ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ջ. Ջերջյանի «Լուսարձակում մեկ դար անց» ֆիլմը ցուցադրվեց ՀԲԸՄ Երևանի դահլիճում

Նոյեմբերի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) բացվեց «Արևմտյան Հայաստանը Դիլդիլյանների և Գևորգ Ջերջյանի ֆոտոխցիկով» լուսանկարչական ցուցահանդեսը: Դիլդիլյան ընտանիքի մի քանի սերունդ զբաղվել է լուսանկարչությամբ: Նրանց լուսանկարչական հավաքածուն ներառում է ավելի քան 600 լուսանկար` արված 1880-1923թթ. Արևմտյան Հայաստանի ու Փոքր Ասիայի տարբեր բնակավայրերում: Դրանց մեջ առանձին տեղ են զբաղեցնում Հայոց ցեղասպանության սարսափելի դրվագներն ու դրանց հետևանքները պատկերող լուսանկարները:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Ցոլակ Դիլդիլյանի թոռը` Քոնեքթիքութի համալսարանի պրոֆեսոր, ամերիկաբնակ Արմեն Մարսուբյանը, որի ջանքերով այս լուսանկարները ցուցադրվել են նաև Լոնդոնում ու Անկարայում:

Գևորգ Ջերջյանը կարինցի բժիշկ էր: Արևմտյան Հայաստանում շրջագայելիս նա շուրջ 240 լուսանկար է արել, որոնցից պահպանվել են միայն 100-ը: 2014թ. Ջերջյանի թոռը` լոնդոնաբնակ Ջորջ Ջերջյանն իր պապի հավաքածուն, այլ արժեքավոր փաստաթղթերի հետ միասին նվիրաբերեց Հայոց ցեղասպանության թանգարանին:

Դեկտեմբերի 17-ին, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը կազմակերպեց նաև Ջորջ Ջերջյանի «Լուսարձակում մեկ դար անց» ֆիլմի ցուցադրությունը ՀԲԸՄ Երևանի կենտրոնի դահլիճում: Այդ վավերագրական ֆիլմը, որը պատմում է Գևորգ Ջերջյանի արած լուսանկարների մասին, արժանացել է Լոս Անջելոսի ARPA կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ և Տորոնտոյի Pomegranate կինոփառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակներին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

end faq