{source}<iframe width="350"height="200"src="http://www.youtube.ru/embed" />

«ԵՍ ՍԻՐԵՑԻ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ»

 

 

 

 

 

 

ՀԲԸՄ սկաուտական համազգեստն այս տարի առանձնանում էր նախորդներից. կարևոր հավելում ուներ` անմոռուկը: Այն կրելը ցանկալի էր, բայց ոչ պարտադիր: Եվ չնայած այն փաստին, որ «Անդրանիկ» ամենամյա սկաուտական բանակումի մասնակիցները Հայաստան էին ժամանել տարբեր երկրներից, նրանք բոլորը մեկ մարդու նման իրենց պարտք էին համարել կրել այն:

Ութերորդ անգամ Լոռու մարզը հյուրընկալեց ՀԲԸ Միության աշխարհասփյուռ սկաուտներին: Ավելի քան 150 պատանիներ ու աղջիկներ ԱՄՆ-ից, Լիբանանից, Վրաստանից, ԱՄԷ-ից, Սիրիայից ու Հայաստանից կրկին անգամ հավաքվեցին իրենց սիրելի բանակավայրում:

Արդեն ավանդաբար, բացման արարողությանն իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը. «Երանելի եք դուք, որ հայրենիքը տեսնում եք ձեր աչքերով: Սա հայրենաճանաչության լավագույն ուղին է: Հայրենաճանաչությունը ոչ միայն պատմության դասագրքերից պետք է քաղենք, այլ ռեալ, իրական կյանքով, ապրված կյանքով, քայլելով մայր հայրենիքի հողի վրա, գյուղերով ու քաղաքներով, ըմբոշխնելով մշակույթը, ճանաչելով ժողովրդին: Կօրհնեմ ձեզ ամենքիդ և կմաղթեմ բարի բանակում»:

Սկաուտներին ողջունեցին նաև ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումի ընդհանուր պատասխանատու Գևորգ Սանթուրյանը և ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը:

«Մտերմությունը, որ ստեղծվում է այս օրերի ընթացքում տարբեր երկրներից ժամանած մեր հայրենակիցների միջև հայրենի հողի վրա ամենակարևորն է ու ամենաարդյունավետը: Մեր աշխատանքի ու նվիրվածության յուրաքանչյուր վայրկյանը հատուցվում է, երբ այս երիտասարդներն արտաբերում են 1-2 կարևոր նախադասություն. ես սիրեցի իմ հայրենիքը, ես պատրաստվում եմ կրկին վերադառնալ Հայաստան», - ասում է Գևորգ Սանթուրյանը:

Տարվա խորհուրդը հաշվի առնելով այս անգամ կազմակերպվել էր հանդիպումների ու քննարկումների շարք` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ու հետագա անելիքներին: Աշխարհի տարբեր ծայրերից հայրենիքում ամառն անցկացնող երիտասարդները միակարծիք են` Ցեղասպանության 101-րդ տարում զգացումը չի փոխվի, քանի արդարությունը չի վերականգնվել:

Ծրագրի շրջանակներում ճամբարականներն այցելեցին Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Սևան, Հաղպատ, Գոշավանք և Գոշի լիճ, Գյումրի, Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, Կոմիտասի թանգարան: Կազմակերպվեց նաև այցելություն ՀԲԸՄ-ի և Հայկական վիրտուալ համալսարանի Երևանյան գրասենյակներ, ինչպես նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի հայորդյաց տուն:

Ամբողջական հոդվածն ընթերցելու համար, սեղմե՛ք այստեղ: