ԲԵԼԳԻԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԱՅՑԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԵՆՏՐՈՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համաժողովի շրջանակներում, Հայաստան էր ժամանել Բելգիայի Վալոնիա-Բրյուսել դաշնության նախարար-նախագահ Ռուդի Դեմոտը: Նախարարն այցելեց ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում գործող «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ գրասենյակ` ծանոթանալու Հայաստանում փախստականների խնդիրների լուծման մեթոդներին: Բելգիացի նախարարը վստահ է. թե իրենց երկրում, թե Հայաստանում փախստականների խնդիրները գրեթե նույնն են և դրանք շուտափույթ լուծում են պահանջում:

Հայաստանում այսօր շուրջ 16.000 սիրիահայ կա: Նրանցից 9000-ը այս կենտրոնի շահառուներ են, որտեղից տարիներ շարունակ ստանում են բազմակողմանի աջակցություն` բնակարանային հարցերի լուծումից մինչև բժշկական օգնություն և ուսման վարձերի փոխահատուցում: Այս ամենն իրականացվում է ՀԲԸ Միության աջակցությամբ:

Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, որը մանրամասն ներկայացրեց սիրիահայության ինտեգրման հետ կապված բոլոր խնդիրներն ու մարտահրավերները:

Բելգիացի հյուրը փախստականների պատմությունները գերադասեց լսել անձամբ սիրիահայերից, որոնցից ոմանք ներկա էին հանդիպմանը և երկար ու հետաքրքիր զրույցի բռնվեցին Բելգիացի քաղաքական գործչի հետ:

«Կարծում եմ 3 տարի անց ամեն ինչ հունի մեջ կընկնի: 3 տարի առաջ եկածներն արդեն լիովին ինտեգրվել են Հայաստանին: Առկա հարցերն էլ մենք մեր ուժերով, կառավարության և ՀԲԸՄ-ի աջակցությամբ, կհոգանք», - ասում է կենտրոնի ներկայացուցիչ Նորա Փիլիպոսյանը: «Անշուշտ Հայաստանը միայնակ չի կարող լուծել այս մեծ խնդիրը, շատ կարևոր է երկխոսությունը Եվրոպայի հետ և այնպիսի գերտերության հետ ինչպիսին է Ռուսաստանը: Խնդիրը նաև բազմակողմանի լուծում կարող է ստանալ եթե, օրինակ, ֆրանկոֆոնիայի մեծ կառույցը ևս ներգրավվի դրա լուծման մեջ», - ասաց Ռուդի Դեմոտը:

Բայց փախստականների խնդիրների լուծման հիմքը քաղաքական հենքի վրա է. Բելգիացի հյուրը վստահ է. խնդիրը վերջնական կլուծվի, երբ դադարի պատերազմը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq