ԳՐՈՂ ԵՎ ՊԱՏՄԱԲԱՆ ՋՈՐՋ ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հյուրընկալեց պատմաբան և գրող Ջորջ Բուռնությանին: Իր դասախոսությունը Բուռնությանը կիսել էր երկու մասի, որոնցից յուրաքանչյուրում խոսեց Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի պատմության մասին:

Առաջին մասը նվիրված էր ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի սպանությանը Թեհրանում, ինչպես նաև Իրանի արքայազնի` Ռուսաստանի Նիկոլայ Թագավորի ներողամտությունը հայցող նամակին ու նվերներին: Իրանական պատվիրակությունն այն ժամանակ անցավ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի տարածքով: Բուռնությանը խոսեց արևելյան Հայաստանի` Իրանից Ռուսաստանին անցնելու մասին, ինչպես նաև ճանապարհորդական մատյանի մասին, որպես այդ ժամանակահատվածում (1829թ.) Կովկասի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերի մասին վկայող կարևորագույն փաստաթղթի: Դասախոսության երկրորդ մասն ավելի շատ կենտրոնանում էր Շեքի (1819), Շիրվան (1820), Ղարաբաղ (1823) և Երևան-Նախիջևան (1828-1832) խանությունների մասին հազվագյուտ ռուսական ուսումնասիրությունների վրա, որոնք պատմում էին իրանական տիրապետության ժամանակ Անդրկովկասի բնակչության, հողաշինարարության և հարկերի մասին:

Ջորջ Բուռնությանը ծնվել է 1943թ. Իրանում: Հաստատվել է ԱՄՆ-ում 1964-ին: Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի պատմության բնագավառում իր դոկտորական կոչումը ստացել է Լոս Անջելոսի Կալիֆորնիայի Համալսարանում (UCLA) 1976-ին, որից հետո դասավանդել է որպես հրավիրյալ դասախոս մի շարք համալսարաններում` ներառյալ Կոլումբիայի, Նյու Յորքի, Թաֆթս համալսարանները, Լոս Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանը, Ռութգերս համալսարանը, Քոնեքթիքութի համալսարանը և Կալիֆորնիայի պետական համալսարանը Ֆրեզնոյում:

Ներկայումս նա պատմության ավագ դասախոս է Նյու Յորքի Այոնա համալսարանում: Նա հեղինակ և թարգմանիչ է 30 գրքերի և 30-ից ավել գիտական հոդվածների: Նրա «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» գիրքը, որն արդեն 6-րդ անգամ է հրատարակվում, առաջին ամբողջական միահատոր աշխատությունն էր հայ ժողովրդի պատմության մասին անգլերեն լեզվով: Այն այժմ օգտագործվում է որպես դասագիրք ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի մի շարք կրթական հաստատություններում: Այն թարգմանվել է թուրքերեն, արաբերեն, իսպաներեն, հայերեն և ռուսերեն լեզուներով: Գրքի ճապոներեն տարբերակը լույս կտեսնի մինչև տարեվերջ, իսկ պարսկերենն այժմ թարգմանության փուլում է:

Բուռնությանն առաջին անգամ Հայաստան այցելել է 1968թ.-ին, որից հետո ավելի քան 20 անգամ: