար ուրախալի է, որ սփյուռքի խոշոր կազմակերպությունն ու երիտասարդ UWC Դիլիջանի քոլեջը գործակցում են այսպիսի ծրագրերի շուրջ: Կրթությունը մեր երկրի, ազգի համար ամենակարեւոր ոլորտն է, այն միշտ կարեւոր ուղղություն է եղել նաեւ ՀԲԸՄ-ի համար, եւ հիմա ՀԲԸՄ-ն աջակցում է Դիլիջանի քոլեջին, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ուսանողներ են սովորում: Կրթություն է, որ միավորում է մեզ, եւ այն առաջընթաց ապահովող ամենաուժեղ գործիքն է»,-նշեց նա:

Քոլեջի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը շնորհակալություն հայտնեց նվիրատուներին աջակցության համար:

«Այս երեկոյի գաղափարը եւ այս հրաշալի երաժիշտների համերգը մեզ համար խորհրդանշական են: Սա խորհրդանշում է մշակութային կյանքի վերածնունդը Դիլիջանում, որն անցյալում շատ հարուստ է եղել: Դիլիջանի հետ են կապվում աշխարհահռչակ այնպիսի երաժիշտների անուններ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանն ու Բենջամին Բրիտենը, ուրիշ այլ հայտնի երաժիշտներ ու արվեստագետներ: Մենք հուսով ենք, որ այս համերգն այդ կյանքի մեկնարկն է, եւ ակնկալում ենք, որ Դիլիջանը կասոցացվի ոչ միայն անցյալի հայտնի անձանց, այլ նաեւ ժամանակակից հանրահայտ անունների հետ», - ասել է նա:

Համերգի ընթացքում հնչեցին Ռոբերտ Շումանի, Ֆելիքս Մենդելսոնի եւ Կլոդ Դեբյուսիի երեք ստեղծագործություններ` Մարինե Կարոյանի (դաշնամուր, UWC Dilijan-ի երաժշտական գծով տնօրեն), Աստղիկ Վարդանյանի (ջութակ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմեյստեր) եւ Գառնիկ Ենգիբարյանի (Պետական օպերայի սիմֆոնիկ նվագախմբի առաջին թավջութակ) կատարմամբ:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq