ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ. ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

«Երդվում եմ պատվովս` հավատարիմ լինել Աստծուս, ազգիս և ընտանիքիս» Յուրաքանչյուր սկաուտի կյանքում կարևորագույն նշանակություն ունեցող այս երդումը տալու հնարավորությունը սկաուտական կյանքի ամենահուզիչ և պատասխանատու պահերից մեկն է:

Նոյեմբերի 22-ին, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի բոլոր անդամները` ամենափոքրից մինչև ամենամեծ, իրենց ընտանիքների, ընկերների և բարեկամների հետ միասին հավաքվել էին Միության Վահե Կարապետյան կենտրոնի բակում` Սկաուտական հերթական երդման արարողությանը:

Այս արարողությունն առանձնացավ կենտոնի բակի գեղեցիկ սկաուտական ձևավորմամբ և բանակումների անբաժան մասը կազմող խարույկով` որն ավելի ուժեղ սկսեց բոցավառվել նոր երդված սկաուտների կողմից ավելացված փայտերի շնորհիվ: Խարույկին փայտ ավելացնելը խորհրդանշական էր` Սկաուտական խմբի հզորության և լիարժեքության համար կարևոր է յուրաքանչյուր սկաուտ, ինչպես խարույկի համար կարևոր է փայտի յուրաքանչյուր կտոր:

Երևանի սկաուտական խմբի անդամներին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար եղբայր Հովիկ Եորդեկյանը և Երևանի սկաուտական խմբի ատենապետուհի քույր Հերմինե Դուզյանը:

Երդման արարողությունը վարեց եղբայր Սարօ Թադիոսը: Ներկա էին նաև Սկաուտական խորհդի անդամները: Արարողությունը եզրափակվեց ՀԲԸՄ Սկաուտական փողերախմբի ելույթով: