{source}<iframe width="350"height="200"src="http://www.youtube.ru/embe" />

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼԸ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

 

 

 

Ամանորի և Սբ. Ծննդյան տոներին ընդառաջ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) հաճելի անակնկալ էր պատրաստել 1200 տարեցների և երեխաների համար: Երկու օր շարունակ, դեկտեմբերի 28-ին և 29-ին, ՀԲԸՄ Հայաստանի անձնակազմը և ՀԲԸՄ Երևանի սկաոտական շարժման անդամներն ամանորյա սննդով լի փաթեթները հասցրին Երևանում գործող ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երեք բարեգործական ճաշարաններից օգտվող ավելի քան 600 անապահով թոշակառուների: Նվերներով լի փաթեթներ ստացան նույնիսկ նրանք, ովքեր առողջական կամ այլ պատճառներով ներկա չէին ճաշարաններում: ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի` Նոր Նորքի, Արաբկիրի և Մալաթիայի բարեգործական ճաշարաններն արդեն 20 տարի շարունակ ավելի քան 600 անապահով թոշակառուների ապահովում են ամենօրյա սնունդով:

Դեկտեմբերի 29-ին, ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում, որտեղ արդեն ամիսներ շարունակ գործում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն, Միությունն ամանորյա անակնկալ էր պատրաստել Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների 6-13 տարեկան 600 երեխաների համար: Կենտրոնում կազմակերպվեց ուրախ տոնական միջոցառում` հրավիրված ծաղրածուների, մուլտֆիլմերի հերոսների և իհարկե Ձմեռ Պապի ու Ձյունանույշի մասնակցությամբ: Այդ օրը սիրիահայ երեխաներին ամանորյա նվերներ հանձնեցին նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) և ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակը (UNHCR).