ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ INALCO-Ի ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հայկական Վիրտուալ Համալսարանի ակադեմիական տնօրեն Դր. Հասմիկ Խալափյանը ներկայացրեց ՀՎՀ-ն միջազգային համաժողովին, որը կրում էր ՙՆորարարության խթանումը կրթության մեջ. արևմտահայերեն լեզվի ուսուցման առջև ծառացած մարտահրավերները 21-րդ դարում` խորագիրը: Համաժողովը կազմակերպվել էր Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտի (INALCO) համատեղ ուժերով: Համաժողովը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին և 22-ին Փարիզում, համախմբել էր աշխարհի տարբեր ծայրերից եկած կրթական ոլորտի մասնագետների, ուսուցիչների և գիտական աշխատողների մի կարևոր հարցի շուրջ. այն է` նոր շունչ տալ արևմտահայերեն լեզվի ուսուցմանը և այն փոխանցել սերնդե-սերունդ:

Դր. Հասմիկ Խալափյանը հանդես եկավ ուշագրավ ելույթով, որը վերնագրված էր` «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը արևմտահայերեն լեզվի դասավանդման մեջ. Հայկական Վիրտուալ Համալսարանի ներդրումը այս հարցում»: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ անհրաժեշտ է ընդունել ավագ և երիտասարդ սերունդների մոտ գոյություն ունեցող ուսուցման ոճերի տարբերությունը և այսօրվա երիտասարդ սերնդին ուսուցման նոր, ավելի արդիական մոտեցում ցուցաբերել` ըստ սովորողի ցանկության: Իր ելույթում զուգակցելով համաշխարհային օնլայն ուսուցման վերաբերյալ իր տեսական եզրակացությունները, վիճակագրական տվյալները և ՀՎՀ-ի փորձառությունն այս ոլորտում` Դր. Խալափյանը փաստեց, որ նորագույն տեխնոլոգիաները կարող են լուծում տալ այս խնդրին` նպաստելով արևմտահայերեն լեզվի վերականգնմանը և այն փրկելով ոչնչացումից: