ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՇՐՋԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ` ՈՂՋՈՒՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հունվարի 19-ին, Հայաստան կատարած իր կարճատև այցի շրջանակներում, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ուղեկցությամբ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի, շրջեց ՀԲԸՄ Հայաստանի նորակառույց կենտրոնատեղիում անձամբ ողջունելու Միության գործընկեր կազմակերպությունները, որոնք վերջերս են տեղափոխվել նոր կենտրոն` միասնաբար իրագործելու հայության հզորացմանն ուղղված ընդհանուր առաքելությունը:

Անցյալ տարվա ապրիլին կայացած պաշտոնական բացումից ի վեր, ժամանակակից կենտրոնը մեկ հարկի տակ համախմբում է հայրենիքի զարգացմամբ ու ուժեղացմամբ մտահոգ մի շարք հզոր կառույցների, որոնք միանման տեսլականով ու գործելաոճով մասնակցում են այսօրվա Հայաստանի կերտմանը:

Շրջայցի առաջին կանգառը «Լույս» հիմնադրամն էր, որն առաջիններից տեղափոխվեց ՀԲԸՄ Հայաստանի նոր շենք: Հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանը պրն. Սեդրակյանին ներկայացրեց անձնակազմը, ներկա և առաջիկա ծրագրերը: Նա նաև գոհունակությամբ նշեց, որ առկա փոխըմբռնումը երկու կառույցների միջև արդեն իսկ բերել է երկու համատեղ ծրագրերի իրականացման. Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի, ՀԲԸՄ-ի, «Լույս» հիմնադրամի և «Այբ» դպրոցի համատեղ իրականացրած «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ» կրթական ծրագիրը և «Տեսնելով անտեսանելին» ժամանակակից արվեստի ցուցադրությունը ՀԲԸՄ կենտրոնատեղիում:

«Լույս» հիմնադրամից պրն. Սեդրակյանն ուղևորվեց դեպի «100 Lives»-ի գրասենյակ, որի անձնակազմը ՀԲԸՄ նախագահին ներկայացրեց կատարված ամենօրյա աշխատանքը` հավաքագրելու Հայոց ցեղասպանության վերապրածների գոյատևման պատմությունները` նշելով, որ ՀԲԸՄ-ն, որպես հայկական սփյուռքի մեծագույն կառույց, չափազանց կարևոր կապ ու անգնահատելի աղբյուր է հանդիսանում իրենց համար:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը պրն. Սեդրակյանին «100 Lives»-ից ուղեկցեց դեմի երրորդ հարկ, որտեղ և տեղակայված է IDeA հիմնադրամը: ՀԲԸՄ Նախագահը ծանոթացավ հիմնադրամի անձնակազմի և Գործառնությունների գծով նորանշանակ տնօրեն Անդրեյ Կորժակովի հետ: Պրն. Մանուկյանը հակիրճ ներկայացրեց հիմնադրամի ներկա ծրագրերը, իսկ վերջում պրն. Սեդրակյանին նվիրեց Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու վերանորոգման ծրագրի շրջանակներում IDeA հիմնադրամի կողմից տպված երեք գիրք:

Շրջայցի վերջին հանգրվանը Impact Hub Երևանն էր, որը զբաղեցնում է ՀԲԸՄ շեքի 5-րդ հարկը: Impact Hub-ն անդամության սկզբունքով մեկ հարկի տակ է հավաքել հայաստանյան և համաշխարհային առաջատար կառույցների, ձեռնարկությունների, անհատների ու startup ընկերությունների: Պրն. Սեդրակյանին և պրն. Յակուբյանին դիմավորեց Impact Hub Երևանի համահիմնադիր Վահե Քոշկերյանը, ով ուղեկցեց նրանց դեպի տարբեր գրասենյակային տարածքներ` ներկայացնելով բոլոր ներկա ընկերություններն ու միաժամանակ պատմելով այս նոր ձևաչափով գործունեություն ծավալելու գաղափարի ծնունդի ու իրականացման մասին:

Պերճ Սեդրակյանը և Վազգեն Յակուբյանն այնուհետև վերադարձան 4-րդ հարկ, որտեղ և գտնվում է ՀԲԸ Միության Հայաստանի գրասենյակը: Այս շրջայցը ևս մեկ անգամ հաստատեց, որ ՀԲԸՄ-ի և գործընկեր կառույցների միջև առկա է հետագա համագործակցության հսկայական ներուժ:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2016 Նորություններ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՇՐՋԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻՈՒՄ` ՈՂՋՈՒՆԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: