ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ 2015-ԻՆ ԵՎ ԱՐՄԹԵՔ 2015 ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հոկտեմբերի 2-4-ը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) մասնակցեց ԴիջիԹեք Էքսպո 2015-ին, որը տեղի ունեցավ «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: ՀՎՀ-ն ցուցադրեց օնլայն ուսուցման բնագավառի իր ձեռք-բերումները` շեշտադրելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ մշակած օնլայն շախմատի ծրագիրը:

Հոկտեմբերի 3-ին ցուցահանդեսին ներկա գտնվեց նաև նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Նախագահը կանգ առավ ՀՎՀ տաղավարի մոտ և ծանոթացավ շախմատի օնլայն ուսուցման նորարարական գործիքներին, ծրագրի մուլտիմեդիա առանձնահատկություններին և ուսուցման արդի մեթոդներին: ՀՎՀ-ի տաղավար այցելեցին նաև հայտնի շախմատիստներ Տիգրան Պետրոսյանը և Ռաֆայել Վահանյանը: Այցելուները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ծրագրի նկատմամբ` հա-վաստելով, որ այն փայլուն հավելում է Հայաստանի միջնակարգ դպրոցների տարրական դասարաններում շախմատը որպես պարտադիր առարկա ներմուծելու պետական քաղաքականությանը:

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում ՀՎՀ-ի տաղավարը գրավեց մեծ թվով երիտասարդ մասնագետների, ուսանողների և մանկահասակ երեխաների ծնողների ուշադրությունը: Ուսումնական նյութում կիրառված մուլտիմեդիա հնարավորությունները, ինտերակտիվ գլուխկոտրուկները և վարժությունները, նյութի մատուցման մատչելիությունը գրավեցին այցելուների հետաքրքրությունը, և շատերը տեղում արձանագրվեցին դասընթացին:

Ցուցահանդեսին մասնակցեցին ցանցային համակարգերի, հեռահաղորդակցության, ՏՏ ծառայությունների, համացանցի կիրառական ծրագրերի, տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման բնագավառներում մասնագիտացած շուրջ 170 տեղական և արտասահմանյան տեխնոլոգիական արդյունաբերության ընկերություններ:

Հոկտեմբերի 12-ին և 14-ին Երևանում տեղի ունեցավ ԱրմԹեք-2015 համաժողովը, որին իր մասնակցությունը բերեց նաև Հայկական Վիրտուալ Համալսարանը: ԱրմԹեք համաժողովը շահույթ չհետապնդող գլոբալ ցանց է, որի նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը և այն դարձնել գլոբալ ճանաչելի: Հայկական Վիրտուալ Համալսարանի ակադեմիական տնօրեն Դր. Հասմիկ Խալափյանը համաժողովին հանդես եկավ իր ելույթով, որը կրում էր ՙՆորագույն տեխնոլոգիաները հայկական կրթության մեջ. Հայկական Վիրտուալ Համալսարանի ներդրումն այս հարցում՚ խորագիրը:

Ներկայացնելով Հայկական Վիրտուալ Համալսարան ստեղծելու գաղափարը` Հասմիկ Խալափյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հայ երիտասարդ սերնդի մոտ ուսուցման ավանդական մեթոդներով երկրի պատմությունը և լեզուն սովորելու նկատմամբ հետաքրքրությունը գնալով նվազում է: Մյուս կողմից, չնայած ամբողջ աշխարհում օնլայն կրթության ոլորտում տեղի ունեցող արագ զարգացումներին, հայկական կրթական ծրագրերը լիարժեքորեն չեն օգտվում օնլայն կրթության պոտենցիալ առավելություններից:

Հայկական Վիրտուալ Համալսարանը ստեղծվել է կրթության և սոցիալական ներառման ոլորտի գլոբալ մարտահրավերներին ընդառաջ գնալու նպատակով: Դր. Խալափյանն իր խոսքում նշեց, որ ՀՎՀ-ն, օնլայն կրթության ոլորտում ունենալով ավելի քան վեց տարվա փորձառություն, կարող է հանդիսանալ անընդմեջ զարգացող այս խնդրի լուծումը: