ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԻՆ

Հոկտեմբերի 4-ին, Երևանում անցկացվեց վազքի առաջին միջազգային կիսամարաթոնը: Երևանյան առաջին կիսամարաթոնի կազմակերպիչներն էին «Երևանի կիսամարաթոն» նախաձեռնությունը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և Երևանի քաղաքապետարանը, որոնք սահմանել էին կիսամարաթոնի 4 մրցատարածություն` 21 կմ և 10 կմ` փորձված վազորդների համար, 2 կմ և 1 կմ` սկսնակների և երեխաների համար: Վազքուղիները տարանջատված էին, ինչը հնարավորություն տվեց ապահովել առավելագույն քանակով մասնակիցներ` անկախ տարիքից և ֆիզիկական պատրաստվածությունից ու կարողություններից:

Կիսամարաթոնը մաս էր կազմում Էրեբունի-Երևան տոնակատարության: Միջոցառման նպատակն էր խթանել առողջ ապրելակերպն ու մարզական տուրիզմը Երևանում: Կիսամարաթոնին մասնակցեցին մեծ թվով օտարերկրյա հյուրեր, որոնցից շատերը հենց այդ նպատակով էին ժամանել Հայաստան:

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակի թիմը, հանձինս աշխատակազմի ու ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամների, նույնպես իր մասնակցությունը բերեց Երևանի առաջին կիսամարաթոնին, որն իսկական տոն էր Երևանի ու Երևանցիների, ինչպես նաև դրսից ժամանած հյուրերի համար:

Բարեգործական միջոցառմանը մասնակցեցին բազմաթիվ անհատ վազորդներ, ընկերությունների, կազմակերպությունների, հ/կ-ների, հիմնադրամների ներկայացուցիչներ, կրթական հաստատություններ ու հիմնարկներ, ընտանիքներ ու հաշմանդամություն ունեցող անհատներ: Երևանյան առաջին կիսամարաթոնն անցկացվեց Երևանի կենտրոնական փողոցներում:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: