ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ

Հայկական սկաուտական դավանանքի կետերից մեկն ասում է` սկաուտը միշտ օգնում է ուրիշներին: Հենց այս գաղափարախոսությամբ էլ ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամներն արդեն տարիներ շարունակ կազմակերպում են բարեգործական այցեր դեպի Գյումրի` օգնելու տեղի կարիքավոր բնակչությանն ու նրանց պարգևելու տոնական տրամադրություն:

Նախապես հայտարարված բարեգործական նվիրատվությունների մի քանի շաբաթների արդյունքում հավաքված հագուստը, սնունդն ու խաղալիքները դեկտեմբերի 13-ին ՀԲԸՄ սկաուտները հասցրին Գյումրի: Չնայած որ աղետալի երկրաշարժից անցել է 27 տարի, ցավոք, դրա տխուր հետևանքներն իրենց մասին հիշեցնում են առ այսօր:

Սկաուտ-արենուշներն այցելեցին Գյումրիի 70 ընտանիքների, որոնցից շատերը դեռևս բնակվում են վագոն-տնակներում, և հանձնեցին նախապես պատրաստված հագուստն ու սննդի կապոցները, որոնք ներառում էին ալյուր, շաքարաավազ, մակարոնեղեն, ձեթ և բրինձ: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը կշարունակի իր աենամյա այցելությունները Գյումրի այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ կան օգնության կարիք ունեցող ընտանիքներ: