ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԶՈՒԼՈՒՄ ԵՎ ՄՈՒՇԵՂ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ «ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավելի քան երեք տարի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն (ՀԲԸՄ) աջակցում է դժվարին կացության մեջ հայտնված սիրիահայությանը: Սիրիայում ընթացող պատերազմի սկզբից ի վեր ՀԲԸ Միությունն առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց մեր հայրենակիցներին երեք տարբեր ուղղություններով` Սիրիա, Լիբանան և Հայաստան: Այս ընթացքում սիրիահայության աջակցության ծրագրերին ՀԲԸՄ-ն տրամադրել է ավելի քան 2,5 միլիոն ԱՄՆ դոլար:

Հոկտեմբերի 22-ին, սիրիահայության աջակցության ծրագրի շրջանակներում, ՀԲԸՄ-ն կազմակերպեց ՀՀ ժողովրդական արտիստ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանի և նրա որդու` գեղանկարիչ Մուշեղ Գրիգորյանի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք: 85-ամյա ժողովրդական նկարիչն ու արվեստում նրան հետևող որդին իրենց 57 աշխատանքները ներկայացրին արվեստասերներին: «Կամուրջ» խորագրով բարեգործական ցուցահանդեսի հասույթն ուղղվեց ՀԲԸՄ-ի սիրիահայության օգնության ծրագրերին:

«Գաղափարը վաղուց էր ծնվել: Անընդհատ մտածում էի, թե ինչ կազմակերպության դիմեմ, մինչև ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց դիմել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը: Ես ինքս մոտեցա նրանց, զրուցեցինք ու շատ հաճելի էր, որ այս ամենը լավ արձագանք գտավ: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՀԲԸ Միության Երևանյան գրասենյակի ղեկավարներին ու աշխատակիցներին, որոնք շատ ջերմ ու բարձր մակարդակով կազմակերպեցին այս ցուցահանդեսն ու այն վերջապես դարձավ իրականություն», - ասաց Մուշեղ Գրիգորյանը: «Կամուրջ» անվանումը պատահական չէր ընտրված: Սա կամուրջ է Հայաստանի և սփյուռքի միջև, երբ մի կողմն օգնության ձեռք է մեկնում դժվարին կացության մեջ հայտնված մյուս կողմին: Սփյուռքը բազմիցս օգնել է Հայաստանին, այժմ Հայաստանի հերթն է աջակցել սփյուռքի մեր հայրենակիցներին: Սա նաև կամուրջ է երկու սերունդների միջև` 85-ամյա Զուլումի և նրա որդու` Մուշեղի:

«ՀԲԸՄ-ն սիրիահայության աջակցության բազմաբնույթ ծրագրեր է իրականացնում, ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում: Դրանք հիմնականում մարդասիրական բնույթի են, բայց մենք նաև իրականացնում ենք տարատեսակ մշակութային միջոցառումներ` աջակցելու համար սիրիահայերին: Արվեստի և բարեսիրության համատեղումը շատ հետաքրքիր արդյուքներ կարող է տալ: Հուսով ենք, որ այս համագործակցությունը շարունակական կլինի», - ասաց ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԶՈՒԼՈՒՄ ԵՎ ՄՈՒՇԵՂ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ «ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: