ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԲԸՄ ԵՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Ուսուցչի օրվա կապակցությամբ, ընդունեց Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների 140 մանկավարժների` ուղեկցությամբ Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի:

Մանկավարժների անունից երախտիքի խոսք ասաց Հայր Կոմիտասը` նշելով, որ մանկավարժները մեկտեղվել են Սբ. Էջմիածնում ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի պատգամն ու նրա օրհնությամբ առավել խանդավառվելու և զորանալու իրենց առաքելության մեջ:

Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Հայր Կոմիտասին, ապա նաև Հայորդյաց տների տնօրեններին ու մանկավարժներին իրենց բերած նվիրյալ և ջանադիր ծառայության համար: «Մենք մշտապես հետևում ենք Հայորդյաց տների աշխատանքներին և ուրախություն ենք ապրում այն հաջողություններով, որոնք արձանագրվում են Հայորդյաց տների հարկից ներս»,- ասաց Վեհափառը` հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում հայորդյաց տներ կբացվեն նաև Հայաստանի խոշոր բնակավայրերում, որտեղ մեր պատանի հայորդիները կզորացնեն իրենց շնորհներն ու ձիրքերը, կստանան հոգևոր դաստիարակություն: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ հայորդյաց տների մանկավարժների առաքելությունն է կերտել հայրենասեր ու հայրենանվեր անհատների, Եկեղեցու արժանավոր զավակների:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստծու Ս. Աջը հովանի և պահապան լինի մանկավարժներին, իսկ Հայորդյաց տները շարունակեն իրենց վերելքի և ծաղկման ուղին: Այսօր Երևանի, Գյումրիի, Էջմիածնի, Վանաձորի, Աշտարակի թվով ութ հայորդյաց տներ հաճախում են հինգ հազար մանուկներ և պատանիներ: Հայորդյաց տներում պաշտոնավարում է 330 մարդ, նրանցից 149-ը մանկավարժներ են: