ՀԲԸՄ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՆՈՐՔԻ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՍԱՆԵՐԸ ՄԱՐՍԵԼՈՒՄ

Մեկ տարի առաջ ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի ատենապետ Պատրիկ Մալաքյանի և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ու ՀԲԸ Միության Նորքի հայորդյաց տան միջև ծրագրվեց իրականացնել նախագիծ` նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին, որը պետք է ներկայացվեր Մարսել քաղաքում: Երկարատև համատեղ ու մանրակրկիտ կատարված աշխատանքի արդյունքում ստեղծվեց ներկայացումը` «Հավերժություն» վերնագրով:

Բեմադրության մասնակիցները 59-ն էին, որտեղ ՆՀՏ-ի սաներից բացի ընդգրկված էին նաև մանկավարժները: Մեկ ու կես ժամ տևողությամբ ներկայացման մասնակիցները «Հայկազունք» ազգագարական երգ ու պարի, Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի և պարային դպրոցի սաներն էին` 6-22 տարեկան: Բեմադրությունն իրականացվեց Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնի դերասան և ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի, ՆՀՏ-ի պարային դպրոցի և «Նարեկ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանի և ՀԲԸՄ Մարսելի ատենապետ Պատրիկ Մալաքյանի հետ` համատեղ ծավալված աշխատանքի արդյունքում: 67 հոգանոց խումբը մեկնեց Ֆրանսիա նոյեմբերի 26-ին և վերադարձավ դեկտեմբերի 1-ին: Իսկ նոյեմբերի 28-ին «Հավերժությունը» ներկայացվեց Մարսելի Կոնգրեսի Պալատի դահլիճում: Ժամանակահատվածը համընկավ Փարիզում կատարված ոճրագործության հետ, այդ իսկ պատճառով էլ այն ստացավ իր երկրորդ հնչեղությունը, այն է` «ոչ ահաբեկչությանը»: «Հավեժություն»-ը բուռն արձագանք ստացավ ոչ միայն Մարսելի, այլ նաև Երևանի հանդիսատեսի կողմից, այն արտահայտեց նոր խոսք և նոր ոճ: