«ՀՈՒՅՍ» ԳՅՈՒՄՐԻԻ ՇԵՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ

Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելությունը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն ու «Հույս» Գյումրիի շենացման ծրագիրը դեկտեմբերի 8-ին Գյումրիում անցկացրին համատեղ ֆորում` քաղաքի ներկայիս վիճակի և հետագա զարգացման գործողությունների ծրագրերի վերաբերյալ, որին մասնկացեցին կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, հասարակական ու միջազգային կազմակերպություններ, այդ թվում ՀԲԸ Միությունը և շահագրգիռ այլ կառույցերի ներկայացուցիչներ` քննարկելու Գյումրու տնտեսական, կրթական, սոցիալական և բիզնես միջավայրի զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև առաջարկելու լուծումներ, որոնք կնպաստեն քաղաքի ենթակառուցվածքների բարելավմանը:

«Հույս» Գյումրիի շենացման ծրագիրը ծնվել է Քոլոլյան հիմնադրամի անցկացրած արտագաղթի պատճառներին վերաբերող հետազոտության արդյունքում, որից պարզվել էր, որ Հայաստանի քաղաքների շարքում Գյումրին արտագաղթի ամենաբարձր մակարդակն ունի:

«Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է Գյումրու զարգացումը: Հիմնադրամի գործընկերներ են` Վահան Քոլոլյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը (IDeA) և Հայ օգնության միությունը (ՀՕՄ):

Առաջիկա ամիսներին «Հույս» Գյումրիի շենացման ծրագիրը կաշխատի տարբեր շահագրգիռ խմբերի հետ` մշակելու Գյումրու բազմակողմանի զարգացման համապարփակ ու երկարաժամկետ մի ծրագիր, կենտրոնանալով քաղաքի ենթակառուցվածքների, բնակարանաշինության, կրթության ու մշակույթի, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտների վրա: Այդ ծրագիրը Գյումրու վերակառուցման շուրջ կհամախմբի բոլոր կազմակերպություններին ըստ այդմ ծրագրելու Գյումրու վերածննդի հաջորդ տասնամյակի իրենց աշխատանքները: